Անցնել բովանդակությանը

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ազատազրկված՝ հավատի համար (Ռուսաստան)

Ժամանակակից Ռուսաստանում Եհովայի վկաները ճնշումների ու հալածանքների են ենթարկվում։ 20-րդ դարի ընթացքում Ռուսաստանի իշխանությունները վատ են վարվել Վկաների հետ, թեև նրանք հայտնի են որպես խաղաղ, օրինապահ քաղաքացիներ։ Խորհրդային Միության նպատակն էր՝ նրանց կա՛մ համոզելով, կա՛մ բռնի կերպով սովետական գաղափարախոսության հպատակ դարձնել։ Հազարավոր մարդիկ աքսորվեցին Սիբիր։ Նրանց արգելված էր ունենալ Աստվածաշունչ կամ կրոնական գրականություն, մշտական հսկողության տակ էին և ստիպված էին գաղտնի անցկացնել իրենց կրոնական հանդիպումները։ Բռնվելու դեպքում ենթարկվում էին ծեծի և երկարաժամկետ ազատազրկման:

Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել 1991 թ.-ին, երբ Ռուսաստանի կառավարությունը պետական գրանցում տվեց Եհովայի վկաներին և թույլատրեց դավանանքի ազատությունը՝ առանց խոչընդոտների։ Սակայն խաղաղ ժամանակները երկար չտևեցին։

2009 թ.-ին ճնշումներն ու սահմանափակումները սկսեցին նոր թափ առնել, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատեց ստորին ատյանի՝ Եհովայի վկաների ժողովը «ծայրահեղական» պիտակավորելու մասին որոշումը։ Տարիներ տևած իրավական պայքարից հետո 2017 թ. ապրիլին Ռուսաստանի Գերագույն դատարանը վճռեց լուծարել Վկաների իրավաբանական անձինք՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Ռուսաստանի իշխանությունները անմիջապես քայլեր ձեռնարկեցին՝ բռնագրավելու նրանց ունեցվածքը, փակելու նրանց պաշտամունքի վայրերը և կրոնական գրականությունը «ծայրահեղական նյութեր» հայտարարելու ուղղությամբ։

Չդադարելով Եհովայի վկաների իրավաբանական անձանց դեմ հարձակումները՝ Ռուսաստանի իշխանությունները որոշել են անհատապես թիրախավորել Վկաներին։ Անցնելով բոլոր սահմանները՝ նրանք անհատ Վկաների երկրպագությունը կապում են արգելված կազմակերպության գործունեության հետ։ Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Վկաների տներում, որոնք ուղեկցվում են վիրավորական և դաժան վերաբերմունքով և հարցաքննությամբ։ Ձերբակալվում են բոլոր տարիքի Վկա տղամարդիկ, կանայք։ Նրանք մեղավոր են ճանաչվում և դատապարտվում են բանտարկության կամ տնային կալանքի:

2017 թ. ապրիլյան արգելքից ի վեր՝ հարյուրավոր Վկաներ դատապարտվել են նախնական կալանքի կամ ազատազրկման՝ ծայրահեղականության մեղադրանքով։ 2022 թ. օգոստոսի 18-ի դրությամբ բանտարկված է ընդհանուր առմամբ 88 Վկա։

Բողոքներ ընդդեմ Ռուսաստանի՝ Եհովայի վկաների նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքի

Չնայած անողոք հետապնդումները դադարեցնելու միջազգային կոչերին՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են մեղադրել Վկաներին ծայրահեղական գործունեության համար: Արդարության համար նշենք, որ ռուսական մի քանի դատարաններ համարձակորեն հրաժարվել են Եհովայի վկաների նկատմամբ «ծայրահեղական» պիտակը կիրառելուց և արդարացրել են նրանց, ովքեր մեղադրվել են ծայրահեղական գործունեության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 282 հոդվածով: Այս վճիռները ներդաշնակ են Ռուսաստանի Գերագույն դատարանի պլենումի վերջերս փոփոխված որոշման հետ: 2021 թ. հոկտեմբերին այս մարմինը պարզաբանեց, որ մասնավոր միջավայրում կատարվող պաշտամունքը չպետք է դիտվի արգելված կրոնական կազմակերպության գործունեության մասնակցություն:

