Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վկաները դիմում են Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարան Սամարայում իրենց իրավաբանական անձը լուծարելու պատճառով

Վկաները դիմում են Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարան Սամարայում իրենց իրավաբանական անձը լուծարելու պատճառով

2014 թ. հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը կքննի Սամարայում Եհովայի վկաների բողոքը տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ) լուծարելու վերաբերյալ։ Ավելի վաղ ստորին ատյանի դատարանի որոշմամբ սահմանվել էր, որ Սամարայի ՏԿԿ-ն համարվում է ծայրահեղական։ Եթե գերագույն դատարանը չբեկանի այդ որոշումը, Սամարայում բնակվող ավելի քան 1 500 Վկաներ կարող են բախվել լուրջ խնդիրների։

Սամարայի մարզային դատախազությունը դիմում է ագրեսիվ գործողությունների

ՏԿԿ-ի դեմ գործ է հարուցվել 2014 թ. ապրիլին, երբ Սամարայի մարզային դատախազությունը դիմել է Սամարայի մարզային դատարան ՏԿԿ-ն լուծարելու պահանջով «ծայրահեղական գործունեություն իրականացնելու համար»։ Նախքան մարզային դատարանի կողմից գործի քննությունը, դատախազությունը արդեն կասեցրել էր ՏԿԿ-ի գործունեությունը և գույքը ժամանակավորապես կալանքի տակ էր դրել։ Դատախազության այս որոշումից հետո և նախքան մարզային դատարանի կողմից գործի քննությունը սկսելը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Սամարայի ՏԿԿ-ն ներառել էր այն կրոնական միավորումների ցանկում, որոնց գործունեությունը կասեցվել է ծայրահեղական համարվելու պատճառով։ Այնուհետև 2014 թ. մայիսի 29-ին դատավոր Շաբաևան վճիռ է կայացրել հօգուտ դատախազության և սահմանել, որ ՏԿԿ-ն պետք է լուծարվի, իսկ ՏԿԿ-ի գույքը առգրավվի։

Առաջին անգամ չէ, որ Սամարայի մարզային դատախազությունը մեղադրանք է ներկայացնում Սամարայի ՏԿԿ-ի դեմ՝ փորձելով լուծարել այն։ 2009-ին դատախազությունը դիմել էր դատարան, սակայն հետո՝ հրաժարվել մեղադրանքից։ Սույն գործով արդեն Սամարայի իրավապահ մարմինները իրենց նպատակին հասնելու համար այլ ճանապարհ ընտրեցին։

Ռուսաստանի ատյանները լուծարում են ՏԿԿ-ն կասկածելի հիմքերով

2013-ի հունվարին և 2014-ի հունվարին տեղի ոստիկանությունը խուզարկել է այն շինությունները, որոնք Եհովայի վկաները վարձակալել էին երկրպագության համար, և «հայտնաբերել» կրոնական հրատարակություններ, որոնք գտնում էին ծայրահեղական նյութերի պետական ցուցակում։ Սամարայի քաղաքային դատախազությունը նախազգուշական գրություն է ուղարկել ՏԿԿ-ին 2013 թ. խուզարկության վերաբերյալ և այն բանից հետո, երբ ոստիկանությունը 2014 թ. հունվարին կրկին հայտնաբերեց կրոնական հրատարակություններ, դատախազությունը վարչական վարույթ սկսեց ՏԿԿ-ի դեմ։ 2014 թ. մարտի 7-ին Սամարայի Սովեցկի շրջանային դատարանը ՏԿԿ-ի նկատմամբ սահմանեց 50 000 ռուբլի (1 383 ԱՄՆ դոլար) տուգանք։ Սամարայի Եհովայի վկաները համոզված են, որ խուզարկության երկու դեպքում էլ ծայրահեղական համարվող գրականության առկայությունը ոստիկանության ձեռքի գործն էր։ Դրանից հետո Եհովայի վկաները վիճարկել են այդ դատարանների վճիռները, որոնցով իրենց հրատարակությունները ճանաչվել էին ծայրահեղական, և դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սովեցկի շրջանային դատարանի վճիռը ուժի մեջ մտնելուց հետո 2014 թ. ապրիլին Սամարայի մարզային դատախազությունը դիմեց Սամարայի մարզային դատարան ՏԿԿ-ի ծայրահեղական լինելու մեղադրանքով, ինչի նպատակն էր լուծարել այն։ Վկաների գործով փաստաբանները փաստեր ներկայացրին դատավոր Շաբաևային այն մասին, որ ՏԿԿ-ն լուծարելու համար որևէ հիմք չկա, և որ ՏԿԿ-ի կամ Եհովայի վկաների գործունեության կամ համոզմունքների մեջ չկա որևէ ծայրահեղական տարր։ Նրանք նաև հիմքեր ներկայացրին այն մասին, որ «արգելված» հրատարակությունները ոստիկանությունն էր իր հետ բերել երկրպագության վայր։ Չնայած դրան՝ դատավոր Շաբաևան վճիռ կայացրեց Սամարայի ՏԿԿ-ն լուծարելու մասին։

Կշարունակե՞ն Ռուսաստանի իշխանությունները սահմանափակել երկրպագելու ազատությունը

Սամարայում տեղի ունեցող դեպքերը զարգանում էին նույն ընթացքով, որով Ռուսաստանի իրավապահ մարմինները գործում էին Տագանրոգի Եհովայի վկաների դեմ, որտեղ առաջին անգամ սխալ ձևով կիրառվեց Ծայրահեղականության դեմ պայքարի մասին դաշնային օրենքը Վկաների երկրպագության առնչությամբ։ 2009-ին իշխանություններին հաջողվեց Տագանրոգի ՏԿԿ-ն լուծարել։ Այնուհետև նրանք քրեական գործ հարուցեցին անհատ Վկաների դեմ։ Հարուցված քրեական գործերի արդյունքում 7 Վկաների նկատմամբ կայացվեց մեղադրական դատավճիռ զուտ այն պատճառով, որ նրանք հաճախել էին կրոնական հանդիպումների։ Սամարայում ապրող Եհովայի վկաներին մտահոգում է այն, որ նույն խնդրի առաջ կկանգնեն, ինչ իրենց հավատակիցները։

Ի՞նչ մասշտաբների կհասնի Ռուսաստանի իշխանությունների կողմից Եհովայի վկաների երկրպագությունը սահմանափակելուն միտված այս հարձակումը։ 2014-ի հունիսից սկսած՝ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ռուսաստանի տարբեր մասերում ապրող Վկաների դեմ այսպես կոչված ծայրահեղական համարվող գրականություն տարածելու համար։ Սամարայում ապրող Եհովայի վկաները հույս ունեն, որ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը կվերականգնի արդարությունը։