Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ազատազրկված՝ հավատի համար

2017 թ. մայիսի 25-ին ոստիկանության և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) զինված աշխատակիցները Ռուսաստանի Օրյոլ քաղաքում ընդհատել են Եհովայի վկաների՝ ամեն շաբաթ անցկացվող խաղաղ կրոնական հավաքույթը։ Քանի որ 2016 թ. հունիսին իշխանությունները ծայրահեղականության հիմքով լուծարել էին Օրյոլի տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ), նրանք կարծում են, որ ժողովի կրոնական արարողությունները ծայրահեղական կազմակերպության գործունեության շարունակությունն են։

Դատախազը մեղադրանք է առաջադրել Օրյոլի ժողովի երեցներից մեկին՝ Դենիս Քրիստենսենին, ժողովի կրոնական արարողություններում իր ունեցած դերի համար։ Սովետական շրջանային դատարանի որոշմամբ պրն Քրիստենսենը պետք է մնա նախնական կալանքի տակ մինչև 2017 թ. հուլիսի 23-ը, որպեսզի ԱԴԾ-ն ժամանակ ունենա գործ հարուցելու նպատակով ապացույցներ հավաքել և վկաներ գտնել։ Դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել 2017 թ. մայիսի 29-ին։ 2017 թ. հունիսի 21-ի դատական նիստում դատարանը մերժել է բողոքը և անփոփոխ է թողել պրն Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշումը։ Եթե պրն Քրիստենսենը մեղավոր ճանաչվի ՌԴ քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասի հիմքով, նրան սպառնում է վեցից տասը տարվա ազատազրկում։

Մոսկվայում Դանիայի դեսպանատանը անմիջապես տեղեկացրին Դանիայի քաղաքացի պրն Քրիստենսենի ձերբակալության մասին, և դեսպանատան ներկայացուցիչները նրան տեսակցեցին բանտում։ Նրանք հայտնում են, որ նրա հանդեպ վատ վերաբերմունք չի դրսևորվել, և նա գտնվում է նորմալ պայմաններում։

Ռուսաստանի Գերագույն դատարանի անարդար որոշումը

Օրյոլի ՏԿԿ-ի լուծարման գործով ոստիկանները խուզարկել են կրոնական արարողությունների համար օգտագործվող տունը և «հայտնաբերել» մինչ այդ ոստիկանների կողմից գաղտնի տեղադրված կրոնական գրականությունը՝ չնայած այն բանին, որ Վկաները դեռ վաղուց էին ամբողջ գրականությունը հանել այդտեղից։ Դատախազները մի քանի գրքերի առկայությունը համարել են «ծայրահեղական նյութ ճանաչված գրականության զանգվածային տարածման նպատակով պահեստավորման» ապացույց։ Բողոքը քննելուց հետո Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը անփոփոխ է թողել Օրյոլի ՏԿԿ-ի լուծարման մասին որոշումը։

2017 թ. մարտին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է դատարան ընդդեմ Եհովայի վկաների վարչական կենտրոնի և մնացած բոլոր ՏԿԿ-ների։ Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի՝ 2017 թ. ապրիլի 20-ի որոշման, որով արգելքի տակ է դրվել Ռուսաստանում Եհովայի վկաների կրոնական գործունեությունը՝ վերջիններս բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ։ Վկաները առարկում են «ծայրահեղականություն» եզրույթի կիրառմանը իրենց խաղաղ ապրելակերպի նկատմամբ։ Ինչպես Օրյոլի գործով էր, այս պարագայում նույնպես «ապացույցները» կեղծվել են իրավապահ մարմինների աշխատակիցների ապօրինի գործողությունների և կրոնական գրականության վերաբերյալ իշխանությունների կողմից նշանակված «փորձագետների» սխալ մեկնաբանման արդյունքում։

Կրոնի ազատությունը պաշտպանելուն ուղղված ջանքեր

Երբ 2017 թ. մայիսի 25-ին ոստիկանության և ԱԴԾ-ի աշխատակիցները ներխուժեցին կրոնական հավաքույթի վայր, Օրյոլի ժողովի անդամները հավաքվել էին որպես Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ և ոչ թե որպես իրավաբանական անձի աջակիցներ։ Եհովայի վկաները օգտվում են Ռուսաստանում բողոքարկման բոլոր հնարավոր միջոցներից և թարմ տեղեկություններ են ներկայացնում միջազգային մարմիններին Դենիս Քրիստենսենի և Ռուսաստանում Եհովայի վկաների ամբողջ համայնքի անունից։

Ժամանակագրություն

  1. Հունիսի 21, 2017

    Բողոքը քննելուց հետո դատարանը անփոփոխ թողեց Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշումը։

  2. Մայիսի 26, 2017

    Դատարանը որոշում կայացրեց Դենիս Քրիստենսենին երկու ամսով կալանքի վերցնելու մասին։

  3. Մայիսի 25, 2017

    Օրյոլում ներխուժեցին կրոնական հավաքույթի վայր և ձերբակալեցին Դենիս Քրիստենսենին։