Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 8, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի դատարանները ճանաչում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը զորահավաքի պայմաններում

Ուկրաինայի դատարանները ճանաչում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը զորահավաքի պայմաններում

Ուկրաինայի արևելյան շրջաններում զանգվածային անկարգությունների և պատերազմի պատճառով Ուկրաինայի նախագահը 2014 թ. ամռանը մասնակի զորահավաքի մասին հրաման ստորագրեց։ Ուկրաինայի բանակի նախկին զինվոր Վիտալի Շալայկոն, որն այժմ Եհովայի վկա է, ծանուցագրի հիման վրա ներկայացավ զինվորական կոմիսարիատ։ Այնտեղ նա բացատրեց, որ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից, և նշեց, որ պատրաստ է կատարելու այլընտրանքային ոչ զինվորական ծառայություն։

Զինվորական կոմիսարիատը մերժեց պրն Շալայկոյի՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և քրեական գործ հարուցեց զորահավաքի ժամանակ զինծառայությունից խուսափելու հիմքով։ Ուկրաինայում զինված հակամարտության պայմաններում դա առաջին դեպքն էր, երբ անհատը համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից զորահավաքի ժամանակ։

Որպես նախկին զինվոր՝ պրն Շալայկոն հասկանում է, որ կառավարության նպատակն է պաշտպանել պետական շահերը և իր քաղաքացիների անվտանգությունը։ Սակայն զորակոչվելու հարցը նա դիտում է «կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» աստվածաշնչյան սկզբունքի լույսի ներքո։ * Որպես քրիստոնյա ծառայող՝ նա պարտավորված է զգում հարգել մարդկային կյանքը և սեր ցուցաբերել բոլոր մարդկանց նկատմամբ ցանկացած իրավիճակում։ *

Առաջին ատյանի դատարան. արդյո՞ք այլընտրանքային ծառայությունը զինվորական պարտավորությունից խուսափելն է

2014 թ. նոյեմբերի 13-ին Դնեպրոպետրովսկ մարզի Նովոմոսկովսկ քաղաքի շրջանային դատարանը քննեց քրեական գործը, որով պրն Շալայկոն մեղադրվում էր զորահավաքից խուսափելու մեջ։ Դատարանը սահմանեց, որ նա չի խուսափել զինկոմիսարիատի աշխատակիցներից և քննիչներից, այլ ծանուցագիր ստանալուն պես ներկայացել է համապատասխան մարմիններին։ Դատարանի վճռով պրն Շալայկոն «իրավունք ունի զինվորական պարտավորությունը, այդ թվում զորահավաքի ժամանակ զինծառայությունը փոխարինել այլընտրանքային ծառայությամբ, քանի որ նա այնպիսի կազմակերպության անդամ է, որի կրոնական ուսմունքները թույլ չեն տալիս զենք կրել»։

Բացի այդ, շրջանային դատարանը հաստատեց, որ պրն Շալայկոյի այլընտրանքային ծառայության իրավունքը «երաշխավորված է Ուկրաինայի Սահմանադրությամբ»։ Այնուհետև հայտնեց այն դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով * և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով պաշտպանվում է կրոնի ազատությունը։ Դատարանը պրն Շալայկոյին արդարացրեց զորահավաքից խուսափելու մեղադրանքից։ Դատախազը բողոքարկեց վճիռը։

Վերաքննիչ դատարան. արդյո՞ք զորահավաքը վեր է խղճի ազատությունից

Իր բողոքում դատախազը նշել էր, որ հայրենիքը պաշտպանելու սահմանադրական պարտականությունը վեր է կրոնի ազատության և զինծառայությունը այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունքից։ Նա պատճառաբանել էր, որ ՄԻԵԴ-ի համապատասխան վճիռները կիրառելի չեն զորահավաքի ժամանակ։

2015 թ. փետրվարի 26-ին Դնեպրոպետրովսկի մարզի վերաքննիչ դատարանը որոշեց, որ «խղճի հիմնավորմամբ զորահավաքից հրաժարվելը առանց հիմնավոր պատճառի զորահավաքից խուսափել չէ»։ Իր որոշման մեջ դատարանը հաշվի առավ պրն Շալայկոյի կրոնական համոզմունքները և հղում արեց ՄԻԵԴ-ի վճիռներին՝ նշելով, որ «նման կրոնական համոզմունքները պաշտպանում են [Եվրոպական] կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված» * մտքի, խղճի և կրոնի ազատությունը։

Վերաքննիչ դատարանը նաև ճանաչեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը թույլ չի տալիս, որ ««պետական անվտանգության».... մասին մտահոգությամբ արդարացվի երաշխավորված իրավունքների սահմանափակումները»։ Դատարանը պատճառաբանեց, որ «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ազգային անվտանգության շահերի պատճառով»։ Այն եզրակացրեց, որ այլընտրանքային ծառայություն կատարելու իրավունքի մասին Ուկրաինայի օրենսդրությունը կիրառելի է նույնիսկ զորահավաքի ժամանակ։ Անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը՝ վերաքննիչ դատարանը արդարացրեց Վիտալի Շալայկոյին։

Մարդու իրավունքների իրականացումը հանցանք չէ

Ուկրաինայի արևելյան շրջանում առաջին ատյանի վճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը ճանաչում և պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու իրավունքները նույնիսկ արտակարգ իրավիճակներում։ Պրն Շալայկոյի գործով կայացված դատական ակտերը նաև համապատասխանում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի հարցում միջազգային իրավունքի ձեռքբերումներին։ *

Այդուհանդերձ, դատախազը բողոքարկել է այդ դատական ակտերը քաղաքացիական և քրեական գործերով Ուկրաինայի Գերագույն դատարան՝ ներկայացնելով նույն փաստարկները, որոնք արդեն քննվել և մերժվել են վերաքննիչ դատարանի կողմից։ 2015 թ. ապրիլի 30-ին Վիտալի Շալայկոյի փաստաբանը ներկայացրեց դատախազի բողոքի վերաբերյալ առարկություններ։

Վիտալի Շալայկոն Ուկրաինայում բնակվող այն հազարավոր Վկաներից մեկն է, որ զորակոչվել է զինծառայության։ Եհովայի վկաները հարգալից կերպով են արձագանքում զինկոմիսարիատից ստացած ծանուցագրերին և խնդրում այլընտրանքային ծառայություն, որը չի հակասի իրենց կրոնական համոզմունքներին։ Սովորաբար նման խնդրանքները բավարարվում են, և ընդամենը մի քանի Վկաներ են ենթարկվել հետապնդման։ Այժմ Ուկրաինայի բարձր ատյանն է որոշելու, թե արդյոք Ուկրաինան կճանաչի Եհովայի վկաների՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

^ պարբ. 7 1997 թ.-ին Ուկրաինան վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

^ պարբ. 10 Վերաքննիչ դատարանի որոշումը մասնավորապես անդրադարձել է «Մոսկվայի Եհովայի վկաները և այլք ընդդեմ Ռուսաստանի» և «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճիռներին

^ պարբ. 13 Տե՛ս «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» [ՄՊ], թիվ 23459/03 գործով վճիռը, §§ 98–111, ՄԻԵԴ 2011 թ., Ջոնգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», UN Doc CCPR/C/101D/1642–1741/2007 (24 մարտի, 2011 թ.) §§ 7.2-7.4։