Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 18, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանը անփոփոխ է թողնում Եհովայի վկաների գործունեությունը քրեականացնելու մասին իր որոշումը

2017 թ. հուլիսի 17-ին ակնհայտորեն անտեսելով կրոնի ազատությունը պաշտպանելու վերաբերյալ Ռուսաստանի միջազգային պարտավորությունները՝ Ռուսաստանի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց նախկինում իր կողմից կայացրած որոշումը, որով քրեականացնում է Եհովայի վկաների գործունեությունը։ Այդ որոշմամբ փաստացի արգելք է դրվում ողջ երկրում Եհովայի վկաների դավանանքի վրա։

Գերագույն դատարանի երեք դատավորներից կազմված վերաքննիչ պալատը մերժեց Վկաների բողոքը և անփոփոխ թողեց դատավոր Յուրի Իվանենկոյի՝ ապրիլի 20-ին կայացրած որոշումը։ Այդ որոշմամբ բավարարվել էր ««Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունը և վերջինիս կառուցվածքային մաս հանդիսացող տեղի կրոնական կազմակերպությունները լուծարելու, լուծարված կրոնական կազմակերպության ամբողջ գույքը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու» մասին արդարադատության նախարարության պահանջը։

Վարչական կենտրոնը ներկայացնող իրավաբանական թիմի անդամները

Այդ որոշմամբ մեծ վտանգի տակ է դրվում Ռուսաստանում 175 000 Եհովայի վկաների անվտանգությունն ու բարօրությունը։ Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Եհովայի վկաների համաշխարհային համայնքը խորապես մտահոգված է Ռուսաստանում իրենց հոգևոր քույրերի և եղբայրների բարօրությամբ։ Վերաքննիչ պալատի որոշումը օրինականության շղարշ է ստեղծում բռնությունների համար, որոնք արդեն կիրառվում են Ռուսաստանում Եհովայի վկաների նկատմամբ, և անպաշտպան է դարձնում նրանց քրեական հետապնդման և հետագա բռնությունների համար։ Նրանք վտարանդի են դարձել իրենց իսկ երկրում»։

Ռուսաստանում Եհովայի վկաները արդարությունը վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով։ Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում նրանց հավատակիցները աղոթում են, որ Ռուսաստանի կառավարությունը վերանայի իր դիրքորոշումը և հարգի մարդու հիմնարար իրավունքները, որպեսզի Վկաները կարողանան «շարունակել հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ», ինչպես նշվում է 1 Տիմոթեոս 2։2-ում։