Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 27, 2015
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մահացավ քաղաքացիական իրավունքների պաշտպան Հեյդեն Քովինգտոնի կինը՝ 92-ամյա Դորոթի Քովինգտոնը

Մահացավ քաղաքացիական իրավունքների պաշտպան Հեյդեն Քովինգտոնի կինը՝ 92-ամյա Դորոթի Քովինգտոնը

Դորոթի Մեյ Սեննեթ Քովինգտոնը, ով 1940-ականների և 50-ականների ընթացքում մեծ դեր է ունեցել Եհովայի վկաների քաղաքացիական իրավունքները պաշտպանելու գործում, 2015 թ. մարտի 14-ին մահացավ 92 տարեկան հասակում Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում։

Սահմանադրական իրավունքների համար պայքարի կիզակետում

1940-ականների ընթացքում Դորոթին որպես կամավոր ստանձնել էր փաստաբան Վիկտոր Շմիդտի օգնականի դերը։ Վերջինս Եհովայի վկա էր և պաշտպանում էր Վկաների քաղաքացիական իրավունքները։ Այդ ժամանակներում Եհովայի վկաները Միացյալ Նահանգներում բախվում էին ուժգին հակառակության, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին, ինչի հետ կապված բորբոքվում էր ազգայնամոլությունը։ Հայրենասիրական արարողությունների հանդեպ Վկաների չեզոք վերաբերմունքը և համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը անհամատեղելի էր ժամանակների ոգուն։ «Մեր երկրի փառքը» գրքում ասվում էր, որ «1941–1943 թվականներին Եհովայի վկաների հանդեպ հալածանքը կրոնական անհանդուրժողականության ամենաբուռն դրսևորումն էր 20-րդ դարի Ամերիկայում» (The Lustre of Our Country)։

Վկաների վրա հարձակվում էին կատաղի ամբոխներ, նրանց ձերբակալում էին Ամերիկայի բոլոր նահանգներում, այդ թվում՝ Ցինցինատիում և Օհայոյին հարակից Ինդիանա նահանգում։ Վիկտոր Շմիդտը գնում էր այդ տարածաշրջանի տարբեր քաղաքներ, որպեսզի պաշտպաներ ապօրինաբար ձերբակալված Վկաներին։ Այդ ընթացքում Դորոթին ոչ միայն աջակցում էր Վիկտոր Շմիդտին իրավաբանական գործում, այլև անձամբ էր բախվում կատաղի ամբոխների սպառնալիքներին, երբ մասնակցում էր քարոզչական գործին։

Դորոթիի համար նշանակալից եղան այն դեպքերը, որոնք հանգեցրին Քոներսվիլում (Ինդիանա) ամբոխի բռնարարքներին։ Դրոշին պատվելու մասին «Մայներսվիլի դպրոցն ընդդեմ Գոբայտիսների» գործով 1940 թ. որոշումը Գերագույն դատարանի կողմից բեկանվելուց ընդամենը 17 օր անց Քոներսվիլի ոստիկանապետը ձերբակալեց 6 Վկաների և մեղադրեց դրոշի սրբապղծության մեջ, քանի որ վերջիններս հրաժարվում էին կրել դրոշի կրծքանշանը։ Քոներսվիլում էր, որ Վիկտոր Շմիդտը և 1939–1963 թվականներին Եհովայի վկաների պաշտպանը՝ Հեյդեն Քովինգտոնը, պաշտպանեցին երկու Եհովայի վկաների, որոնց դեմ հետագայում նաև դավադրության կեղծ մեղադրանքներ առաջադրվեցին։

Վիկտոր Շմիդտ

Եզրափակիչ ճառից հետո պարոն Քովինգտոնը անմիջապես մեկնեց Մեն նահանգ մեկ այլ դատական նիստի մասնակցելու համար, սակայն Վիկտոր Շիմդտը և իր կինը մնացին լսելու վճիռը։ Այնուհետև նրանք ենթարկվեցին գնալով մեծացող ամբոխի կատաղի հարձակմանը։ Վիկտորը, իր կինը և այլոք բազմաթիվ հարվածներ ստացան, սակայն ի վերջո նրանց հաջողվեց դուրս պրծնել ամբոխի միջից։

