Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2016
ՆԱՄԻԲԻԱ

Նամիբիայի Գերագույն դատարանը պաշտպանում է պացիենտների իրավունքները և կրոնական ազատությունը

Նամիբիայի Գերագույն դատարանը պաշտպանում է պացիենտների իրավունքները և կրոնական ազատությունը

Նամիբիայի Գերագույն դատարանը պաշտպանել է բուժման հետ կապված որոշումներ կայացնելիս իր մարմինը սեփական հայեցողությամբ տնօրինելու և անձնական որոշումներ կայացնելու պացիենտի իրավունքը։ Դատարանը նաև վավեր է ճանաչել այն գրավոր փաստաթուղթը, որով բուժանձնակազմին տեղեկացվում է բուժման վերաբերյալ պացիենտի դիրքորոշման մասին։

Ծննդաբերություն և կյանքին սպառնացող իրավիճակ

Դատարանում քննվող գործը վերաբերում էր Էֆիջինյա Սիմենտեի առողջությանը, որը Եհովայի վկա է։ Երրորդ երեխային ծննդաբերելուց առաջ տիկին Սիմենտեն իր բժշկին տեղեկացրել էր, որ կրոնական համոզմունքների պատճառով արյան փոխներարկում չի ընդունի։ Նա նաև նրան տվել էր իր դիրքորոշման մասին փաստաթուղթը, որը նաև լիազորագիր է։ Այս փաստաթղթում տիկին Սիմենտեն արտահայտում էր արյունից հրաժարվելու վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը և ամուսնուն լիազորում, որ իր փոխարեն որոշումներ կայացնի, եթե ինքը անգիտակից վիճակում լինի։

Ծննդաբերությունը բարեհաջող անցավ. 2012 թ. սեպտեմբերի 8-ին տիկին Սիմենտեն աղջիկ ունեցավ, սակայն հետծննդաբերական վիրահատության անհրաժեշտություն առաջացավ։ Նրա ամուսինը՝ որպես նրա ներկայացուցիչ, համաձայնվեց, որ կինը վիրահատվի։ Սակայն վիրահատության ընթացքում բարդություններ առաջացան, և բժիշկը ցանկացավ արյան փոխներարկում անել։ Պարոն Սիմենտեն իր կնոջ անունից հրաժարվեց փոխներարկումից՝ համաձայն կնոջ դիրքորոշման։ Բժիշկը բարեհաջող վիրահատություն կատարեց՝ առանց արյան փոխներարկման, սակայն տիկին Սիմենտեի հեմոգլոբինի մակարդակը նվազել էր։

Բարձր ատյանի միջամտությունը

2012 թ. սեպտեմբերի 13-ին՝ մինչ տիկին Սիմենտեն ապաքինվում էր, նրա ավագ եղբայրը դիմեց Նամիբիայի բարձր ատյան, որպեսզի նշանակվի նրա օրինական խնամակալ և նրա ամուսնու փոխարեն՝ ինքը բուժման վերաբերյալ որոշումներ կայացնի։ Թեև ո՛չ տիկին Սիմենտեն, ո՛չ նրա ամուսինը ծանուցում չէին ստացել այն մասին, որ տիկին Սիմենտեի եղբայրը այդպիսի պահանջ է ներկայացրել, սակայն դատարանը նրանց բացակայությամբ լսեց գործը և եղբորը խնամակալ ճանաչեց։ Դրանից հետո տիկին Սիմենտեի եղբայրը բուժաշխատողներին ասաց, որ իր քրոջ կամքին հակառակ՝ նրան արյուն ներարկեն։ Սակայն տիկին Սիմենտեն պնդեց, որ հրաժարվում է արյան փոխներարկումից, և չնայած նրանց ջանքերին՝ թույլ չտվեց, որ ներարկում անեն։

Երբ տիկին Սիմենտեն իմացավ, որ դատարանը իր եղբորն է նշանակել խնամակալ, շտապ դիմեց բարձր ատյան, որ բեկանեն այդ որոշումը։ Նա պնդեց, որ սթափ վիճակում է եղել, երբ իր եղբայրը դիմել է խնամակալ դառնալու համար, նաև որ իր եղբորը արյան փոխներարկում անելու լիազորություն տալով՝ դատարանը ոտնահարել է իր կրոնական համոզմունքները և իր մարմինը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը։ Դատարանը մերժեց նրա դիմումը և թույլ տվեց նրա եղբորը շարունակել լինել նրա խնամակալը։

Թեև տիկին Սիմենտեի բժիշկը ասում էր, թե առանց արյան փոխներարկման նա կմահանա, բայց նրա վիճակը բարելավվեց՝ առանց նրան արյուն ներարկելու, և 2012 թ. սեպտեմբերի 26-ին տիկին Սիմենտեն հիվանդանոցից դուրս գրվեց։ Սակայն բարձր ատյանը նրա եղբորը անժամկետ նշանակեց նրա խնամակալ։ Խնամակալությունը համարելով անձնական որոշումներ կայացնելու իրավունքի խախտում՝ տիկին Սիմենտեն բողոքարկեց այդ որոշումը Նամիբիայի Գերագույն դատարան։

