Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 1, 2016
ՂՐՂԸԶՍՏԱՆ

Արդարություն կգործադրվի՞ Օշում ոստիկանների վայրագության զոհ դարձած Վկաների նկատմամբ

Արդարություն կգործադրվի՞ Օշում ոստիկանների վայրագության զոհ դարձած Վկաների նկատմամբ

Արդեն երրորդ անգամ է, որ Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը կարգադրում է Օշ քաղաքի դատախազությանը քննել տասը ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հարցը։ 2015 թ. օգոստոսին ոստիկանությունը ապօրինաբար ներխուժեց Եհովայի վկաների կրոնական հանդիպման վայր և դաժան ծեծի ենթարկեց ներկաներից մի քանիսին։ Չնայած ոստիկանության նման վարքի վերաբերյալ հստակ ապացույցներին՝ Օշ քաղաքի դատախազությունը մերժեց նրանց նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Ապօրինի ներխուժումներ և ոստիկանության բռնի գործողություններ

2015 թ. օգոստոսի 9-ին՝ կիրակի առավոտյան, Օշի ոստիկանության 10-րդ վարչության * տասը ոստիկաններ ներխուժեցին վարձակալված սրճարան, որտեղ 40 հոգի մասնակցում էին խաղաղ կրոնական հանդիպման։ Ոստիկաններից մեկը բղավեց Նուռլան Ուսուպբաևի վրա, որը անցկացնում էր հանդիպումը՝ ասելով, որ անմիջապես դադարեցնի կրոնական արարողությունը, քանի որ այն «ապօրինի» էր։ Ոստիկանները մի քանի անգամ սպառնացին, որ կկրակեն ներկաների վրա։ Երբ ներկաներից մեկը՝ Տինչտիկ Օլժոբաևը, փորձեց նկարահանել ոստիկանների բռնի գործողությունները, նրանք տարան նրան առանձին սենյակ ու դաժանաբար ծեծեցին։

Ոստիկանները տասը Վկա տղամարդկանց տարան բաժանմունք։ Այնտեղ նրանք գազանաբար ծեծեցին նրանցից վեցին, իսկ երեքին, այդ թվում պրն. Ուսուպբաևին փորձեցին խեղդել։ Նրանց ազատ արձակեցին նույն օրը, և նրանք, ովքեր ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, հիվանդանոցում բուժզննում անցան։

Երկու օր անց՝ օգոստոսի 11-ին, ոստիկանության աշխատակիցներ Կոժոբեկ Կոզուբաևը և Նուռբեկ Շերիկբաևը, որոնց հրամանով իրականացվել էին ներխուժումն ու բռնի գործողությունները, ձերբակալեցին պրն. Ուսուպբաևին ապօրինի կրոնական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով։ Նրա գործով դատական նիստ նշանակվեց օգոստոսի 20-ին և 21-ին Օշ քաղաքի դատարանում։

Դատարանները պաշտպանում են Վկաների՝ երկրպագության իրավունքը

Դատաքննության ընթացքում 10-րդ վարչության ներկայացուցիչը պնդում էր, թե օգոստոսի 9-ին անցկացված կրոնական հանդիպումը ապօրինի է եղել, քանի որ Եհովայի վկաները գրանցված չեն Օշում։ Նա նաև նշեց, որ երեխաների՝ իրենց Վկա ծնողների հետ հանդիպումներին հաճախելը խախտել է Ղրղըզստանի կրոնի մասին օրենքը, որով արգելվում է երեխաներին կրոնական կազմակերպության մեջ ներքաշելը։

Օգոստոսի 21-ին Օշ քաղաքի դատարանի նախագահող դատավորը անմեղ ճանաչեց պրն. Ուսուպբաևին։ Դատարանը հանգեց այն եզրակացության, որ նրա նկատմամբ հարուցված վարչական գործը պետք է մերժվի, քանի որ որևէ ապացույց չկա, որ նա զբաղվել է ապօրինի կրոնական գործունեությամբ կամ երեխաներին «ներքաշել» է կրոնական կազմակերպության մեջ։

Օշ քաղաքի դատախազը բողոք ներկայացրեց Օշի շրջանի դատարան՝ վիճարկելով պրն. Ուսուպբաևին արդարացնելու մասին վճիռը։ Դատարանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը։ Դատարանը ևս մեկ անգամ սահմանեց, որ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը գրանցված է։ Դատարանը նաև նշեց, որ Գերագույն դատարանի սահմանադրական պալատը հակասահմանադրական է ճանաչել Ղրղըզստանի օրենքի այն հատվածը, որով պահանջվում է գրանցել տեղի կրոնական կազմակերպությունը։ * Այնուամենայնիվ, դատախազը բողոքարկեց Գերագույն դատարան, և դատական նիստ նշանակվեց 2016 թ. մարտի 2-ին։

Դատախազությանը հրահանգ տրվեց քննելու ոստիկանների գործը

Մինչ գործը ընթացքի մեջ էր, պրն. Ուսուպբաևը և այլք, ովքեր դաժան ծեծի ենթարկվեցին օգոստոսի 9-ին, բողոք ներկայացրին Օշ քաղաքի դատախազություն։ Նրանք պահանջեցին, որ քրեական գործ հարուցվի այն տասը ոստիկանների դեմ, ովքեր մասնակցել էին ծեծին։ Դրանից հետո մի շարք բողոքներ ներկայացվեցին։ Երեք անգամ Օշ քաղաքի դատախազը որոշում կայացրեց, որով մերժվում էր քրեական գործի հարուցումը, իսկ տուժողները ամեն անգամ բողոքարկում էին այդ որոշումները գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազությունը երկու անգամ չեղյալ համարեց Օշի դատախազության որոշումները և պահանջեց, որ գործը վերանայվի։ Սակայն երբ տուժողները ներկայացրին երրորդ բողոքը, գլխավոր դատախազությունը, այն քննելու փոխարեն, 2016 թ. հունվարի 21-ին բողոքն ուղարկեց Օշ քաղաքի դատախազություն, որպեսզի վերջինս որոշում կայացնի։ Նման քայլից հետո այն մտահոգությունն է առաջանում, թե արդյոք վայրագության զոհ դարձած Վկաների նկատմամբ երբևէ արդարություն կգործադրվի։

Եհովայի վկաներն ուրախ են, որ Ղրղըզստանում ունեն պետական գրանցում, և որ Օշի դատական ատյանները վերջերս նման որոշումներ են կայացրել։ Նրանք գնահատում են այն, որ կան քաջ և արդարություն սիրող դատավորներ, որոնք, կիրառելով օրենքի գերակայության սկզբունքը և թիկունք կանգնելով համոզմունքի և երկրպագության ազատության վերաբերյալ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացմանը, նպաստում են կրոնի ազատությանը։ Սակայն մտահոգիչ է այն փաստը, որ պետական պաշտոնյաները հրաժարվել են բռնի գործողություններ կատարած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուց։ Եհովայի վկաները կոչ են անում գլխավոր դատախազությանը հստակ և վճռական քայլեր ձեռնարկել ու պատասխանատվության ենթարկել բռնության հեղինակներին։

^ պարբ. 4 10-րդ վարչությունը գտնվում է Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ։

^ պարբ. 10 2014 թ. սեպտեմբերի 4-ով թվագրված որոշում։ Տես «Ղրղըզստանի բարձրագույն ատյանը պաշտպանում է Եհովայի վկաների կրոնի ազատությունը» հոդվածը։