Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հետաձգվեց Տագանրոգում 16 Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը

Հետաձգվեց Տագանրոգում 16 Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը

Արդեն ինը ամիս է, ինչ ընթանում է Տագանրոգի Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը։ Միայն այս ամառ տեղի է ունեցել ավելի քան 20 դատական նիստ, իսկ մյուսները քննվելու են հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Եթե նրանց նկատմամբ մեղադրական վճիռ կայացվի, նրանց կազատազրկեն և կտուգանեն իրենց կրոնը դավանելու, Աստվածաշունչը ընթերցելու և իրենց հավատակիցների հետ հավաքվելու համար։

Երկարատև դատաքննության ազդեցությունը մեղադրյալների վրա

Այս տարի, ինչ վերսկսվել է այս գործի քննությունը, մեղադրյալները մոտ 50 օր անցկացրել են դատարանում։ Նրանք ընդհանուր առմամբ, ներառյալ բուն դատաքննությունը դատարանում անցկացրել են ավելի քան 2 տարի։ Սա Ռուսաստանում Եհովայի վկաների քրեական գործով ամենաերկարատև դատավարությունն է։

Դատական նիստերի վրա ծախսված ժամանակը անհարկի բեռ է եղել մեղադրյալների համար։ Նրանցից մեկը՝ Կիրիլ Կրավչենկոն, ասում է. «Մենք չենք կարողանում աշխատել, ժամանակ անցկացնել մեր ընտանիքների հետ կամ բավականաչափ հանգստանալ»։ Մեղադրյալներից ոմանց հեռացրել են աշխատանքից կամ ստիպել են թողնել աշխատանքը, քանի որ վերջիններիս ժամանակի մեծ մասը ծախսվում էր դատաքննությունների վրա, իսկ ոմանց էլ հեռացրել են աշխատանքից՝ որպես Եհովայի վկա զրպարտության և քննադատության ենթարկվելու համար։ Անցած երկու տարիներին նրանց թույլ չեն տվել հեռանալ Տագանրոգից առանց պաշտոնական թույլտվության։

Դատաքննությունները նաև անհարկի էմոցիոնալ լարվածության մեջ են պահել մեղադրյալներին։ Տատյանա Կրավչենկոն ասում է. «Դա ազդում է իմ առողջության վրա։ Ես չեմ կարողանում քնել, գիշերվա կեսին արթնանում եմ։ Դատավարությունը մտքիցս դուրս չի գալիս, անընդհատ մտատանջությունների մեջ եմ»։ Նիկոլայ Տրոտսյուկը, որը նույնպես այս գործով մեղադրյալ է, մի քանի անգամ հոսպիտալացվել է դատաքննության պատճառած սթրեսի հետևանքով։

Գործի վերսկսմանը նախորդած դեպքեր

2011 թ. ոստիկանությունը գաղտնի քրեական հետաքննություն սկսեց Տագանրոգում Եհովայի վկաների նկատմամբ։ 2012-ին 16 Վկաների նկատմամբ մեղադրանք առաջադրվեց և քրեական գործով առաջին դատավարությունը տեղի ունեցավ 2013 թ. մայիսին։ 15 ամիս տևած դատաքննության արդյունքում Տագանրոգի քաղաքային դատարանը նրանցից յոթին մեղավոր ճանաչեց «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մեջ։ Դատարանը խոշոր չափի տուգանք սահմանեց բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ և նրանցից չորսին դատապարտեց երկարաժամկետ ազատազրկման, սակայն չպահանջեց վճարել տուգանքը և կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ Դատավորը մյուս ինը Վկաներին արդարացրեց մեղադրանքից տեխնիկական պատճառներով, սակայն սահմանեց, որ նրանք մասնակցել են ծայրահեղական գործունեության։ 16 Վկաները բողոքարկեցին վճիռը Ռոստովի շրջանային դատարան՝ խնդրելով իրենց արդարացնել ներկայացված մեղադրանքներից։ Դատախազը նույնպես բողոքարկեց վճիռը՝ նշելով, որ դատավճռի իրականացումը կասեցնելը չափազանց մեղմ մոտեցում է։

2014 թ. դեկտեմբերի 12-ին Ռոստովի շրջանային դատարանը քննեց բողոքները և բեկանեց Տագանրոգի քաղաքային դատարանի վճիռը։ Վկաներին արդարացնելու փոխարեն՝ դատարանը բավարարեց դատախազի պահանջները և գործը ուղարկեց Տագանրոգի քաղաքային դատարան նոր քննության այս անգամ մեկ այլ դատավորի մասնակցությամբ։ Դատավարությունը վերսկսվեց 2015 թ. հունվարի 22-ին։ Վկաները ակնկալում էին, որ վճիռը կկայացվի 2015 թ. հունիսին։ Սակայն այժմ, երբ դատավորը դատական նիստեր է նշանակել հոկտեմբերին, վճիռը կկայացվի ավելի ուշ՝ 2015 թ. վերջին։

Արդյոք ծայրահեղականության մասին օրենքը սահմանափակո՞ւմ է խաղաղ երկրպագության մասնակցելու իրավունքը

«Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը սկզբնապես նպատակ է ունեցել պայքարել ահաբեկչության դեմ, սակայն Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ, սխալ կիրառելով այն, սահմանափակում են խաղաղ, օրինական երկրպագության մասնակցելու իրավունքը։ Երկրով մեկ իշխանությունները ընդհատել են Վկաների կրոնական հանդիպումները, խուզարկել են նրանց տները, արգելել և առգրավել են գրականությունը՝ հիմնվելով ծայրահեղականության մասին օրենքի վրա, որպեսզի հիմնավորեն իրենց գործողությունները։ Տագանրոգի իշխանությունները, սխալ կիրառելով այդ օրենքը, լուծարել են Վկաների տեղի իրավաբանական անձը և բռնագրավել Թագավորության սրահը։ Վերջերս Սամարայի և Աբինսկի իշխանությունները դատական գործ են հարուցել՝ լուծարելով Վկաների իրավաբանական անձը և բռնագրավելով նրանց գույքը։

Ռուսաստանի իշխանությունների բռնի գործողությունների պատճառով Եհովայի վկաները 28 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ իրավական պաշտպանություն ստանալու նպատակով։ Քանի որ այս դիմումներից 22-ը ներառում է մարդու իրավունքների համանման ոտնահարումներ, ՄԻԵԴ-ը այժմ քննում է այդ դիմումները միասին։ Ըստ Վկաներին պաշտպանող փաստաբանի՝ ՄԻԵԴ-ը գուցե այդ գործերի վերաբերյալ վճիռ կայացնի հնարավորինս շուտ՝ մինչև 2015 թվականի վերջը։

Կրոնական անհանդուրժողականության աճի միտում

Այժմ Ռուսաստանը կրոնի ազատության հարցում կանգնած է ընտրության առաջ։ Ռուսաստանի Եհովայի վկաները կարծում են, որ Տագանրոգում հետապնդվող Վկաներին դատապարտելու դեպքում, Սամարայում, Աբինսկում և այլ վայրերում իրենց հավատակիցները նույնպես կհետապնդվեն։ Նրանք հույս ունեն, որ Ռուսաստանի կառավարությունը վերջ կդնի այս ամենին և կպաշտպանի իր բոլոր քաղաքացիների կրոնի ազատությունը։

Ժամանակագրական աղյուսակ

  1. 2008 թ. հունիսի 9

    Ռոստովի դատախազությունը մեղադրանք է առաջադրում Տագանրոգում Եհովայի վկաների նկատմամբ «ծայրահեղական» գործունեություն ծավալելու համար։

  2. 2009 թ. սեպտեմբերի 11

    Ռոստովի շրջանային դատարանը Եհովայի վկաների 34 կրոնական հրատարակություններ ճանաչում է ծայրահեղական և արգելքի տակ դնում Տագանրոգում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ)։

  3. 2009 թ. դեկտեմբերի 8

    Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը անփոփոխ է թողնում Ռոստովի շրջանային դատարանի 2009 թվականի սեպտեմբերին կայացված որոշումը։

  4. 2010 թ. մարտի 1

    Արդարադատության նախարարությունը Ռոստովի դատարանի կողմից ծայրահեղական ճանաչված 34 հրատարակությունները ներառում է ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակի մեջ։ Իշխանությունները առգրավում են Վկաների Թագավորության սրահը Տագանրոգում։

  5. 2010 թ. հունիսի 1

    Տագանրոգում Եհովայի վկաները «Տագանրոգի ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով դիմում են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

  6. 2011 թ. ապրիլի 30

    Հետախուզական մարմինները սկսում են գաղտնի նկարահանել Տագանրոգում Վկաների կրոնական արարողությունները։

  7. 2011 թ. հուլիսի 6

    Իշխանությունները Տագանրոգի ՏԿԿ-ն ներառում են ծայրահեղական կազմակերպությունների դաշնային ցուցակի մեջ։

  8. 2011 թ. օգոստոս

    Տագանրոգում տեղի իշխանությունները քրեական գործ են հարուցում Վկաների դեմ և խուզարկում 19 տուն։

  9. 2012 թ. մայիսի 31

    Քննիչները առաջին անգամ մեղադրական եզրակացություն են ներկայացնում Տագանրոգի Վկաների դեմ կրոնական գործունեություն ծավալելու համար։

  10. 2013 թ. մայիս

    Ծայրահեղականության մեջ մեղադրող 16 Վկաների քրեական գործով դատաքննությունը սկսվում է Տագանրոգի քաղաքային դատարանում։

  11. 2014 թ. հուլիսի 29–30

    Տագանրոգի քաղաքային դատարանը յոթ Վկաների դատապարտում է «ծայրահեղական» գործունեության համար։ Այնուհետև բոլոր 16 մեղադրյալները, ինչպես նաև դատախազը բողոքարկում են վճիռը։

  12. 2014 թ. դեկտեմբերի 12

    Բողոքի քննության արդյունքում Ռոստովի շրջանային դատարանը գործն ուղարկում է առաջին ատյան նոր քննության մեկ այլ դատավորի նախագահությամբ։

  13. 2015 թ. հունվարի 22

    Տագանրոգի քաղաքային դատարանում սկսվում է 16 Վկաների վերսկսված գործի քննությունը։

^ պարբ. 43 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Ռուսաստանի Դաշնության կողմից ստանձնած պարտականությունների և պարտավորությունների կատարում», թիվ 1896 (2012) բանաձև, պարբերություն 25.31։

^ պարբ. 44 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի «Ռուսաստանի Դաշնության յոթերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ», պարբերություն 20։