Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տագանրոգի դատարանը դատապարտում է 16 Եհովայի վկաների կրոնական գործունեություն ծավալելու համար

Տագանրոգի դատարանը դատապարտում է 16 Եհովայի վկաների կրոնական գործունեություն ծավալելու համար

11 ամիս տևած դատաքննությունից հետո Տագանրոգի դատարանը դատապարտեց 16 Եհովայի վկաների, ովքեր մեղադրվում էին խաղաղ կրոնական հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։ Դատարանն իր որոշումը հիմնավորեց քրեական իրավունքով, որով ծայրահեղական գործունեություն կազմակերպող և դրան մասնակցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության։ Դրա պատճառը գուցե այն է, որ շրջանի դատարանը նախկինում՝ 2009 թ.-ին, սխալ էր կիրառել ծայրահեղականության մասին Ռուսաստանի օրենքը։ *

2015 թ. նոյեմբերի 30-ին դատավոր Ա. Վ. Վասյուչենկոն չորս Վկաների դատապարտեց ավելի քան հինգ տարվա ազատազրկման կրոնական արարողություններ կազմակերպելու համար և յուրաքանչյուրի համար սահմանեց 100 000 ռուբլու (1 511 դոլար) չափով տուգանք։ Մյուս 12 մեղադրյալներին դատավորը տուգանեց 20 000–70 000 ռուբլով (300–1 050 դոլար)։ Սակայն դատավորը անմիջապես կասեցրեց դատավճռի կատարումը ազատազրկման մասով և չպահանջեց տուգանքների վճարում։ Դեռևս պարզ չէ, թե դատավճռի կասեցումը ինչպես կազդի մեղադրյալների վրա։ Այնուամենայնիվ, դատավճռի համաձայն՝ մեղադրյալները համարվում են հանցագործներ։

Կանգնում են դժվար ընտրության առաջ

Տագանրոգում բնակվող ավելի քան 800 Վկաների մտահոգում է այն, թե ինչ հետևանքներ կունենա Աստվածաշունչ ուսումնասիրելու և աղոթելու համար խաղաղ պայմաններում միասին հավաքվելը։ Բոլոր պաշտպանյալները դատաքննության ընթացքում հստակ նշել են, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը որպես Եհովայի վկա։ Այժմ նրանց դեմ կայացված դատավճիռը կարող է փորձել նրանց վճռականությունը։ «Դատարանը մեզ պարզ ասաց. «Հրաժարվեք ձեր հավատից, հակառակ դեպքում կդատապարտվեք որպես կրկնահանցագործներ»»,— ասաց պաշտպանյալներից մեկը՝ Ալեքսանդր Սկվորցովը։

Ռուսաստանի այլ վայրերում եղող Վկաները մտահոգված են Տագանրոգում կայացված դատավճռով։ Հետևելով Տագանրոգի օրինակին՝ Սամարայի և Աբինսկի իշխանությունները սխալ են կիրառել «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը Վկաների կրոնական գործունեության նկատմամբ և լուծարել են Վկաների տեղի իրավաբանական անձանց։ Քանի դեռ Ռուսաստանում պաշտոնյաները այս դիրքորոշումն ունեն, Եհովայի վկաները ակնկալում են, որ անարգել երկրպագելու իրենց իրավունքը կշարունակի սահմանափակվել։

Կրոնական ազատության համար պայքարը շարունակվում է

Այս դատավճիռը արտացոլում է այն մեծ ճնշումը, որով Ռուսաստանի իշխանությունները փորձում են արգելքի տակ դնել Եհովայի վկաների կրոնը։ Անցած տարի Ռուսաստանի պաշտոնյաները ծայրահեղական ճանաչեցին Վկաների տեղի երկու իրավաբանական անձանց։ 2015 թ. մարտից իշխանությունները թույլ չեն տալիս Վկաներին որևէ կրոնական գրականություն, նույնիսկ Աստվածաշունչ ներմուծել երկիր։ Հուլիսին Ռուսաստանը արգելքի տակ դրեց Եհովայի վկաների պաշտոնական կայքը՝ jw.org, ինչը եզակի դեպք է, և այդպիսով կասկածելի համբավ ձեռք բերեց։ Վկաները ազգային դատարաններում վիճարկում են իրենց դեմ կայացված որոշումները և Ռուսաստանում մարդու իրավունքները ոտնահարելու վերաբերյալ 28 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փնտրելով իրավական պաշտպանություն։

Տագանրոգի 16 Վկաները կբողոքարկեն այս դատավճիռը՝ այդպիսով մեկ ուրիշ էջ բացելով իրենց երկարատև իրավական պայքարում։ «Նրանց գործով դատաքննությունը տևել է ավելի քան երկուսուկես տարի,— նշում է Յարոսլավ Սիվուլսկին, որը Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնի ներկայացուցիչն է։— Ցավոք, նրանք կրկին հայտնվելու են դատարանում այն բանի համար, որ պարզապես փորձում են պաշտպանել կրոնական ազատության իրենց իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրությամբ»։

Եհովայի վկաները ծայրահեղականներ չեն։ Նրանց կրոնական արարողությունների նպատակն է սովորեցնել սիրել Աստծուն և մերձավորին։ Տագանրոգի Վկաները ամեն շաբաթ անցկացվող իրենց հավաքույթների ժամանակ ուսումնասիրում են այն նույն նյութը, որ իրենց հավատակիցներն են ուսումնասիրում ողջ աշխարհում։ Չնայած Ռուսաստանի կողմից իշխանությունը չարաշահելու վերաբերյալ ավելի քան 1 700 փաստագրված դեպքեր կան, Եհովայի վկաները նույնիսկ մեկ անգամ իշխանությունների հանդեպ անհնազանդություն չեն դրսևորել։

Եհովայի վկաները հույս ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կճանաչեն Վկաների կրոնական գործունեության խաղաղ բնույթը և վերջ կդնեն հետապնդմանը Տագանրոգում և այլ վայրերում։ Իշխանությունները պետք է Եհովայի վկաներին տան կրոնական ազատության հիմնարար իրավունքը իրականացնելու այն նույն հնարավորությունը, որ տալիս են ճանաչված այլ կրոններին։

Վերսկսված դատաքննության ժամանակագրական սանդղակը *

  1. Հունվարի 22, 2015

    Տագանրոգի դատարանում վերսկսվում է 16 Վկաների դատաքննությունը։

  2. Հունիս, 2015

    Դատավորը մեկ այլ նիստ է նշանակում՝ դատավճռի հրապարակումը հետաձգելով մինչև աշուն։

  3. Նոյեմբերի 13, 2015

    Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ։

  4. Նոյեմբերի 30, 2015

    Տագանրոգի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնում 16 Վկաների դեմ։ Բոլորի նկատմամբ տուգանք է սահմանվում, իսկ նրանցից չորսը դատապարտվում է ավելի քան հինգ տարվա ազատազրկման։ Դատարանը կասեցնում է դատավճռի կատարումը։

 

Իմացիր ավելին

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Հակիրճ ծանոթացեք մեր հիմնական հավատալիքներից 15-ին։

Ի՞նչ են անում Թագավորության սրահում

Այցելիր Թագավորության սրահ և իմացիր, թե մարդիկ ինչու են հավաքվում այնտեղ։