Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 21, 2015
ՇՐԻ ԼԱՆԿԱ

Շրի Լանկայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որ պաշտպանեն կրոնի ազատությունը

Շրի Լանկայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որ պաշտպանեն կրոնի ազատությունը

Շրի Լանկայի բարձր ատյանները համաձայնվել են քննել մի քանի գործ՝ կապված բռնության հետ, որն արել են կրոնական էքստրեմիստները Եհովայի վկաների նկատմամբ։ 2013-ից սկսած՝ Վկաները ենթարկվել են կատաղի հարձակումների, սպառնալիքների և վիրավորանքների մոլեռանդ բուդդայական վանականների կողմից։ Վկաներին և այլ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու հարցում ոստիկանության անգործությունը հանգեցրել է կրոնական անհանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտի։ Այդ պատճառով կրոնական էքստրեմիստները շարունակում են ազատորեն գործել։

Դեպքեր, որոնք հասան Գերագույն դատարան

2014 թ. մարտի 1-ին Տալավայում (Հյուսիսային Կենտրոնական նահանգ) երկու Եհովայի վկա կանայք փողոցում մարդկանց հետ խոսում էին իրենց համոզմունքների մասին, ինչը օրենքով թույլատրելի է Շրի Լանկայում։ Երկու բուդդայական վանական և երկու ոստիկան մեղադրեցին նրանց բռնի դավանափոխության մեջ։ Ոստիկանները ձերբակալեցին այդ կանանց և տարան ոստիկանության բաժանմունք, որտեղ թե՛ ոստիկանները, թե՛ վանականները ժամերով վիրավորական խոսքեր ասացին նրանց։ Թեև կանայք պաշտոնապես չէին մեղադրվում հանցագործություն կատարելու մեջ, այնուամենայնիվ նրանք մեկ գիշեր մնացին այնտեղ։

Մեկ ուրիշ դեպք տեղի ունեցավ 2014 թ. հոկտեմբերի 29-ին Վալասմուլայում (Հարավային նահանգ)։ Ոստիկանները ձերբակալեցին չորս կանանց և մեկ գիշեր պահեցին հանցագործների հետ։ Թեև նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն չգործադրվեց, սակայն ժամեր շարունակ ամենավերջին խոսքերով վիրավորեցին նրանց։

Երկու դեպքում էլ Վկաները իրենց հիմնարար իրավունքները խախտելու համար պաշտոնյաների դեմ բողոք ներկայացրեցին Շրի Լանկայի Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը հիմնավոր համարեց երկու բողոքները և ընդունեց վարույթ։ Տալավայի գործում ներգրավված կանանցից մեկն ասաց. «Մենք շատ ուրախ ենք, որ Գերագույն դատարանը համաձայնվեց լսել մեզ։ Դա վերականգնեց Շրի Լանկայի արդարադատության համակարգի հանդեպ իմ վստահությունը»։ Նախնական քննության ժամանակ, որը տեղի ունեցավ 2015 թ. մայիսի 29-ին, դատավոր Սիսիրա դե Աբրուն ասաց, որ Վկաները «շատ բարի մարդիկ են», և որ նրանց կրոնական հրատարակությունները «ուղղված չեն բուդդայականության դեմ»։ Այս երկու գործերի դատաքննությունը հետաձգվել է այս տարի։

Վերաքննիչ դատարանը քննում է ոստիկանության գործը

Մայրաքաղաք Կոլոմբոյում Եհովայի վկաները բողոք ներկայացրեցին վերաքննիչ դատարան՝ նշելով 11 դեպքեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Դեպքերից մեկի ժամանակ մի բուդդայական վանական անխղճորեն ծեծի էր ենթարկել Նիրոշան Սիլվեին և հետո բռնի ուժով նրան տարել ոստիկանության բաժանմունք՝ նրա դեմ բողոք ներկայացնելու համար։ Սակայն փոխանակ պաշտպանելու պրն. Սիլվեին՝ ոստիկանները բռնություն գործադրեցին նրա հանդեպ։

Պրն. Սիլվեն նշեց. «Մենք առանձնահատուկ վերաբերմունք չենք պահանջում, միայն ուզում ենք, որ արդարություն ի գործ դրվի, որպեսզի պաշտպանվի յուրաքանչյուրի կրոնի ազատության հիմնարար իրավունքը»։ Դատարանը գործն ընդունել է վարույթ։

Վերջին զարգացումները

Շրի Լանկան ընդունեց, որ կա կրոնական անհանդուրժողականության խնդիր և խոստացավ, որ «քայլեր կձեռնարկի կրոնի ազատությունը պաշտպանելու համար»։ Եհովայի վկաները այս քայլը առաջընթաց են համարում։

Մարդու իրավունքների ավագ իրավաբան պրն. Ջ. Ս. Վելամունը, ով ներկայացնում էր Վկաների շահերը, ասաց. «Տասնամյակներ շարունակ Շրի Լանկան եղել է բազմակրոն երկիր և մինչև վերջերս բոլոր կրոնները խաղաղ փոխհարաբերությունների մեջ են եղել իրար հետ։ Սակայն ոմանք Վկաների և այլ կրոնական փոքրամասնությունների հանդեպ սպառնալիքներ հնչեցնելով և բռնի արարքներ գործելով՝ ոտնահարեցին Վկաների սահմանադրական իրավունքները։ Բայց իշխանությունները ոչ թե պետք է քննություն իրականացնեն՝ հիմնվելով կեղծ մեղադրանքների վրա, այլ կատարեն ամբողջական հետաքննություն»։

Վկաները հուսով են, որ դատարանները կպաշտպանեն իրենց կրոնը անարգել դավանելու հիմնարար իրավունքը։ Այժմ նրանք սպասում են, որ կառավարությունը գործի կդնի օրենքի գերակայության սկզբունքը և կպաշտպանի սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար ազատությունները։

2014 թ. տարածաշրջանային համաժողովը Կոլոմբոյում