Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը ճանապարհ է հարթում Վկաների վարչական կենտրոնը բռնագրավելու համար

2017թ. դեկտեմբերի 7-ին Սեստրորեցկի շրջանային դատարանը որոշում կայացրեց հօգուտ դատախազի և անվավեր ճանաչեց Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի կողմից օգտագործվող գույքի վերաբերյալ երկարամյա պայմանագիրը։ Եթե վերաքննիչ ատյանն էլ բավարարի այս որոշման դեմ բերված բողոքը, ապա դրանով Ռուսաստանի իշխանությունների համար կեղծ իրավական հարթություն կապահովվի Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Սոլնեչնոյե ավանում գտնվող գույքի բռնագրավումը օրինականացնելու համար։

17 տարի առաջ գույքը պայմանագրով փոխանցվել է ԱՄՆ-ում գործող մի իրավաբանական անձի՝ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Փենսիլվանիա) (այսուհետ՝ Ընկերություն), և այդ պայմանագրի վավերականությունը երբեք հարցականի տակ չի դրվել։ Ընկերությունը օգտագործման իրավունքով գույքը տվել է վարչական կենտրոնին, որպեսզի վերջինս կոորդինացնի Ռուսաստանի Դաշնությունում Եհովայի վկաների կրոնական գործունեությունը և վճարի գույքի հետ կապված բոլոր հարկերը։

Վկաների իրավաբանական անձինք լուծարելու, նրանց գործունեությունը արգելելու և գույքը բռնագրավելու մասին Գերագույն դատարանի 2017թ. ապրիլի 20-ի որոշումից հետո այժմ դատախազը պնդում է, որ 17 տարվա պայմանագիրը անվավեր է։ Իրականում, այդ գործարքը վիճարկելու ժամկետը սպառվել է տարիներ առաջ։ Չորս ժամ տևած դատական նիստից հետո, որի ընթացքում Վկաները ներկայացրին անհերքելի ապացույցներ այն մասին, որ գործարքը օրինական էր և պետք է վավեր ճանաչվի, դատավոր Բոգդանովան հրապարակեց դատախազի պահանջը բավարարելու մասին դատական ակտը։

Վկաները որոշումը կարող են բողոքարկել 30 օրվա ընթացքում։