Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 1, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ը պաշտպանում է Ռուսաստանի Եհովայի վկաների կրոնական հանդիպումներ անցկացնելու իրավունքը

ՄԻԵԴ-ը պաշտպանում է Ռուսաստանի Եհովայի վկաների կրոնական հանդիպումներ անցկացնելու իրավունքը

2014 թ. հունիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների և պաշտպանեց նրանց՝ առանց Ռուսաստանի իշխանությունների կողմից ապօրինի միջամտության պաշտամունքի իրավունքը։[1] Դատարանը իր միաձայն որոշման մեջ սահմանել է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության ազատություն) և 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատություն) հոդվածները, երբ 2006 թ. ապրիլի 12-ի երեկոյան ոստիկանությունը ապօրինաբար ընդհատել էր կրոնական ծառայությունը։

Այդ օրը ամբողջ աշխարհի Եհովայի վկաները տարբեր վայրերում միասին հավաքվել էին Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն նշելու, ինչը նրանք անում են ամեն տարի։ Մոսկվայում երկու ժողովներ այդ հատուկ կրոնական միջոցառման համար վարձել էին դպրոցի դահլիճը։ Սպասվում էր, որ ներկա լինողների թիվը կանցնի 400-ը։ Միջոցառման ընթացքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ (ՕՄՕՆ) և տասնյակ այլ ոստիկաններ 10 մեքենաներով և 2 միկրոավտոբուսներով ժամանեցին միջոցառման անցկացման վայր։ Նրանք արագ շրջափակեցին շենքը և, առանց իրենց գործողությունների համար կարգադրագիր ներկայացնելու, ընդհատեցին կրոնական միջոցառումը։ Նրանք պահանջեցին բոլոր ներկաներից լքել շինությունը, այնուհետև խուզարկեցին դահլիճը, առգրավեցին կրոնական գրականությունը և 14 տղամարդու ստիպողաբար տարան տեղի ոստիկանության բաժանմունք և ձերբակալեցին։ Փաստաբանը, որը ներկայացնելու էր ձերբակալված Վկաներին, ժամանեց ոստիկանության բաժանմունք՝ նրանց աջակցելու։ Ոստիկանները նրան խուզարկեցին, գետնին գցեցին, դանակը դրեցին վզին ու սպառնացին, որ եթե բողոք ներկայացնի, ապա դա վատ կանդրադառնա նրա ընտանիքի վրա։ Մոտ 4 ժամ անց ձերբակալվածները ազատ արձակվեցին ու վերադարձան տուն։

Նիկոլայ Կրուպկո, գործով առաջին դիմումատուն

Նիկոլայ Կրուպկոն և երեք այլ Վկաներ, ովքեր ձերբակալված էին, իշխանությունների դեմ մեղադրանք ներկայացրեցին կրոնական հանդիպումը ապօրինաբար ընդհատելու և առանց որևէ պատճառի իրենց ձերբակալելու հիմքով։ Լյուբլինո մարզային դատարանի և Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից նրանց բողոքը մերժվելուց հետո 2007 թ. հունիսին նրանք դիմում ներկայացրին ՄԻԵԴ։

«Կրուպկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով հունիսի 26-ի իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը սահմանեց. «Դատարանը բազմիցս նշել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ իշխանությունները պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել հասարակական միջոցառման մասին, և միջոցառման մասնակիցները վտանգ չեն ներկայացրել հասարակական կարգի պահպանմանը, ոստիկանության կողմից խաղաղ հավաքը ցրելը չի կարող դիտվել որպես միջամտություն՝ «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության մեջ».... Այս դիրքորոշումը կիրառելի է հատկապես (fortiori) սույն գործի հանգամանքներում, երբ վիճարկվող հավաքը բացօթյա աղմկոտ հավաքույթ չէր, այլ հանդիսավոր կրոնական արարողություն էր միջոցառումների դահլիճում, և ոչ մի պատճառ չկար ենթադրելու, որ դրանով կխախտվեր կամ կվտանգվեր հասարակական կարգը։ Միջոցառումը ընդհատելու նպատակով մեծ քանակով զինված ոստիկանների կողմից միջամտությունը, որին հետևել է դիմումատուներին ձերբակալելը և 3 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելը, նույնիսկ այն պարագայում, երբ իշխանությունները համոզված էին, որ այդ միջոցառումը ապօրինի է, քանի որ դրա մասին նախապես չէին տեղեկացվել, անհամամասն է հասարակական կարգը պաշտպանելու նպատակին»։

Սա Ռուսաստանի դեմ կայացված 4-րդ վճիռն է, որով քննվում է Եհովայի վկաների իրավունքների խախտումը։ 2007 թ. «Կուզնեցովը և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով վճռում ՄԻԵԴ-ը սահմանել էր, որ Ռուսաստանը խախտել է կոնվենցիան, երբ տեղի իշխանությունները ապօրինաբար խախտել էին լսողության հետ կապված խնդիրներ ունեցող Վկաների անցկացրած կրոնական հանդիպումը Չելյաբինսկում։ 2010 թ.-ին «Մոսկվայի Եհովայի վկաները ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել ընդդեմ Ռուսաստանի այն բանի համար, որ Մոսկվայի դատախազությունը ապօրինաբար լուծարել և արգելքի տակ էր դրել Մոսկվայում Եհովայի վկաների իրավաբանական անձը։ 2013-ին «Ավիլկինան և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործում ՄԻԵԴ-ը սահմանել էր, որ Ռուսաստանը խախտել է անձնական կյանքի հիմնարար իրավունքները, երբ Սանկտ Պետերբուրգի դատախազությունը կարգադրել էր բացահայտել գաղտնի բժշկական տեղեկություններ։

ՄԻԵԴ-ի որոշումները մեկ անգամ ևս փաստում են, որ Ռուսաստանի իշխանությունները, փորձելով ճնշել Եհովայի վկաների գործունեությունը Ռուսաստանում, խախտել են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված ազատությունները։