Ռուսաստանից դուրս իրազեկ դիտորդները դատապարտել են Ռուսաստանի կառավարությանը Եհովայի վկաներին անողոքաբար հալածելու համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետ. «[Վկաներին] նշանակված խիստ պատիժը վտանգավոր նախադեպ է ստեղծում և իրականում քրեականացնում է Ռուսաստանում Եհովայի վկաների կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի իրականացումը և հակասում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով պետության ստանձնած պարտավորություններին»։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հայտարարությունը. «Եվրոպական միությունը շարունակում է խորապես անհանգստանալ Ռուսաստանում Եհովայի վկաների իրավիճակով, որոնք շարունակում են ենթարկվել սիստեմատիկ հալածանքների, ներառյալ տնային խուզարկությունները, կամայական կալանավորումները, քրեական հետաքննությունները և մինչև յոթ տարի ազատազրկումները.... Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները, հարգել խոսքի, միավորումների, խաղաղ հավաքների, կրոնի կամ հավատալիքների ազատությունները, ինչպես նաև փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները և երաշխավորել արդար դատավարություն»:

Ցնցող դեպքեր խոշտանգումների և բանտարկությունների մասին

  • 2019 թ. ապրիլի 10-ի երեկոյան զինված իրավապահները ներխուժեցին 68-ամյա Վալենտինա Բարանովսկայայի և նրա որդու տուն, երբ նրանք ընկերների փոքր խմբի հետ խաղաղ քննարկում էին Աստվածաշունչը։ Նրանք առգրավեցին կրոնական նյութեր ու էլեկտրոնային սարքեր և քրեական գործ հարուցեցին Վալենտինայի դեմ։ 2020 թ. հուլիսին Վալենտինան կաթված ստացավ։ Չնայած տարիքին և վատառողջությանը՝ 2021 թ. փետրվարի 24-ին նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման և անմիջապես կալանավորվեց։ Սա առաջին դեպքն էր, երբ կին Վկա դատապարտվեց բանտարկության իր հավատը դավանելու համար։ Ավելի քան մեկ տարի բանտում անցկացնելուց հետո՝ 2022 թ. մայիսի 4-ին, Վալենտինան ազատ արձակվեց:

  • 2018 թ. հունիսին իրավապահները ներխուժեցին 42-ամյա Ալեքսեյ Բերչուկի և նրա կնոջ տուն։ Ալեքսեյը մեղադրվում էր «ծայրահեղական» գործունեություն կազմակերպելու մեջ, թեև իրականում նա շրջանային վերակացու էր՝ լիաժամ ծառայող, որն օգնում էր իր հավատակիցներին բավարարել իրենց հոգևոր կարիքները։ 2021 թ. հունիսի 30-ին նա դատապարտվեց ութ տարվա ազատազրկման (2017 թ. արգելքից ի վեր՝ սա ամենաերկար պատժաժամկետն է):

  • 2021 թ. հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան իրավապահները ուժի կիրառմամբ մտան երիտասարդ ամուսնական զույգի՝ Նիկոլայ և Լիլիա Մերինովների տուն՝ իբր «ծայրահեղական» գործունեության կասկածանքով։ Ոստիկանները ծանր, բութ առարկայով ծեծի ենթարկեցին Նիկոլային։ Նա կորցրեց գիտակցությունը։ Նրանք Լիլիայի մազերից քաշելով՝ հանեցին անկողնուց, ձեռնաշղթաներ հագցրին և խոշտանգումների ենթարկեցին: Սա ռուս ոստիկանների և բանտապահների կողմից Վկաների նկատմամբ կիրառած բռնության և խոշտանգումների բազմաթիվ դեպքերից մեկն է միայն:

  • 2021 թ. մայիսին Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին 55-ամյա Աննա Սաֆրոնովայի դեմ՝ նրան մեղադրելով «ծայրահեղական» գործունեության մեջ։ Նրա նկատմամբ տնային կալանք նշանակվեց, սառեցվեցին նրա բանկային հաշիվները. Աննան իր տարեց մոր հիմնական խնամակալն է: 2022 թ. հունվարի 25-ին նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման (2017 թ. արգելքից ի վեր՝ սա կնոջ նկատմամբ նշանակված ամենաերկար պատիժն է): Նա անմիջապես կալանավորվեց։ Նրան ազատ արձակելու բողոքները մերժվել են:

