Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 6, 2016
ՌՈՒԱՆԴԱ

Ռուանդա. պաշտպանվում է օրենքի գերակայության սկզբունքը

Ռուանդա. պաշտպանվում է օրենքի գերակայության սկզբունքը

Շնորհիվ Ռուանդայի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) և անկողմնակալ դատավորների ջանքերի երկար պայքարից հետո Եհովայի վկաների գործով արդար որոշում կայացվեց։ Սկզբում Գերագույն դատարանը որոշում էր կայացրել ընդդեմ Եհովայի վկաների և պարտավորեցրել էր նրանց փոխհատուցել այն շինության սեփականատերերին հասցված վնասը, որը քանդելու վերաբերյալ Կիգալիի իշխանությունները որոշում էին կայացրել։ Սակայն օմբուդսմենը նկատեց, որ ակնհայտ անարդարություն է դրսևորվել, և դիմեց Գերագույն դատարան, որ գործը կրկին քննվի։

Կիգալիի իշխանությունները պահանջում են բարեկարգել շրջակա տարածքը

Քաղաքը մաքրելու ծրագրի շրջանակներում 2006 թ.-ին Կիգալիի իշխանությունները որոշում կայացրին հասարակական տարածքներում կառուցված կրպակները քանդելու մասին։ Նույն որոշման մեջ նշվում էր, որ քաղաքացիները պետք է բարեկարգեն և կանաչապատեն իրենց գույքի հարակից հասարակական տարածքը։

Այդ որոշման մեջ նաև նշվում էր, որ պետք է քանդել բոլոր ապօրինի շինությունները։ Այդպիսի շենքերից մեկն էլ պրն. Նգայաբատերանյային պատկանող շինությունն էր, որը նա կառուցել էր հասարակական տարածքում՝ առանց թույլտվության։ Բացի այդ, նա այդ շինությունը կառուցել էր այնպիսի շինանյութերով և մեթոդներով, որոնք չէին համապատասխանում շինարարական նորմերին։ Երբ շենքը քանդելու համար հատկացված 21 օրվա ժամկետը սպառվեց և ոչ մի քայլ չձեռնարկվեց, Գասաբո շրջանի ղեկավարը որոշում կայացրեց ապօրինի շինությունները քանդելու մասին։ Շինությունը քանդելու հետ մեկտեղ Եհովայի վկաների տեղի գրասենյակը, որը նույնպես գտնվում է Կիգալի պրովինցիայի Գասաբո շրջանի Ռեմերա սեկտորում, բարեկարգեց իր շինության հարակից հասարակական տարածքը՝ կառուցելով մայթ և պուրակ։

Միջնորդ դատարանը պատասխանատու ճանաչեց Վկաներին

Երբ քաղաքի իշխանությունները քանդեցին պրն. Նգայաբատերանյայի շենքը, նա և մյուս սեփականատերերը դիմեցին Գասաբոյի միջնորդ դատարան՝ Վկաներին մեղադրելով շենքը քանդելու մեջ։ Նրանք պահանջեցին շինությունը քանդելու համար իրենց տրամադրել փոխհատուցում, թեև չկարողացան դատարանին ներկայացնել այդ պահանջը հիմնավորող որևէ ապացույց։ Եհովայի վկաները տրամադրեցին փաստաթղթեր, որոնք փաստում էին, որ քաղաքի իշխանություններն են պատասխանատու քանդման աշխատանքների համար։ Չնայած այդ ամենին՝ միջնորդ դատարանը անտեսեց այդ ապացույցները և որոշում կայացրեց ընդդեմ Վկաների։

Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարում որոշումը

Վկաները դիմեցին վերաքննիչ դատարան՝ արդարությունը վերականգնելու համար։ Ապացույցները քննելուց հետո վերաքննիչ դատարանը սահմանեց, որ միջնորդ դատարանը հիմնավոր ապացույցներ չուներ նման որոշում կայացնելու համար։ 2010 թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ դատարանը սահմանեց, որ պրն. Նգայաբատերանյան և մյուս սեփականատերերը ակնհայտ անհիմն պահանջ են ներկայացրել, և պարտավորեցրեց նրանց 800 000 ռուանդական ֆրանկ (1 360 ԱՄՆ դոլար) վճարել պատճառված վնասի և ծախսերի համար։

