Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 7, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը գույքի բռնագրավման գործով որոշում է կայացնում ընդդեմ Եհովայի վկաների

2018 թ. մայիսի 3-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը մերժեց Եհովայի վկաների բողոքը, որով նրանք ցանկանում էին կանխել Սոլնեչնոյեում իրենց վարչական կենտրոնի բռնագրավումը։ Որոշումն արդեն ուժի մեջ է, և պետությունը կարող է ցանկացած պահի բռնագրավել գույքը։

Այս որոշմամբ անփոփոխ մնաց Սեստրորեցկի շրջանային դատարանի՝ ավելի վաղ կայացրած վճիռը և անվավեր ճանաչվեց Սոլնեչնոյեում գտնվող գույքը Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Փենսիլվանիա) սեփականության իրավունքով փոխանցելու մասին 17 տարվա պայմանագիրը։ Պայմանագիրը անվավեր ճանաչելը հիմք հանդիսացավ դատարանի համար՝ պնդելու, որ գույքի սեփականատերը միշտ էլ եղել է Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը։ Հետևաբար պետությունը կարող է առգրավել գույքը, քանի որ 2017 թ. ապրիլին Գերագույն դատարանի որոշմամբ վարչական կենտրոնը լուծարվել է։ Այս անհիմն «պատճառաբանությունը» օրինականության շղարշ է ստեղծում կառավարության կողմից գույքի կամայական բռնագրավման համար։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Այս որոշումը արդարության աղաղակող ոտնահարում է։ Գույքը նվիրված էր Աստծուն և օգտագործվում էր Ռուսաստանում Եհովայի վկաների խաղաղ կրոնական գործունեությանը աջակցելու նպատակով։ Կառավարությունը փաստացի կողոպտում է այն, և մենք պատրաստվում ենք այս անարդարության մասին բարձրաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։