Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 23, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլի դատարանը երկարաձգում է Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը

2018թ. փետրվարի 22-ին Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանի դատավոր Ալեքսեյ Ռուդնևի որոշմամբ Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը երկարաձգվեց մինչև 2018թ. օգոստոսի 1-ը։ Պրն Քրիստենսենը հետապնդվում է ծայրահեղական ճանաչված կրոնական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար։ Նրան ձերբակալեցին 2017թ. մայիսին մի քրիստոնեական կրոնական հանդիպման ժամանակ, երբ ոստիկանությունը ներխուժեց հանդիպման վայր և ընդհատեց այն։

Նախնական դատական նիստը տեղի ունեցավ փետրվարի 19-ին, որի ընթացքում դատարանը հետաձգեց երկու կողմերի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելը։ Սակայն փետրվարի 22-ին դատարանը մերժեց պրն Քրիստենսենի փաստաբանների ներկայացրած բոլոր միջնորդությունները և երկարաձգեց նախնական կալանքի ժամկետը։ Քրեական գործով դատաքննությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 14։30-ին։

Ողջ աշխարհի Եհովայի վկաները մտահոգված են պրն Քրիստենսենի բարօրությամբ և աղոթում են, որ նրա կինը՝ Իրինան, չունենալով ամուսնու աջակցությունը, կարողանա տոկալ։ Պրն Քրիստենսենը նախնական կալանքի տակ է գտնվում արդեն ինը ամիս։