Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 2014
ՂՐՂԸԶՍՏԱՆ

Ղրղըզստանի բարձրագույն ատյանը պաշտպանում է Եհովայի վկաների կրոնի ազատությունը

Ղրղըզստանի բարձրագույն ատյանը պաշտպանում է Եհովայի վկաների կրոնի ազատությունը

2014 թ. սեպտեմբերի 4-ը հիշարժան օր էր Ղրղըզստանում Եհովայի վկաների և կրոնի ազատության համար։ Այդ օրը Ղրղըզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատը հայտարարեց 2008 թ. կրոնի մասին օրենքի * որոշ դրույթների ոչ սահմանադրական լինելու մասին։ Որոշմամբ սահմանվում է, որ Վկաները իրավունք ունեն անարգել կրոնական գործունեություն ծավալել Ղրղըզստանի հարավային շրջաններում, որտեղ վերջին 4 տարիների ընթացքում շարունակ մերժել են պետականորեն գրանցել։

Ղրղըզստանի ողջ տարածքում Եհովայի վկաները պետականորեն գրանցվել են 1998-ին և որոշ չափով օգտվել են երկրպագության ազատության իրավունքից։ Սակայն 2008-ից, երբ կրոնի մասին օրենքը ուժի մեջ մտավ, ոստիկանությունը բազմիցս ներխուժել է և ընդհատել Ղրղըզստանի հարավային շրջանում գտնվող Վկաների հանդիպումները՝ պնդելով, որ Վկաների գործունեությունը այդ տարածքում «ապօրինի է», քանի որ նրանց տեղի կրոնական կազմակերպությունները գրանցված չեն։ Միևնույն ժամանակ Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը (ԿՀՊՀ) սխալ կիրառեց 2008-ի կրոնի մասին օրենքի որոշ սահմանափակող դրույթներ, որպեսզի այդ տարածքներում խոչընդոտի Եհովայի վկաներին պետական գրանցում տրամադրելու գործընթացին։ 2014-ի սեպտեմբերի 4-ի որոշումը վերացրեց այդ խոչընդոտները։

Նշանակալից իրավաբանական զարգացում

2008 թ. կրոնի մասին օրենքը արգելում է պետական գրանցում չունեցող «կրոնական կազմակերպություններին գործել և գործունեություն ծավալել» (Հոդված 8(2))։ Այս դրույթի վերաբերյալ ԿՀՊՀ-ի մեկնաբանության համաձայն՝ Եհովայի վկաներին արգելվում է կրոնական գործունեություն ծավալել Ղրղըզստանի մի շարք մեծ ու փոքր քաղաքներում, որտեղ նրանց կրոնական կազմակերպությունը գրանցված չէ։ Նույն օրենքով պահանջվում է, որ նախքան ԿՀՊՀ-ին գրանցման համար դիմելը կրոնական կազմակերպության 200 հիմնադիր անդամների ցուցակ ներկայացվի տեղի քաղաքապետարան և հաստատվի (Հոդված 10(2)) նրա կողմից։ Սրանով Եհովայի վկաները հայտնվում էին դժվարին իրավիճակում։ Որպեսզի օրինական կերպով հանդիպումներ անցկացնեին, ԿՀՊՀ-ն նրանց ասել էր, որ նրանք պետք է պետական գրանցում ունենան։ Բայց նրանք չէին կարողանում գրանցվել, քանի որ տեղի պետական մարմինը չէր հաստատում հիմնադիրների ցուցակը։ Սա պատրվակ էր ԿՀՊՀ-ի և տեղի իշխանությունների համար, որ խոչընդոտեին Վկաների գործունեությունը, քանի որ վերջիններս չէին կարողանում բավարարել գրանցման համար անհրաժեշտ պահանջները։ Այս խոչընդոտների պատճառով Վկաները դիմեցին Սահմանադրական պալատ՝ վիճարկելով օրենքի այս դրույթները։