Իր մահվանից ընդամենը երեք շաբաթ առաջ տված հարցազրույցի ժամանակ Դորոթին նշեց, որ այդ վճռից 10 ամիս անց Քոներսվիլում 75 Վկաներ բանտարկվեցին դավադրության նմանատիպ կեղծ մեղադրանքով։ Դորոթին ասաց. «Բազմաթիվ Վկաների ձերբակալեցին, և այդ ժամանակ էր, որ Քոներսվիլում մեր նկատմամբ հալածանքը հասավ իր գագաթնակետին»։

Հեյդեն Քովինգտոնը, Վիկտոր Շմիդտը և ուրիշներ շարունակեցին պաշտպանել Եհովայի վկաների քաղաքացիական իրավունքները։ Քովինգտոնը և Շմիդտը Քոներսվիլում կայացված մեղադրական վճիռները բեկանելու հարցում հաջողության հասան, և Քովինգտոնը աջակցեց Շմիդտին այլ գործերով այդ տարածաշրջանում։ Քանի որ Դորոթին աջակցում էր նրանց որպես իրավաբանի օգնական, ժամանակի ընթացքում Հեյդենի հետ ընկերացավ։ Նրանք ամուսնացան 1949-ին։

Վկաների գլխավոր վարչությունում

Դորոթի և Հեյդեն Քովինգտոններ

Դորոթին տեղափոխվեց Նյու Յորք՝ թիկունք կանգնելու Հեյդենին Բրուքլինում՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում նրա ծանր աշխատանքի մեջ և շարունակեց նվիրումով մասնակցել քարոզչական գործին, մինչ Հեյդենը իրավական պայքարներ էր մղում։ Իր ժամանակներում ճանաչված լինելով որպես սահմանադրական իրավունքի լավագույն փաստաբաններից մեկը՝ Քովինգտոնը ջանադրաբար պաշտպանեց Եհովայի վկաների քաղաքացիական ազատությունների վերաբերյալ հարյուրավոր գործեր։ Նա 40 անգամ հանդես եկավ Գերագույն դատարանում և ավելի քան 100 անգամ՝ շրջանի դաշնային վերաքննիչ դատարաններում։

Դորոթին Հեյդենի կողքին էր Գերագույն դատարանում, երբ նա վիճարկում էր Միացյալ Նահանգներում Եհովայի վկաների վերաբերյալ գործերը։ Նա ասում էր. «Հեյդենը պաշտպանել է այն ազատությունները, որոնք հիմա երբեմն սովորական ենք համարում։ Հրաշալի է, որ նա իր կյանքը նվիրել է ուրիշներին պաշտպանելու գործին, ովքեր դրա կարիքն ունեին։ Նրա աշխատանքը օգուտներ է բերել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև շատ այլ վայրերում»։

Ընտանիքն ու ծառայությունը

1959-ին Դորոթին և Հեյդենը ունեցան մի աղջիկ, որի անունը դրեցին Լին, իսկ երեք տարի անց ունեցան իրենց որդի Լեյնին։ 1972-ին նրանք ընտանիքով Նյու Յորքից վերադարձան Օհայո։ Երեխաներին աստվածաշնչյան դաստիարակություն տալուն զուգընթաց Դորոթին իր ժամանակը տրամադրում էր քարոզչական գործին։

1979-ի նոյեմբերի 21-ին մահացավ Հեյդենը։ Դորոթին կրկին սկսեց աշխատել որպես մեքենագրուհի թերթի տարբեր խմբագրություններում, այդ թվում՝ «Ցինցինատի ինքուայըրըր» թերթում (The Cincinnati Enquirer)։ Լինոտիպ մեքենայով աշխատանքը ուժ էր պահանջում, այն նույնիսկ համարվում էր «տղամարդու գործ», քանի որ պետք է մեքենայի մեջ դնեին կապարե սալիկներ, որոնք օգտագործվում էին տեքստի տողերը հավաքելու համար։ Երբ 1988-ին թոշակի անցավ, նա կրկին լիաժամ սկսեց մարդկանց սովորեցնել Աստվածաշնչի մասին։ Նա հայտնի էր իր անսպառ եռանդով, Աստվածաշնչի խորը գիտելիքներով և տրված հարցերին կոնկրետ աստվածաշնչյան համարներով պատասխանելու հմտությամբ։

Դորոթիի որդին՝ Լեյնը վաղ էր մահացել։ Այսօր կենդանի են նրա դուստրը՝ Լին Էլֆերսը, փեսան՝ Գարի Էլֆերսը և փոքր քույրը՝ Ռութ Սեննեթ Նեիդսը։ Դորոթին ունի նաև երկու թոռ։