Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 2, 2015
ՌՈՒԱՆԴԱ

Ռուանդայի դատարանը պաշտպանում է կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը

Ռուանդայի դատարանը պաշտպանում է կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը

Ռուանդայի Կարոնգիի շրջանի դատարանը պաշտպանեց Եհովայի վկա ութ աշակերտների կրոնի ազատության իրավունքը։ Մեղադրանքը կայանում էր նրանում, որ նրանք, ելնելով իրենց համոզմունքներից, հրաժարվել են կրոնի դասերին մասնակցելուց։

Ռուանդայի դպրոցների մեծ մասը հարում է որևէ կրոնական կազմակերպության։ Այս դպրոցներից մի քանիսը պահանջում են, որ աշակերտները մասնակցեն կրոնական արարողություններին և եկեղեցուն հարկ վճարեն։ Քանի որ Եհովայի վկա աշակերտները հրաժարվում են այդ պահանջները կատարելուց, դպրոցի տնօրինությունները 2008-ից 2014 թվականների ընթացքում դպրոցից հեռացրել են 160 աշակերտների։ Թեև այս համատարած խնդիրը շարունակական բնույթ է կրում, սակայն Կարոնգիի գործը (Արևմտյան նահանգ) ցույց է տալիս, որ Ռուանդայի իշխանությունները կարող են հաջողության հասնել կրոնական խտրականության դեմ պայքարում։

Աշակերտները ենթարկվում են կրոնական խտրականության

2014 թ. մայիսի 12-ին Կարոնգիի «Մուսանգո» դպրոցական համալիրից հեռացվեցին 13-ից 20 տարեկան ութ Վկա աշակերտներ կրոնական արարողություններին չմասնակցելու պատճառով։ Երբ աշակերտներին հեռացրին դպրոցներից, նրանց ծնողները դիմեցին Ռուանկուբայի գործադիր քարտուղարությանը։ Վերջինս կարգադրեց Վկա աշակերտներին հետ ընդունել դպրոց։ Համաձայն չլինելով որոշման հետ՝ դպրոցների տնօրինությունները մեկ այլ քայլի դիմեցին. նրանք մեղադրեցին աշակերտներին ազգային հիմնի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ, քանի որ աշակերտները հրաժարվել էին հիմնը երգելուց։ 2014 թ. հունիսի 4-ին նրանց դպրոց հետ ընդունելուց ընդամենը երկու օր հետո ոստիկանությունը եկավ դպրոց և ձերբակալեց նրանց։

Նրանք ձերբակալված մնացին 6 օր։ Ոստիկանները սպառնացին նրանց, վիրավորեցին և նույնիսկ ծեծեցին երկու աշակերտների՝ պատճառաբանելով, որ նրանք ազդեցություն են բանեցնում իրենցից փոքրերի վրա։

Դատարանը աշակերտների նկատմամբ արդարացման վճիռ է կայացնում

2014 թ. հունիսի 9-ին ոստիկանությունը ազատ արձակեց աշակերտից յոթին, իսկ դատախազը ամենափոքրի նկատմամբ առաջադրված մեղադրանքից հրաժարվեց։ Սակայն տարիքով ամենամեծ աշակերտը ևս ինը օր մնաց ոստիկանությունում։ Այնուհետև դատավորը պայմանականորեն ազատ արձակեց նրան՝ պահելով դատական վերահսկողության տակ մինչև 2014 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք դատական նիստը։

Նիստի ժամանակ դատավորը հարցաքննեց յուրաքանչյուր աշակերտի։ Հանդես գալով մյուսների անունից՝ աշակերտներից մեկը դատավորին բացատրեց, որ դպրոցից իրենց հեռացնելու իրական պատճառը ոչ թե ազգային հիմնը չերգելն է, այլ եկեղեցուն հարկ չվճարելն է և դպրոցում կրոնական արարողություններին չմասնակցելը։

Այնուհետև դատավորը խնդրեց դատախազին ներկայացնել հավելյալ ապացույցներ հիմնավորելու ազգային «հիմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ցույց տալու վերաբերյալ մեղադրանքը։ Երբ դատախազը ճնշում գործադրեց աշակերտների վրա՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար, աշակերտները ևս մեկ անգամ հաստատեցին, որ նրանք որևէ անհարգալից վերաբերմունք չեն ցուցաբերել, երբ ուրիշները երգում էին ազգային հիմնը։

Կարոնգիի միջնորդ դատարանը 2014 թ. նոյեմբերի 28-ի իր որոշմամբ սահմանեց, որ ազգային հիմնը երգելուց հրաժարվելը «չպետք է համարվի սրբապղծություն կամ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։ Դատարանի որոշմամբ կիրառվեց օրենքը, աշակերտները արդարացվեցին։ Այն նաև կարող է օգնել վերջ դնելու Ռուանդայի դպրոցներում կրոնական խտրականությանը։

Ակնկալիք ճանաչելու հիմնարար իրավունքները

Ռուանդայում Եհովայի վկաները ուրախ են, որ «Մուսանգո» դպրոցական համալիրի աշակերտների գործը նման դրական ավարտ ունեցավ։ Սակայն այլ դեպքերում, երբ Վկա երեխաները հեռացվում են դպրոցից կրոնական համոզմունքների պատճառով, նրանք այլ ընտրություն չեն ունենում. միակ տարբերակը դպրոցը փոխելն է։ Նրանցից ոմանք չեն կարող շարունակել իրենց կրթությունը, քանի որ մասնավոր դպրոցում սովորելուց բացի այլ ընտրություն չունեն, իսկ մասնավոր դպրոցի ուսման վարձը վեր է ընտանիքի ֆինանսական միջոցներից։

Վկա ծնողները, ինչպեսև մյուս բոլոր ծնողները, ուզում են, որ իրենց երեխաները դառնան հասարակությանը պիտանի մարդիկ ու այնպիսի հմտություններ զարգացնեն, որոնք պետք կգան կյանքում։ Եհովայի վկաները հուսով են, որ Կարոնգիի՝ այս դրական որոշումը կմղի Ռուանդայի դպրոցներին հարգելու աշակերտների խղճի և կրոնի ազատության իրավունքը։

Ռուանդայում չափահասության տարիքը համարվում է 21 տարեկանը (քաղաքացիական օրենսգրքի 360 հոդված)