Սահմանադրական պալատը իր որոշմամբ սահմանեց, որ «բոլոր կրոնական միավորները հավասար են օրենքի առջև, և որևէ կրոնի հարող անհատի կամ խմբի նկատմամբ չպետք է ցուցաբերել տարբերակված մոտեցում համեմատ այլ կրոնի անդամների»։ Դատարանը Հոդված 10(2)-ը, որով գրանցման համար պահանջվում էր տեղի պետական մարմինը հաստատեր կրոնական կազմակերպության հիմնադիր անդամների ցուցակը, ճանաչեց ոչ սահմանադրական։ Դատարանը նաև հանգեց այն եզրակացության, որ օրենքի Հոդված 8(2)-ը «տարընկալվել է»։ Այնտեղ նշվում էր, որ կրոնի ազատության իրավունքը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունը կարող է իր կրոնական գործունեությունն անարգել իրականացնել երկրի այն շրջանում, որը նշված է հիմնադիր փաստաթղթերում։ Ղրղըզստանի Հանրապետությունում Եհովայի վկաների կրոնական կենտրոնի 1998 թ. հիմնադիր փաստաթղթերում արդեն իսկ նշված էր, որ իր գործունեության տարածքը ընդգրկում է երկրի ողջ տարածքը։ Դա նշանակում է, որ Եհովայի վկաները այժմ կարող են իրենց գործունեությունը անարգել իրականացնել Ղրղըզստանի բոլոր շրջաններում առանց որևէ խոչընդոտի։

Որոշումը թեթևություն բերեց խտրականության զոհերին

Սեպտեմբերի 4-ի որոշումը ուրախալի նորություն էր Ղրղըզստանի հարավում բնակվող Եհովայի վկաների համար, հատկապես Օշ քաղաքի բնակիչներ Օկսանա Կորիակինայի և իր մոր՝ Նադեժդա Սերգիենկոյի համար։ 2013 թ. մարտից նրանք գտնվում էին տնային կալանքի տակ ուրիշների հետ իրենց հավատի մասին խոսելու անհիմն մեղադրանքով։ Չնայած նրանց անմեղությունը փաստող ակնհայտ ապացույցներին՝ Օկսանային և Նադեժդային մեղադրանք առաջադրվեց 3 տարեց կանանցից փող կորզելու համար։

Դատաքննությունը տեղի ունեցավ 2014 թ. սեպտեմբերին և հոկտեմբերի 7-ին Օշ քաղաքի առաջին ատյանի դատարանում։ Դատարանը ամբողջությամբ արդարացրեց այդ 2 կանանց և սահմանեց, որ նրանց պետք է հատուցվի անհիմն հետապնդման, կալանավորման և տնային կալանքի համար։ Դատարանը սահմանեց նաև, որ 2 Վկաները դարձել են խտրականության և կրոնական նախապաշարմունքի զոհ, և որ նրանք հետապնդման թիրախ են դարձել այն սխալ մեղադրանքի պատճառով, ըստ որի՝ Եհովայի վկաների կրոնական գործունեությունը Օշում իրավաչափ չէ, քանի որ Վկաները այդ տարածքում չունեն գրանցված կրոնական կազմակերպություն։ Օկսանան և Նադեժդան իրենց եզրափակիչ խոսքը հիմնեցին Սահմանադրական պալատի կողմից սեպտեմբերի 4-ին կայացված որոշման վրա, որով օրինական էր համարվում Եհովայի վկաների գործունեությունը Օշում և Ղրղըզստանի ողջ տարածքում։

Օկսանա Կորիակինա և Նադեժդա Սերգիենկո

Ջանքեր՝ ի նպաստ մարդու միջազգային իրավունքներին

Ղրղըզստանը, վավերացնելով ՄԱԿ-ի Քաղաքական և Քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը, պարտավորվել է խթանել իր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այն է՝ կրոնի կամ համոզմունքի ազատությունը, միավորվելու ազատությունը և արտահայտվելու ազատությունը։ Ղրղըզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատը կրոնական ազատությունը պաշտպանող իր որոշմամբ հստակորեն պաշտպանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Ղրղըզստանում ապրող մոտ 5 000 Եհովայի վկաները թանկ են գնահատում կրոնի ազատությունը և մեծապես գնահատում են պետության կողմից հիմնված այն հաստատությունները, որոնք պաշտպանում և երաշխավորում են հիմնարար ազատությունները։

^ պարբ. 2 Օրենքի ամբողջական անվանում է՝ «Ղրղըզստանի Հանրապետությունում կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Ղրղըզստանի Հանրապետության օրենք»։