Անարդար ձերբակալությունների դեմ պայքարը շարունակվում է

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները խորապես մտահոգված են Ռուսաստանում իրենց հավատակիցների հանդեպ դրսևորվող դաժան վերաբերմունքի պատճառով։ Միլիոնավոր Վկաներ նամակներ են ուղարկել Ռուսաստանի պետական պաշտոնյաներին՝ հաջակցություն իրենց բանտարկված հավատակիցների։ Ազատազրկված վկաների փաստաբանները բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին և ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին, ինչպես նաև Ռուսաստանի բոլոր ատյանների դատարաններին: Բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պաշտոնական զեկույցներ են ներկայացվել միջազգային կազմակերպություններին, որոնք վերահսկում են մարդու իրավունքների խախտումները: Կրոնական այս ծանր հալածանքին վերջ դնելու համար Եհովայի վկաները կշարունակեն ջանքեր գործադրել և բարձրացնել իրազեկության մակարդակը Ռուսաստանում իրենց հավատակիցների ծանր վիճակի մասին։

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 18, 2022

    Ընդհանուր հաշվով ազատազրկված է 88 Վկա։

  2. Մայիսի 24, 2022

    Հինգ տարի բանտում անցկացնելուց հետո եղբայր Դենիս Քրիստենսենը ազատ արձակվեց։

  3. Մայիսի 4, 2022

    Մեկ տարի բանտում անցկացնելուց հետո քույր Վալենտինա Բարանովսկայան ազատ արձակվեց։

  4. Հունվարի 12, 2022

    Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը JW Library հավելվածը ընդգրկեց ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում: Սա առաջին և միակ հավելվածն է, որը ծայրահեղական է համարվել և արգելվել է Ռուսաստանում։

  5. Հոկտեմբերի 25, 2021

    Աստրախանի Տրուսովսկի շրջանի դատարանը եղբայր Ռուստամ Դիարովին, Եվգենի Իվանովին և Սերգեյ Կլիկունովին դատապարտեց ութ տարվա, իսկ եղբայր Իվանովի կնոջը՝ Օլգային, երեքուկես տարվա ազատազրկման։

  6. Սեպտեմբերի 27, 2021

    Սանկտ Պետերբուրգ քաղաքի դատարանը մերժեց 2021 թ. մարտի 31-ի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Ըստ այդ որոշման՝ JW Library հավելվածը համարվեց ծայրահեղական և արգելվեց ՌԴ-ի և Ղրիմի տարածքում։ Դատարանի առաջին որոշումը մի անգամից ուժի մեջ մտավ։

  7. Սեպտեմբերի 23, 2021

    Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Սերգեյ Մելնիկին, Վալերի Ռոգոզինին և Իգոր Եգոզարյանին։ Եղբայրներ Եգոզարյանը և Մելնիկը դատապարտվեցին վեց տարվա, իսկ եղբայր Ռոգոզինը՝ վեց տարի և հինգ ամսվա ազատազրկման։

  8. Օգոստոսի 11, 2021

    Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վասիլի Մելեշկոյին և երկու օրվա դատական նիստերից հետո դատապարտեց երեք տարվա ազատազրկման։

  9. Հունիսի 30, 2021

    Ամուր մարզի Բլագովեշչենսկի քաղաքային դատարանը դատապարտել է Ալեքսեյ Բերչուկին և Դմիտրի Գոլիկին համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման։

  10. Փետրվարի 24, 2021

    Խակասիայի Հանրապետության Աբական քաղաքի դատարանը քույր Վալենտինա Բարանովսկայային դատապարտեց երկու, իսկ նրա որդուն՝ եղբայր Ռոման Բարանովսկուն՝ վեց տարվա ազատազրկման։

  11. Փետրվարի 10, 2021

    Կրասնոդարի երկրամասի Աբինսկիի շրջանային դատարանը 63-ամյա Ալեքսանդր Իվշինին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման։

  12. Սեպտեմբերի 2, 2020

    Կեմերովոյի մարզի Բերեզովսկիի քաղաքային դատարանը Սերգեյ Բրիտվինին և Վադիմ Լևչուկին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։

  13. Օգոստոսի 3, 2020

    Պսկովի քաղաքային դատարանը Գենադի Շպակովսկուն ազատ արձակելու որոշում կայացրեց։ Դատարանը 6,5 տարվա ազատազրկման փոխարեն նրա նկատմամբ նշանակեց նույն ժամկետով փորձաշրջան։

  14. Հուլիսի 13, 2020

    Վորոնեժի և Բելգորոդի մարզերում առնվազն 100 Վկաների տներում խուզարկություն իրականացվեց։

  15. Հունիսի 9, 2020

    Պսկովի քաղաքային դատարանը 61-ամյա Գենադի Շպակովսկուն դատապարտեց 6,5 տարվա ազատազրկման։

