Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 28, 2014
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայում իրավապահների անգործությունը նոր հանցանքներ է ծնում

Ուկրաինայում իրավապահների անգործությունը նոր հանցանքներ է ծնում

«Երբ հանցանքը չի պատժվում, մարդիկ ավելի վճռական են դառնում չարիք գործելու»։ Այս ասույթի ճշմարտացիությունը ակնհայտ երևում է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից. գնալով ավելանում է այն Վկաներ թիվը, ովքեր դառնում են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների զոհ։ Եհովայի վկաները շնորհակալ են, որ Ուկրաինայի կառավարությունը երաշխավորում է պաշտամունքի ազատությունը, սակայն նրանք անհանգստացած են իրենց դեմ կատարվող ոտնձգությունների աճով, իսկ իշխանությունները իրենց վերաբերմունքով թույլ են տալիս, որ հանցագործները շարունակեն իրենց սև գործն ու մնան անպատիժ։

Հարձակումների թվի աճը

Սկսած 2008 թ.-ից՝ Եհովայի վկաների դեմ 64 ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել։ Այդ դեպքերը տեղի են ունեցել կրոնական գործունեություն իրականացնելիս կամ այն ավարտելուց անմիջապես հետո։ 64 դեպքերից 16-ը կատարվել են ուղղափառ քահանաների կողմից։

2008–2013 թթ.-ին գրանցվել են նաև Թագավորության սրահների նկատմամբ 190 վանդալիզմի դեպքեր և հրկիզման 13 փորձ է արվել։ 2012 և 2013 թթ.-ին վանդալիզմի դեպքերը կրկնապատկվել են՝ համեմատ նախորդ չորս տարիներին։

Հարձակումների դաժանության աստիճանը նույնպես գնալով մեծանում է։ 2012-ին Դոնեցկի մարզում երկու Թագավորության սրահ ամբողջովին մոխիր դարձավ։ 2013-ին կատարված ֆիզիկական բռնության դեպքերի զոհերի վիճակը այնքան ծանր էր, որ նրանք երկար ժամանակ հոսպիտալացված մնացին։

Վկաները պաշտպանության համար դիմել են իշխանություններին, սակայն դա չի թեթևացրել նրանց վիճակը, քանի որ իշխանությունները արագ չեն արձագանքել, արագ և արդյունավետ քննություն չեն անցկացրել և հանցագործների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառել։

Իշխանությունների անգործությունը

Դոնեցկի մարզի Հորլիվկայի Թագավորության սրահը հրկիզված ու վանդալիզմի ենթարկված, հունիսի 5, 2014

Վանդալիզմ։ Ոստիկանությունը ուշ կամ ընդհանրապես չի արձագանքում, երբ դեպքի մասին հայտնում են նրանց։ Երբ հանցագործության վերաբերյալ հայտարարություն է տրվում, իշխանությունները հաճախ ձգձգում են կամ հրաժարվում են գործ հարուցել։ Նույնիսկ երբ գործը դատական ատյաններին է հասնում, կա՛մ դատախազը մեղադրանք չի ներկայացնում, կա՛մ դատարանը նշանակում է ընդամենը սիմվոլիկ պատիժ։ 2008–2012 թթ.-ին կատարված 111 վանդալիզմի դեպքերի առնչությամբ իշխանությունները ոչ մի քրեական գործ չեն հարուցել։

Ֆիզիկական բռնություն։ Ոստիկանները հաճախ պատշաճ հետաքննություն չեն անցկացնում կամ չեն փորձում պարզել հանցագործների ինքնությունը։ Երբ գործ է հարուցվում, հազվադեպ է լինում, որ իշխանությունները մեղադրանք ներկայացնեն կամ պատժեն մեղավորներին։ Նույնիսկ եթե դատարանները պատիժ են սահմանում, հանցագործների նկատմամբ պատժամիջոցները անհամամասն են (համապատասխան չեն), քանի որ այդ հանցանքները չեն որակվում որպես ատելության հողի վրա կատարված։

Անպատժելիությունը համարձակություն է տվել հանցագործներին շարունակել հարձակումները

Ծեծի է ենթարկվել Օլեքսանդր Տրետյակը

Օլեքսանդր Տրետյակ

2013 թ. նոյեմբերի 26-ին առանձնակի դաժանությամբ բռնարարք է իրականացվել 41-ամյա Օլեքսանդր Տրետյակի նկատմամբ։ Երբ նա տուն էր վերադառնում կրոնական ծառայություն կատարելուց, երեք տղամարդիկ հարձակվեցին նրա վրա և ավելի քան 20 րոպե դաժանորեն ծեծի ենթարկեցին։ Նա ճանաչեց իր վրա հարձակված մարդկանց. նրանք էին Ռուսլան Իվանովը, Անատոլի Դովհանը, ով ոստիկանության թոշակի անցած գնդապետ-լեյտենանտ է, և ճանապարհային ոստիկանության աշխատակից Եվհենիյ Իհլինսկիյը, ով նաև Դովհանի փեսան է։ Պարոն Տրետյակը ինչ-որ կերպ կարողացել է ազատվել նրանց ձեռքից։ Նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց ծանր վնասվածքներով, այդ թվում՝ գանգուղեղային տրավմայով, քթի կոտրվածքով և բազմաթիվ պատռված վերքերով ու կապտուկներով։

Չնայած նրա ծանր վիճակին՝ քննիչը հանցագործությունը որակեց «ոչ մեծ ծանրության» մարմնական վնասվածք՝ կատարված երեք «անհայտ» անձանց կողմից։ Երկու շաբաթ հետո պարոն Տրետյակին ժամանակից շուտ հիվանդանոցից դուրս գրեցին, քանի որ այնտեղ երկար մնալու դեպքում իշխանությունները ստիպված կլինեին հարձակումը որակել ավելի լուրջ, քան «ոչ մեծ ծանրության» հանցագործություն։ Նրա ծանր վիճակից ելնելով՝ ստիպված եղան հաջորդ օրը նրան կրկին հոսպիտալացնել։ Ընդհանուր հաշվով՝ նա 23 օր անցկացրեց հիվանդանոցում։

Վերջերս մեղադրանք ներկայացվեց հանցագործներից մեկի՝ Ռուսլան Իվանովի դեմ, սակայն այն ժամանակ, երբ նա փախուստի մեջ էր։ Պարոն Տրետյակը այն մտավախությունն ունի, որ հանցագործները կրկին կհարձակվեն իր վրա։ Նա ասում է. «Ես համոզված եմ, որ նրանք ուզում էին ինձ սպանել Եհովայի վկաների նկատմամբ ատելությունից դրդված»։

Ի վերջո պաշտոնյաները կարձագանքե՞ն

Ուկրաինայում կան ավելի քան 150 000 Եհովայի վկաներ, ովքեր երկար տարիներ պաշտամունքի ազատություն են վայելել և որտեղ իշխանությունները նախկինում պատրաստակամ են եղել օգնելու խնդիրների ժամանակ։ Վկաները հույս ունեն, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները պատշաճ կերպով կքննեն քրեական հանցագործությունների դեպքերը և պատասխանատվության կենթարկեն հանցագործներին, որպեսզի ոչ մի հանցանք անպատիժ չմնա։