Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում մաքսատան աշխատակիցները բռնագրավում են ներմուծված Աստվածաշնչերն ու աստվածաշնչյան գրականությունը

Ռուսաստանում մաքսատան աշխատակիցները բռնագրավում են ներմուծված Աստվածաշնչերն ու աստվածաշնչյան գրականությունը

Անցած տարվա ընթացքում ռուսական իշխանությունները մեկ ուրիշ քայլ ձեռնարկեցին սահմանափակելու համար կրոնական ազատությունը. նրանք թույլ չտվեցին ներմուծել Եհովայի վկաների կողմից հրատարակած Աստվածաշնչերը։ Վկաները ապշեցին՝ իմանալով, որ Վիբորգի մաքսատունը կարծում է, թե այդ Աստվածաշնչերը «էքստրեմիզմի» տարրեր են պարունակում։ Սա խոր հետևանքներ կունենա ոչ միայն Վկաների, այլև Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր Աստվածաշունչը սուրբ են համարում, և որոնց համար այդ գիրքը իրենց հավատի անբաժանելի մասն է։

Ահազանգող հայտարարություններ Աստվածաշնչի վերաբերյալ

2015 թ. հուլիսի 13-ին Ռուսաստանում մաքսատան աշխատակիցները Վիբորգ սահմանամերձ քաղաքում թույլ չտվեցին ներմուծել այն բեռը, որում ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» 2 013 օրինակ կար։ * Իշխանությունները առգրավեցին երեք Աստվածաշնչեր և հանձնեցին «փորձագետի» քննությանը՝ որոշելու համար, թե արդյոք դրանցում «էքստրեմիստական» լեզու է գործածվում, իսկ մնացած Աստվածաշնչերը բռնագրավեցին։ Օգոստոսին մաքսատան աշխատակիցները Եհովայի վկաների Ֆինլանդիայի մասնաճյուղի դեմ վարչական վարույթ հարուցեցին (որպես Ռուսաստան գրականություն ներմուծողի)։

Ավելի վաղ՝ 2015 թ. մայիսի 5-ին, մաքսատան աշխատակիցները բռնագրավել էին կրոնական գրականություն պարունակող բեռ, որում կային օսեթերեն Աստվածաշնչեր՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։ Դա լուրջ հետևանքներ ունեցավ Ռուսաստանի օսեթախոս քրիստոնյաների վրա, քանի որ ներկայումս «Նոր աշխարհ թարգմանությունը» օսեթերեն Աստվածաշնչի միակ ամբողջական թարգմանությունն է։

Թեև նախկինում Ռուսաստանի պաշտոնյաները Եհովայի վկաների հրատարակությունների առնչությամբ սխալ են կիրառել Ծայրահեղականության դեմ պայքարի մասին դաշնային օրենքը, սա առաջին անգամն է, երբ իշխանությունները հայտարարում են, որ Աստվածաշնչի թարգմանությունը առնչություն ունի էքստրեմիզմի հետ։ * Եթե դատարանները հայտարարեն, որ այդ Աստվածաշնչերը էքստրեմիստական են, Ռուսաստանում կարգելվի դրանց տարածումը։

Ապօրինաբար արգելվում են նաև այլ հրատարակություններ

Որոշ հրատարակություններ թույլ չեն տալիս ներմուծել

Բացի նրանից, որ մաքսատան աշխատակիցները արգելել են Աստվածաշնչերի ներմուծումը, 2015 թ. մարտից նրանք նաև ապօրինաբար արգելել են Վկաների կրոնական գրականության ներմուծումը։ * Ամեն անգամ, երբ պաշտոնյաները բռնագրավում են ներմուծված բեռը, նրանք նույն ձեռագրով են գործում։ Նախ՝ ապօրինաբար խուզարկում են բեռը, որպեսզի «փորձաքննության» համար հրատարակությունների օրինակներ վերցնեն, * ապա՝ դատախազությունը գործ է հարուցում, որ հրատարակությունները էքստրեմիստական հայտարարի։ Իրավաբանական թեժ պայքարներն անխուսափելի են, քանի որ գրեթե յուրաքանչյուր ներմուծված բեռի համար կպահանջվի ներկայանալ վարչական և միջնորդ դատարաններ։

Մի անգամ բեռը մաքսազերծելու համար Եհովայի վկաները մաքսատան աշխատակիցներին ներկայացրին դատարանի վճիռներ, փորձագիտական եզրակացություններ և ուրիշ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ կառավարությունը այդ հրատարակություններն արդեն ճանաչել է ոչ էքստրեմիստական։ Սակայն մաքսատան աշխատակիցները անտեսեցին այդ ապացույցները և բռնագրավեցին բեռը։

Ոչ միայն արգելք է դրվում Վկաների տպագրված գրականության վրա, այլև սահմանափակումներ են դրվում էլեկտրոնային հրատարակությունների վրա։ 2015 թ. հուլիսի 21-ին Ռուսաստանը դարձավ աշխարհում միակ երկիրը, որը արգելեց Եհովայի վկաների պաշտոնական jw.org վեբ կայքը։ Ողջ Ռուսաստանում ինտերնետ պրովայդերները արգելափակեցին կայքը, և նրան, ով ուրիշներին խրախուսի օգտվել վեբ կայքից, մեղադրանք կսպառնա վարչական իրավախախտման կամ քրեական հանցագործության համար։