  16. Փետրվարի 6, 2020

    2019 թ. սեպտեմբերի 19-ին մեղավոր ճանաչված վեց Վկաներից հինգին տեղափոխեցին Օրենբուրգի թիվ 1 կալանավայր։ Կալանավայրում բանտապահները ոտքերով խփել են նրանց, մահակներով դաժանաբար ծեծի ենթարկել, ինչի արդյունքում Մախամադիևի կողոսկրը կոտրվել է, թոքը ծակվել է, իսկ երիկամը՝ վնասվել։

  17. Սեպետեմբերի 19, 2019

    Սարատովի Լենինսկիի շրջանային դատարանի դատավոր Դմիտրի Լարինը «ծայրահեղական գործունեություն կազմակերպելու» մեղադրանքով դատապարտեց վեց Եհովայի վկաների՝ Կոնստանտին Բաժենովին, Ալեքսեյ Բուդենչուկին, Ֆելիքս Մախամադիևին, Ռոման Գրիդասովին, Գենադի Գերմանին և Ալեքսեյ Միրեցկիին։

  18. Մայիսի 23, 2019

    Օրյոլի մարզային դատարանը մերժեց Դենիս Քրիստենսենի բողոքը և անփոփոխ թողեց վեց տարով ազատազրկելու մասին դատավճիռը։

  19. Ապրիլի 26, 2019

    ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եկավ այն եզրահանգման, որ Դմիտրի Միխայլովի իրավունքները ոտնահարվել են, և դատապարտեց Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող հալածանքը։

  20. Փետրվարի 6, 2019

    Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Դենիս Քրիստենսենին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։

  21. Հոկտեմբերի 9, 2018

    Կիրովում ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները ներխուժեցին հավատացյալների տներ։ Մի քանի Վկա տղամարդկանց, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացի Անջեյ Օնիշչուկին ձերբակալեցին և վերցրին նախնական կալանքի։

  22. Հուլիսի 15, 2018

    Պենզայում ոստիկանությունը ներխուժեց մի քանի Վկաների տներ։ Անդրեյ Ալուշկինին ձերբակալեցին և վերցրին նախնական կալանքի։

  23. Հուլիսի 4, 2018

    Օմսկում ոստիկանությունը ներխուժեց հավատացյալների տներ ու ձերբակալեց Սերգեյ և Անաստասիա Պոլյակովներին։ Նրանց վերցրին նախնական կալանքի։ Տիկին Պոլյակովան առաջին կին Վկան է Ռուսաստանի Դաշնությունում, որն ազատազրկվել է ծայրահեղական գործունեության մեղադրանքով։

  24. Հունիսի 12, 2018

    Սարատովում ոստիկանությունը ներխուժեց հավատացյալների տներ և ձերբակալեց Կոնստանտին Բաժենովին, Ալեքսեյ Բուդենչուկին և Ֆելիքս Մախամադիևին։ Նրանց վերցրին նախնական կալանքի։ Երեք այլ Վկաների՝ Գենադի Գերմանի, Ռոման Գրիդասովի և Ալեքսեյ Միրեցկիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։

  25. Հունիսի 3, 2018

    Տոմսկում և Պսկովում ոստիկանությունը ներխուժեց հավատացյալների տներ և ձերբակալեց Սերգեյ Կլիմովին։ Նրան վերցրին նախնական կալանքի։

  26. Փետրվարի 19, 2018

    Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանում դատավոր Ալեքսեյ Ռուդնևի նախագահությամբ սկսվեց Դենիս Քրիստենսենի գործի քննությունը։

  27. Հուլիսի 20, 2017–նոյեմբեր, 2018

    Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը երկարաձգվեց մի քանի անգամ՝ սկզբում Սովետսկիի շրջանային դատարանի, իսկ հետո՝ Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանի կողմից։

  28. Մայիսի 26, 2017

    Սովետսկի շրջանի դատարանը որոշում կայացրեց Դենիս Քրիստենսենին երկու ամսով պահել նախնական կալանքի տակ։

  29. Մայիսի 25, 2017

    Օրյոլում ոստիկանությունը ներխուժեց կրոնական հավաքույթի վայր և ձերբակալեց Դենիս Քրիստենսենին։

  30. Ապրիլի 20, 2017

    Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում կայացրեց լուծարել Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնը, ինչպես նաև տեղի 395 կրոնական կազմակերպությունները։