Գերագույն դատարանը անտեսում է կարևոր ապացույցները

Պրն. Նգայաբատերանյան բողոքարկեց որոշումը Ռուանդայի Գերագույն դատարան։ Դատաքննության ժամանակ Ռեմերայի գործադիր քարտուղարը ցուցմունք տվեց այն մասին, որ պրն. Նգայաբատերանյայի շինությունը ապօրինի է կառուցվել և հետևաբար քանդվել է քաղաքի կառուցապատման պետական ծրագրի շրջանակներում։ Գերագույն դատարանը սահմանեց, որ փաստացի Եհովայի վկաները չեն քանդել շինությունը։ Սակայն նշեց, որ Վկաներն են հրահրել, որ այդ աշխատանքները իրականացվեն։ Դատարանը անտեսեց կարևոր ապացույցները և հանգեց այն եզրակացության, որ Վկաները ապօրինաբար օգտվել են այդ հնարավորությունից, որպեսզի կանաչապատեն այդ տարածքը։ Դատարանի որոշմամբ բողոքաբերներին որպես վնասի հատուցում պետք է վճարվեր 22 055 242 ռուանդական ֆրանկ (ավելի քան 33 000 ԱՄՆ դոլար)։ Վկաները 2013 թ. ապրիլի 4-ին հակառակ իրենց կամքի վճարեցին գումարը։

Օմբունդսմենը կոչ է անում Գերագույն դատարանին վերականգնել արդարությունը

Եհովայի վկաները դիմեցին օմբուդսմենի գրասենյակ, քանի որ իրենց նկատմամբ կեղծ մեղադրանք էր ներկայացվել և իրենք անարդարացիորեն մեղավոր էին ճանաչվել պրն. Նգայաբատերանյայի շինությունը քանդելու մեջ։ Ռուանդայի գլխավոր օմբուդսմենը՝ տիկին Ալոիզի Կյանզայիրեն, քննեց բողոքը և Գերագույն դատարանի որոշումը։

Փաստերը քննելուց հետո տիկին Կյանզայիրեն հանգեց այն եզրակացության, որ պետությունը քանդել է շինությունը, քանի որ պրն. Նգայաբատերանյան չէր կատարել Ռուանդայի օրենքի պահանջները։ Նա նաև նշեց, որ հիմքեր չկան Վկաներին մեղավոր ճանաչելու այն բանում, որ նրանք, հետևելով պետական ծրագրի պահանջներին, բարեկարգել են շրջակա հասարակական տարածքը։ Վկաների կատարած կանաչապատման ու կառուցապատման աշխատանքները «կարևոր քայլ էին» և «պետության համար մեծ աջակցություն, որը մեծապես նպաստեց քաղաքի բարեկարգմանը»։

Ապօրինի շինությունները՝ նախքան քանդման մասին որոշումը, և բարեկարգված հասարակական տարածքը

2013 թ. դեկտեմբերի 4-ին տիկին Կյանզայիրեն պահանջեց, որ Գերագույն դատարանը վերանայի իր որոշումը ընդդեմ Եհովայի վկաների։ Այն բանից հետո, երբ գործը քննվեց դատավորների մեկ այլ կազմով, 2014 թ. հոկտեմբերի 17-ին Դատարանը բեկանեց իր իսկ որոշումը՝ սահմանելով, որ պրն. Նգայաբատերանյայի բողոքը անհիմն է, և պահանջեց, որ վերջինս վերադարձնի այն գումարը, որը նա ստացել էր որպես վնասի հատուցում, և վճարի դատական ծախսերը։ Եհովայի վկաներին ներկայացնող փաստաբանն ու հարկադիր կատարողը այժմ փորձում են հետ ստանալ այդ գումարը։

Օրենքը ծառայում է իր նպատակին

Եհովայի վկաները ուրախ են տիկին Կյանզայիրեի՝ որպես օմբուդսմենի աջակցության համար, նաև այն բանի համար, որ Գերագույն դատարանը վերանայեց իր որոշումը։ Անկասկած, բոլոր օրինապահ քաղաքացիները բարձր են գնահատում այն, որ Ռուանդայում գործում է արդարությունը վերականգնելու և օրենքի գերակայության սկզբունքը պաշտպանելու արդյունավետ մեխանիզմ։