Այդ արգելքը մեծ խոչընդոտ է ստեղծում Վկաների համար էլեկտրոնային տեսքով կրոնական հրատարակություններ ձեռք բերելու հարցում։ Հատկապես դա մեծ կորուստ է խուլ կամ կույր Եհովայի վկաների համար։ Քանի որ աստվածաշնչյան կրթությունը Վկաների կրոնական արարողությունների հիմնական մասն է, նրանց գրականության վրա դրված սահմանափակումը խոչընդոտում է նրանց երկրպագությանը։

Եհովայի վկաները կոչ են անում ողջամտություն դրսևորել

Ռուսաստանի դատարանները նախկինում մերժել են սուրբ համարվող այլ կրոնական հրատարակությունները արգելելու մասին պահանջները կամ բեկանել արդեն կայացված վճիռները։ 2011 թ.-ին Տոմսկում դատարանը մերժեց հինդուականների «Բհագավադ-Գիտայի» թողարկումներից մեկը արգելելու մասին պահանջը։ 2013 թ.-ին վերաքննիչ դատարանը բեկանեց այն որոշումը, ըստ որի՝ Ղուրանի թարգմանություններից մեկը ճանաչվել էր էքստրեմիստական։

Եհովայի վկաները հույս ունեն, որ Ռուսաստանի դատարանները կմերժեն մաքսատան աշխատակիցների կողմից ներկայացված այն անհեթեթ հայտարարությունը, թե Աստվածաշնչի այդ թարգմանությունը էքստրեմիստական է, և կպարտավորեցնեն թույլ տալ մաքսազերծել Եհովայի վկաների կողմից հրատարակված Աստվածաշնչերն ու կրոնական մյուս գրականությունը։

Ժամանակագրական սանդղակ

  1. Մարտի 1, 2015

    Մաքսատան աշխատակիցները թույլ չտվեցին ներմուծել գրականության բեռը և ապօրինաբար բռնագրավեցին հրատարակությունները։

  2. Մայիսի 4, 2015

    Իշխանությունները թույլ չտվեցին ներմուծել Ռուսաստան ուղարկված գրականության բեռը։ Ավելի ուշ նրանք խուզարկեցին այն և առգրավեցին որոշ առարկաներ, այդ թվում օսեթերեն Աստվածաշնչեր, որ ուսումնասիրեն ու պարզեն, թե արդյոք դրանցում «էքստրեմիզմի» տարրեր կան։

  3. Մայիսի 28, 2015

    Դատարանը Սանկտ Պետերբուրգում հանձնարարեց մի հաստատության «փորձաքննության» ենթարկել 2015 թ. մարտի 1-ին ներմուծված բեռում եղող առարկաները։

  4. Հունիս, 2015

    Մաքսատան աշխատակիցները Վիբորգի սահմանին թույլ չտվեցին ներմուծել երկու բեռ։

  5. Հուլիսի 13, 2015

    Մաքսատան աշխատակիցները թույլ չտվեցին ներմուծել մի բեռ, որում միայն ռուսերեն Աստվածաշնչեր էին։

  6. Օգոստոսի 13, 2015

    Վիբորգի մաքսատան աշխատակիցները որոշում կայացրին բռնագրավել հուլիսի 13-ին ներմուծված Աստվածաշնչի բոլոր 2 013 օրինակները՝ ասելով, թե դրանք գուցե «էքստրեմիզմի» տարրեր պարունակեն։ Պաշտոնյաները Եհովայի վկաների Ֆինլանդիայի մասնաճյուղի դեմ վարչական վարույթ հարուցեցին։

  7. Սեպտեմբերի 1, 2015

    Մայիսի 4-ին ներմուծված օսեթերեն Աստվածաշնչերի և ուրիշ գրականության բեռի վերաբերյալ գործը լսելիս դատավորը մերժեց Վկաների միջնորդությունները և թույլ չտվեց նրանց փաստաբաններին եզրափակիչ ճառ ներկայացնել։

  8. Հոկտեմբերի 30, 2015

    Վիբորգի դատարանը որոշում կայացրեց, որ մաքսատան աշխատակիցները ապօրինաբար խուզարկեն մայիսի 4-ին ներմուծված բեռը։

  9. Նոյեմբերի 17, 2015

    Դատարանը քննեց հուլիսի 13-ին ներմուծված Աստվածաշնչերի վերաբերյալ գործը ու հետաձգեց այն։

^ պարբ. 4 «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» ժամանակակից թարգմանություն է՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։ Վկաները անվճար առաջարկում են այդ թարգմանությունը 120 լեզուներով։

^ պարբ. 6 2016 թ. հունվարի 1-ին Ռուսաստանի դատարանները Եհովայի վկաների 82 հրատարակություններ էքստրեմիստական հայտարարեցին։ Վկաները բողոքարկում են այս որոշումները թե՛ տեղի դատարաններում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

^ պարբ. 8 2015 թ. դեկտեմբերին Վիբորգի մաքսատան աշխատակիցները թույլ չտվեցին ներմուծել յոթ բեռ, որը նախատեսված էր Ռուսաստանի Եհովայի վկաների համար։

^ պարբ. 8 Ռուսաստանի օրենքով պահանջվում է, որ խուզարկությունը և առգրավումը կատարվեն դատարանի որոշմամբ և տեղի ունենան կողմերի ներկայացուցիչների ներկայությամբ։ Յուրաքանչյուր դեպքում մաքսատան աշխատակիցները ոտնահարել են այս դրույթը։