Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 3, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում վերաքննիչ դատարանը բեկանեց JW.ORG կայքն արգելելու որոշումը

Ռուսաստանում վերաքննիչ դատարանը բեկանեց JW.ORG կայքն արգելելու որոշումը

2014 թ. հունվարի 22-ին Տվեր քաղաքի մարզային դատարանը՝ երեք դատավորներից բաղկացած կազմով, բեկանեց ստորին ատյանի վճիռը, որի համաձայն՝ արգելք էր դրվում Եհովայի վկաների պաշտոնական կայքի՝ jw.org-ի վրա։ * Վերջին տարիներին Ռուսաստանի դատարանների կայացրած այլ վճիռներին հակառակ՝ մարզային դատարանը կիրառեց օրենքի գերակայության սկզբունքը՝ չնայած դատախազի՝ կայքը արգելքի տակ դնելու ջանքերին։

Ռուսաստանում Եհովայի վկաների դեմ սպառնալիքները և հետապնդումները, որոնք հրահրվում էին իշխանությունների կողմից, նոր թափ առան 2013-ի օգոստոսի 7-ից, երբ Տվերի ստորին ատյանի դատարանը, որ գտնվում է Մոսկվայից 160 կիլոմետր հյուսիս-արևմուտք, ընդամենը 25 րոպե տևած դատավարությունից հետո կայքի վրա արգելք դնելու մասին վճիռ կայացրեց։ Եհովայի վկաների ներկայացուցիչները չէին ծանուցվել դատավարության մասին, և նրանց հնարավորություն չէր տրվել պատասխանել դատախազի ներկայացրած մեղադրանքներին և ի պաշտպանություն փաստարկներ ներկայացնել։ Եհովայի վկաները արգելքի վերաբերյալ վճռի մասին տեղեկացել են լրատվական միջոցներից 2013-ի սեպտեմբերի 12-ին՝ վճիռը բողոքարկելու վերջնաժամկետը լրանալուց ընդամենը ժամեր առաջ։ Նրանք անմիջապես բողոք ներկայացրին Տվերի մարզային դատարան։

Բողոքի քննության օրը՝ 2014-ի հունվարի 22-ին, մարզային դատարանը սահմանեց, որ խախտվել են կայքի սեփականատիրոջ՝ Աստվածաշնչի և թերթիկի «Դիտարան» ընկերության (Նյու Յորք) իրավունքները, և նշանակեց նոր դատաքննություն՝ լսելու երկու կողմերին։ Դատախազը, որին թիկունք էին կանգնում Արդարադատության նախարարության և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, դատարանին խնդրեց կայքը հայտարարել ծայրահեղական և արգելել ողջ Ռուսաստանում։ Մարզային դատարանը մերժեց դատախազի փաստարկները։

Ամբողջ երկրով հետապնդումների ալիք բարձրացավ. ծայրահեղականության մասին օրենքը անհիմն կերպով կիրառվում է Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակելու համար։ 2009-ից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունները ծայրահեղականության դեմ պայքարի դաշնային օրենքի անորոշ ձևակերպումը օգտագործում են Եհովայի վկաների նկատմամբ, որպեսզի հետապնդման առանձին դեպքերի փոխարեն արդեն ազգովի դուրս գան Վկաների դեմ պայքարի։ Իշխանությունները օգտագործել են այս օրենքը արդարացնելու համար իրենց հետևյալ քայլերը՝

  • ավելի քան 1 600 Եհովայի վկաների ձերբակալում

  • արգելք նրանց 70 հրատարակությունների վրա

  • խուզարկություն 171 տներում և երկրպագության վայրերում

  • մինչ այժմ 69 կրոնական հավաքույթների ընդհատում

Տվերի դատարանում քննվող գործով դատախազը ցանկանում էր jw.org կայքը արգելքի տակ դնել, քանի որ ծայրահեղական համարվող 6 հրատարակություններ կային կայքում։ Տվերի կենտրոնական շրջանային դատարանը jw.org կայքը արգելքի տակ դնելու մասին 2013-ի օգոստոսի 7-ի իր որոշման համար որպես հիմք կիրառել է ծայրահեղականության մասին օրենքը և կայքը ավելացրել է ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։

Այս որոշումը միանգամայն անհամատեղելի էր այն նպատակի հետ, ինչի համար որ այն կայացվել էր, քանի որ որոշմամբ չէր նախատեսվում որևէ այլընտրանք, օրինակ՝ կայքից հանել ծայրահեղական համարվող հրատարակությունները։ Երբ մարզային դատարանը պարզեց, որ կայքի սեփականատերը Ռուսաստանի բնակչության համար արդեն իսկ հանել է բոլոր «ծայրահեղական» հրատարակությունները, կայքի վրա արգելք դնելու ոչ մի իրավական հիմք չտեսավ։ Որոշումը վերջնական է, թեև դատախազը վեց ամիս ժամանակ ունի վերադաս դատարան դիմելու համար։

Տվերի մարզային դատարանի այս որոշումը արդյո՞ք նշան է, որ Եհովայի վկաների հանդեպ վերաբերմունքը փոխվում է

Դեռ շատ բաներ կիսատ են։ Տվերի Մարզային դատարանի օբյեկտիվ գնահատականը և կայացրած վճիռը կտրուկ տարբերվում էր Եհովայի վկաների նկատմամբ Ռուսաստանում այլ դատարանների կիրառած պատժիչ միջոցներից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շատ անգամ դատապարտել է Ռուսաստանի իշխանություններին Վկաների՝ կրոնի ազատության իրավունքը ոտնահարելու և սահմանափակելու համար։ ՄԻԵԴ-ի վճիռները կիրառելու փոխարեն՝ Ռուսաստանը շարունակում է խախտել մարդու իրավունքները։ Եհովայի վկաները իրենց դավանանքի ազատությունը պաշտպանելու համար ընդդեմ Ռուսաստանի 23 դիմումներ են ներկայացրել ՄԻԵԴ, որոնք դեռ չեն քննվել։

Տվերի մարզային դատարանի այս որոշումը արդյո՞ք նշան է, որ Եհովայի վկաների հանդեպ վերաբերմունքը փոխվում է։ Եհովայի վկաները ուշադրությամբ կհետևեն, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի այս և ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք վճիռներին։

^ պարբ. 2 Արգելք դրվելու դեպքում ոչ թե կայքը կարգելափակվեր, այլ իշխանությունները իրավունք կունենային քրեական պատասխանատվության ենթարկելու ցանկացած մեկին, ով ուրիշներին կառաջարկեր օգտվել այդ կայքից։