Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2015
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի արևելյան շրջաններում առգրավվել են կրոնական շինություններ

Ուկրաինայի արևելյան շրջաններում առգրավվել են կրոնական շինություններ

Ուկրաինայում զինված խմբավորումները հարկադրաբար վերցրել են Եհովայի վկաներին պատկանող 14 Թագավորության սրահներ (երկրպագության անցկացման վայրեր)։ Առգրավված շինությունները գտնվում են երկրի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որտեղ ամիսներ շարունակ թեժ մարտեր են ընթանում։ Եհովայի վկաները այս զինված մարդկանց թիրախում են, քանի որ վերջիններս նախապաշարում ունեն նրանց նկատմամբ ու չեն հարգում կրոնի և միավորվելու ազատության նրանց իրավունքը։

Ավելի քան 20 տարի Եհովայի վկաները Ուկրաինայում ունեցել են երկրպագելու ազատություն։ Լվովում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղից Վասիլ Կոբելը ասում է. «Մենք կանոնավորաբար հավաքվել ենք մեր երկրպագության վայրերում՝ Աստվածաշունչ կարդալու և աղոթելու համար և միշտ ձգտել ենք բարերար ազդեցություն թողնել մեր շրջապատի մարդկանց վրա։ Սակայն վերջին ամիսներին երկրի արևելյան մասում խառնաշփոթ իրավիճակը իր բացասական ազդեցությունն է թողել Ուկրաինայի ժողովրդի վրա, այդ թվում նաև Եհովայի վկաների։ Մենք նույնպես բռնության զոհ ենք դարձել»։

Պարոն Կոբելը խոսում էր Ուկրաինայում ապրող 150 000 Եհովայի վկաների անունից։ Վերջին ամիսներին հազարավոր Վկաներ հեռացել են պատերազմական գոտուց, սակայն մոտ 17 500 Վկաներ, ովքեր մնացել են Դոնեցկում և Լուգանսկում, փորձում են շարունակել իրենց բնականոն կյանքը՝ չնայած տարածաշրջանի անկայունությանը։ Քանի որ նրանց Թագավորության սրահները առգրավված են, հազարավոր Վկաներ երկրպագության վայրեր չունեն և ստիպված են հավաքվել տներում, որտեղ նեղվածք է լինում։ Ուրիշներն էլ երկու ժամ ճանապարհ են անցնում, որպեսզի ներկա լինեն կրոնական հանդիպումներին։

Թագավորության սրահների առգրավումը որպես կրոնական ատելության դրսևորում

Թագավորության սրահների առգրավումը նպատակային հարձակում է Վկաների և նրանց կրոնական համոզմունքների դեմ, որով դրսևորվում է նրանց հանդեպ խտրական վերաբերմունքը։ Խմբավորման մի հրամանատար նշեց, որ մտադիր է «վերացնել բոլոր Եհովայի վկաներին», քանի որ իր կարծիքով՝ ուղղափառ եկեղեցին այդ շրջանում միակ թույլատրելի կրոնն է։ Մեկ այլ հրամանատար նշեց. «Եհովայի վկաների համար ամեն ինչ վերջացած է»։ Չնայած այս սպառնալիքներին՝ Վկաները վճռական են շարունակել իրենց ակտիվ գործունեությունը Ուկրաինայում։

Թեև Վկաներից ոչ ոք չի տուժել առգրավման ժամանակ, սակայն նրանց անվտանգությունը և հավատակիցների հետ միավորվելու ազատությունը սպառնալիքի տակ է։ Մի անգամ Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքում զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ կրոնական հանդիպման ժամանակ՝ վախեցնելով տարեցներին ու երեխաներին։ Մեկ ուրիշ վայրում, երբ Վկաները եկան Թագավորության սրահ կրոնական հավաքույթ անցկացնելու, ցնցվեցին, երբ տեսան, որ դռների փականները փոխվել են և շինությունը օգտագործվում է որպես զորանոց։

Քայլեր՝ խնդիրը լուծելու համար

Պարոն Կոբելն ասում է. «Լվովում գտնվող մասնաճյուղը կապ է հաստատել կառավարության տարբեր նախարարությունների և այլ պաշտոնյաների հետ՝ տեղեկացնելու գույքերի ապօրինի առգրավման դեպքերի մասին։ Այսպես կառավարությանը տեղեկացվում է, որ այն, ինչ տեղի է ունենում այդ շինություններում, և այն գործողությունները, որ իրականացվում են առգրավողների կողմից, դուրս է մեր վերահսկողությունից»։ Բացի այդ մասնաճյուղը հանձնարարել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում գտնվող Եհովայի վկաների ժողովներում պատասխանատվություն ունեցող անձանց անել ամեն հնարավոր բան Վկաների անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց հիշեցվել է, որ կյանքը շատ ավելի թանկ է, քան շինությունները, և որ որևէ գործողություն չպետք է ձեռնարկվի, ինչը վտանգի տակ կդնի թեկուզ մի Վկայի անվտանգությունը։

Ելնելով տիրող խառնաշփոթից՝ ներկայումս Թագավորության սրահները հետ ստանալու որևէ իրավական միջոց չի ձեռնարկվել։ Չնայած Սրահների առգրավման հետևանքով առաջացած դժվարություններին՝ Վկաները վճռական են շարունակելու իրենց կրոնական գործունեությունը։ Նրանք սպասում են այն ժամանակներին, երբ իրենց կվերադարձվեն այդ շինությունները և նրանք կրկին հնարավորություն կունենան ապահով ու հարմարավետ պայմաններում հավաքվելու և շփվելու իրենց հավատակիցների հետ։