Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 2015
ՂՐՂԸԶՍՏԱՆ

Ղրղըզստանում դատարանը անփոփոխ է թողնում երկու կանանց վերաբերյալ արդարացման դատավճիռը

Ղրղըզստանում դատարանը անփոփոխ է թողնում երկու կանանց վերաբերյալ արդարացման դատավճիռը

2015 թ. հոկտեմբերի 29-ին Օշի շրջանի վերաքննիչ դատարանը՝ բաղկացած 3 դատավորներից, անփոփոխ թողեց երկու Եհովայի վկաների՝ Օկսանա Կորիակինայի և նրա մայր՝ Նադեժդա Սերգիենկոյի վերաբերյալ արդարացման դատավճիռը։ Դատախազը կեղծ մեղադրանքներ ներկայացրեց կանանց նկատմամբ՝ պատճառաբանելով, թե նրանք կրոնական գործունեություն ծավալելիս խարդախությամբ են զբաղվել և խաբել են Օշի բնակիչներին։

Անհիմն մեղադրանքներով գործի հարուցումը բացահայտում է կրոնական խտրականությունը

2013 թ. մարտին ոստիկանությունը կեղծ մեղադրանքների հիմքով ձերբակալեց Օկսանա Կորիակինային և Նադեժդա Սերգիենկոյին։ Այդ կանայք իրենց անմեղությունը ապացուցելու համար հիմնավոր փաստեր ունեին, որոնց թիկունք էին կանգնում ականատեսները։ Չնայած դրան՝ քրեական գործին ընթացք տրվեց և Օշ քաղաքի դատարանի որոշմամբ Օկսանա Կորիակինային և Նադեժդա Սերգիենկոյին տնային կալանքի վերցրին նախքան դատաքննությունը։

Ավելի ուշ Օշ քաղաքի դատարանը սահմանեց, որ նախաքննության մարմինները կանխակալ վերաբերմունք էին ցուցաբերել Օկսանայի և Նադեժդայի նկատմամբ, և որ քննիչները թույլ էին տվել «քրեական դատավարության իրավունքի մի շարք խախտումներ»։ Օրինակ՝ նրանք ուսումնասիրել էին դեպքի վայրը «հանցագործության» կատարումից միայն չորս ամիս անց և առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ոչ մի իրեղեն ապացույց ձեռք չէին բերել։ Մեղադրյալներին ճանաչման ներկայացնելու ընթացակարգի այնպիսի լուրջ խախտումներ էին թույլ տրվել, որ հետագայում արդյունքները անվավեր էին ճանաչվել։ Նախաքննության և դատավարության ընթացքում ենթադրյալ տուժողները բազմիցս փոխել էին իրենց ցուցմունքները։

Առաջին ատյանի դատարանը հանգեց այն եզրակացության, որ ենթադրյալ տուժողները կանխակալ վերաբերմունք են ունեցել Եհովայի վկաների նկատմամբ, և որ քննիչները անարդարացիորեն են վարվել Օկսանայի և Նադեժդայի հետ, «քանի որ վերջիններս հանդիսանում են Եհովայի վկաների կրոնական կազմակերպության անդամներ»։ Օրինակ՝ թեև այդ երկու Վկաները մեղադրվում էին խարդախության մեջ, ամիսներ անց, երբ քննիչները խուզարկում էին նրանց տները, հիմնականում փնտրում էին այսպես կոչված արգելված կրոնական գրականություն։ Այնուամենայնիվ, նրանք ոչինչ չգտան։

Տնային կալանք, որ դարձավ ծանր բեռ

Լինելով նախնական տնային կալանքի տակ՝ Օկսանան և Նադեժդան չէին կարող հեռանալ Օշ քաղաքից՝ առանց տեղի իշխանություններից թույլտվություն ստանալու։ Պարետային ժամերի ընթացքում նրանք իրավունք չունեին դուրս գալու տնից, ինչը ծանր բեռ էր երկու կանանց համար։ Ավելի քան երկու տարի Օկսանան և Նադեժդան ստիպված էին տանը մնալ պարետային ժամերի ընթացքում, ինչը սահմանափակում էր նրանց առօրյա և կրոնական գործունեությունը։

Բացի այդ, Նադեժդայի համար դժվար էր աշխատանքի ընդունվել, քանի որ իշխանությունները վերցրել էին նրա անձնագիրը։ Երբ նրա առողջությունը կտրուկ վատացավ, նա պարետային ժամերին չէր կարողանում տնից դուրս գալ, որպեսզի գնա հիվանդանոց՝ բուժման։ Օկսանան ստիպված էր դատարանից թույլտվություն ստանալ, որպեսզի իր ամուսնու հետ կարողանա ճանապարհորդել Օշ քաղաքից դուրս։ Օկսանան և նրա ամուսինը սթրեսներ և անքուն գիշերներ են անցկացրել՝ մտահոգվելով գործի ելքի մասին։

Արդարություն է հաստատվում

2014 թ. հոկտեմբերի 7-ին Օշ քաղաքի դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց Օկսանայի և Նադեժդայի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ «նրանց հանցանքը հիմնավորող որևէ ապացույց չկա»։ Սակայն դատախազը շարունակում էր բողոքարկել դատավճիռը, որի պատճառով գործի քննությունը երկարաձգվեց ևս մեկ տարով։ Այս ամենի հետևանքով երկարաձգվեց նաև այդ կանանց տնային կալանքը, որը տևեց մինչև 2015 թ. հոկտեմբերին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելը։

«Դատախազը չի ներկայացրել որևէ փաստարկ, որով կարող էր հերքվել պաշտպանյալների ցուցմունքը (ալիբի), կամ որևէ ապացույց, որ պաշտպանյալներ Օկ. Կորիակինան և Ն. Սերգիենկոն մեղավոր են կատարված հանցագործության մեջ» (վերաքննիչ դատարան)։

2015 թ. հոկտեմբերի 29-ին Օշի շրջանի վերաքննիչ դատարանը՝ բաղկացած 3 դատավորներից, անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը։ Վերաքննիչ դատարանը սահմանեց, որ «[դատախազի] բողոքում նշված փաստարկներն ու եզրակացությունները դատաքննությամբ ապացուցված չեն»։ Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ Օկսանան և Նադեժդան մեղավոր չեն ճանաչվում, և կարգադրեց անմիջապես ազատ արձակել նրանց տնային կալանքից։ Այնուհետև դատարանը հանգեց այն եզրակացության, որ Օկսանան և Նադեժդան իրավունք ունեն ստանալ դրամական հատուցում ապօրինի հետապնդման և դատաքննության արդյունքում պատճառված գույքային վնասի դիմաց։

Օկսանան ասում է. «Ես ու մայրս թեթևացում զգացինք, երբ դատարանը արդարացրեց մեզ և մենք այլևս տնային կալանքի տակ չենք։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ լիովին ազատություն կվայելենք և կկարողանանք ժամանակ անցկացնել մեր հարազատների և ընկերների հետ, ինչպես նաև նորից լիարժեք կերպով կզբաղվենք մեր կրոնական գործունեությամբ»։

Օկսանան, Նադեժդան և Ղրղըզստանում ապրող այլ Վկաներ ուրախ են, որ դատարանները բացահայտեցին տեղի որոշ պաշտոնյաների կողմից ցուցաբերված կրոնական նախապաշարումը և արդարություն հաստատեցին։ Նրանք հույս ունեն, որ այս որոշումը կօգնի տեղի իշխանություններին ընդունելու Վկաների կրոնական ազատությունը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ, և պետականորեն կգրանցի Ղրղըզստանի հարավում բնակվող Եհովայի վկաներին։