«Այս հարցին առնչվող փաստերը վերաբերում են մարդու իրավունքների վերաբերյալ կարևորագույն հարցերից մի քանիսին, որոնք վաղ թե ուշ կքննվեն դատական կարգով։ Դրանք առնչվում են մարմինը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքին, կրոնը անարգել դավանելու իրավունքին և խտրականությունից զերծ լինելու ազատությանը» (Նամիբիայի Գերագույն դատարան)։

Գերագույն դատարանի որոշումը

2015 թ. հունիսի 24-ին Նամիբիայի Գերագույն դատարանը պաշտպանեց տիկին Սիմենտեի հիմնարար իրավունքները և բեկանեց նրա եղբոր խնամակալության վերաբերյալ որոշումը։ Գերագույն դատարանը «ամբողջությամբ անօրինական» համարեց տիկին Սիմենտեին ու նրա ամուսնուն դատական նիստի մասին չծանուցելը և տիկին Սիմենտեի եղբորը խնամակալ նշանակելու վերաբերյալ միակողմանի դատաքննությունը։

Գերագույն դատարանն ընդգծեց, որ Նամիբիայի Սահմանադրությունը երաշխավորում է անձնական ազատության և արժանապատվությունը հարգելու իրավունքը որպես անձնական որոշումներ կայացնելու պացիենտի իրավունքի հիմք։ Դատարանը սահմանեց. «Անձնական որոշում կայացնելու սկզբունքը ցույց է տալիս, որ այն հանդիսանում է անհատի՝ իր մարմնի վրա հսկողություն իրականացնելու հիմնարար իրավունք.... Բուժաշխատողները պետք է իրենց պացիենտներին տեղեկացնեն առաջարկվող բուժմեթոդի իրական վտանգների ու օգուտների մասին, սակայն պացիենտն է որոշում՝ ընդունել տվյալ բուժմեթոդը, թե ոչ»։

«Իր մարմնի նկատմամբ հսկողություն ունենալու հնարավորությունը անհատի հիմնարար իրավունքն է» (Նամիբիայի Գերագույն դատարան)։

Ի վերջո, քննելով տիկին Սիմենտեի՝ արյան փոխներարկումից հրաժարվելու կոմպետենտության հարցը՝ Գերագույն դատարանը սահմանեց, որ բարձր ատյանը նրա դիրքորոշման մասին փաստաթուղթը իրավական ուժ ունեցող չի համարել։ Այնուհետև Գերագույն դատարանը սահմանեց. «Դիրքորոշման վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք կոնկրետ են, չեն կազմվել անհարկի ազդեցության ներքո և ստորագրվել են այն ժամանակ, երբ պացիենտը որոշում կայացնելու համար սթափ վիճակում է եղել, պացիենտի բուժմեթոդի ընտրության հստակ ապացույցներն են»։

Գերագույն դատարանը նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ծնողի կողմից դաստիարակվելու երեխայի իրավունքով սահմանափակվում է բուժմեթոդ ընտրելու ծնողների իրավունքը։ Միջազգային նախադեպային իրավունքը քննելուց հետո դատարանը եզրակացրեց, որ «իր մարմնի հետ ինչ-որ բան անելու կամ չանելու իրավունքը, անկախ նրանից՝ անհատը ծնող է, թե ոչ, մարդու իրավունքի անքակտելի մաս է»։

Նամիբիայի Գերագույն դատարանը ավելի մեծ շեշտ դրեց մարմինը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի վրա և սահմանեց, որ դիրքորոշման վերաբերյալ փաստաթղթերը պացիենտի արժեքների ու բուժմեթոդի ընտրության ապացույցն են։ Պաշտպանելով անձնական անձեռնմխելիության և կրոնի ազատության իրավունքները՝ Գերագույն դատարանը ճանաչեց մարդու արժանապատվության և ազատության իրավունքը բոլոր նամիբիացիների համար։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում

Արյան փոխներարկումից հրաժարվելու Եհովայի վկաների դիրքորոշման վերաբերյալ կան տարածված սխալ կարծիքներ։ Ծանոթացեք փաստերին։

Եհովայի վկաները դիմո՞ւմ են բժշկի

Ոմանք կարծում են, թե Վկաները հրաժարվում են ամեն տեսակ բուժօգնությունից։ Դա ճի՞շտ է։

Այլընտրանքային բուժմեթոդներ—Բավարարել պացիենտի կարիքները՝ չխախտելով նրա իրավունքները

Ինչո՞ւ է կարևոր հարգել պացիենտի՝ բուժմեթոդի ընտրության իրավունքը։