Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանի իշխանությունները Վկային ծուղակն են գցում և ազատազրկում կեղծ մեղադրանքներով

Ղազախստանի իշխանությունները Վկային ծուղակն են գցում և ազատազրկում կեղծ մեղադրանքներով

2017 թ. հունվարի 18-ին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալել և ազատազրկել է Թեյմուր Ահմեդովին իր կրոնական համոզմունքների մասին ուրիշների հետ զրուցելու համար։ 2016 թ. մայիս և հունիս ամիսների ընթացքում յոթ տղամարդիկ հրավիրել են Թեյմուրին մի վարձակալված բնակարան՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հետաքրքրված են Եհովայի վկաների հավատալիքներով։ Ավելի ուշ՝ այդ տարի, նրանք նաև հանդիպել են Թեյմուրի տանը։ Առանց այդ Վկայի գիտության՝ այս յոթ «Աստվածաշունչ ուսումնասիրողները» գաղտնի տեսագրել են իրենց զրույցները։

Հիմնվելով այդ տեսագրությունների վրա, որոնցում նրանք խաղաղ մթնոլորտում պարզապես քննարկում են աստվածաշնչյան թեմաներ՝ Թեյմուրի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «կրոնական պառակտում հրահրելու» և մյուս կրոնների նկատմամբ «[կրոնական] գերազանցություն քարոզելու» համար։ Նա գտնվում է նախնական կալանքի տակ 60 օր ժամկետով և եթե մեղավոր ճանաչվի, կդատապարտվի 5–10 տարի ժամկետով ազատազրկման։

Թեյմուրը, որը 60 տարեկան է, ամուսնացած է և ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նրա փաստաբանները ակնկալում են, որ նախնական կալանքի վերաբերյալ դատաքննությունը տեղի կունենա 2017 թ. հունվարի 23-ով սկսվող շաբաթվա ընթացքում։