Անցնել բովանդակությանը

Թեյմուր Ահմեդովը ազատազրկվելուց առաջ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանը մեղավոր է ճանաչվում Թեյմուր Ահմեդովի կամայական կալանավորման մեջ

ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը (Աշխատանքային խումբ) դատապարտել է Ղազախստանի կառավարությանը Թեյմուր Ահմեդովին ազատազրկելու համար և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։ * 2017 թ. հոկտեմբերի 2-ին հրապարակած իր որոշման մեջ Աշխատանքային խումբը մեղավոր է ճանաչել Ղազախստանին պրն Ահմեդովին կամայականորեն կալանավորելու համար։ Նրան ազատազրկել են 2017 թ. հունվարի 18-ին պարզապես իր կրոնական համոզմունքները ուրիշներին պատմելու համար։

Աշխատանքային խմբի եզրահանգումները

Իր որոշման մեջ Աշխատանքային խումբը հանգել է այն եզրակացության, որ պրն Ահմեդովի ազատազրկումը համապատասխանում է կամայական կալանավորում որակելու չափորոշիչներին։ Այն սահմանել է, որ կառավարությունը վերջինիս զրկել է կրոնի և արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքից, մերժել է արդար դատաքննության իրավունքը և նրա նկատմամբ խտրականություն է դրսևորել զուտ այն պատճառով, որ նա կրոնական գործունեությամբ է զբաղվում որպես Եհովայի վկա։

Այնուհետև Աշխատանքային խումբը դատապարտել է Ղազախստանին այն բանի համար, որ անհիմն ձերբակալել և հետապնդել է պրն Ահմեդովին։ Այն հղում է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ավելի վաղ կայացված որոշմանը, որը քննադատել է Ղազախստանին ««ծայրահեղականություն» եզրույթի լայն ձևակերպման... և ծայրահեղականության մասին նման օրենսդրության կիրառման համար, ինչը անհիմն սահմանափակում է կրոնի, արտահայտվելու, հավաքների և միավորվելու ազատությունները»։ Աշխատանքային խումբը նշել է, որ այդ օրենսդրությունը «լուրջ վտանգ է սպառնում Ղազախստանում կրոնի ազատության իրավունքի լիարժեք իրականացմանը», և որ «պրն Ահմեդովի գործը վկայում է այդ սպառնալիքի իրական լինելու մասին»։

Ի տարբերություն իշխանությունների՝ Աշխատանքային խումբը բազմիցս նշել է, որ պրն Ահմեդովի կրոնական գործունեությունը «միանգամայն խաղաղ» բնույթ էր կրում, և որ վերջինիս կողմից ուրիշների հետ կրոնական թեմաներով զրուցելը բռնություն կամ կրոնական հողի վրա ատելություն հրահրել չէր։ Աշխատանքային խումբը ընդգծել է այն հանգամանքը, որ կառավարությունը «չի ներկայացրել պրն Ահմեդովի կողմից բռնության կամ ուրիշներին բռնության հրահրելու գոնե մեկ ապացույց» և «չի բացատրել, թե ինչպես է ուրիշների հետ հանդիպելը և խաղաղ կրոնական քննարկումներ ունենալը հավասարազոր նման հանցագործության»։ Այնուհետև նշել է, որ «Աշխատանքային խմբի համար պարզ է, որ պրն Ահմեդովը պարզապես իրականացրել է Դաշնագրի 18-րդ հոդվածով երաշխավորված կրոնի ազատության իրավունքը»։ *

Բացի այդ, Աշխատանքային խումբը պրն Ահմեդովի նկատմամբ կառավարության դրսևորած վերաբերմունքը կապեց Ղազախստանի իշխանությունների կողմից Եհովայի վկաների նկատմամբ կրոնական անհանդուրժողականության դրսևորման այլ դեպքերի հետ։ Այդ կապը ապացուցվում է նրանով, որ պրն Ահմեդովի ձերբակալության օրը իշխանությունները ներխուժել էին Վկաների կրոնական հանդիպման վայր և առգրավել կրոնական գրականությունը։

«Աշխատանքային խմբի համար պարզ է, որ պրն Ահմեդովը պարզապես իրականացրել է Դաշնագրի 18-րդ հոդվածով երաշխավորված կրոնի ազատության իրավունքը» (Որոշում, պարբերություն 39)։

Ղազախստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն

Աշխատանքային խումբը Ղազախստանից պահանջում է «անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել պրն Ահմեդովի շուրջ ստեղծված իրավիճակը շտկելու համար»։ Աշխատանքային խումբը նշում է, որ այս պարագայում իրավիճակը շտկել «կնշանակի անհապաղ ազատ արձակել պրն Ահմեդովին և ապահովել փոխհատուցման և պատճառված վնասների հատուցման իրավունքի իրականացումը»։ Աշխատանքային խումբը նաև կոչ է արել Ղազախստանին փոփոխություն կատարել իր օրենսդրության և պրակտիկայի մեջ, որպեսզի դրանք համապատասխանեն կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչն էլ թույլ չի տա, որ պրն Ահմեդովի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները կրկնվեն։

2017 թ. հոկտեմբերի 13-ին պրն Ահմեդովի փաստաբանները բողոք ներկայացրին Ղազախստանի Գերագույն դատարան, որում խնդրում էին կիրառել Աշխատանքային խմբի որոշումը, անմեղ ճանաչել նրան և անհապաղ ազատ արձակել։

Ողջ աշխարհում Եհովայի վկաները գնահատում են այն, որ Թեյմուր Ահմեդովի գործը միջազգային հանրության կողմից որակվել է որպես անարդարության դրսևորում, ինչն էլ ցույց է տալիս, որ Ղազախստանում կրոնի ազատության իրավունքի ճանաչումը բարելավման կարիք ունի։ Նրանք հույս ունեն, որ Ղազախստանի կառավարությունը կկիրառի Աշխատանքային խմբի որոշումը և անհապաղ ազատ կարձակի պրն Ահմեդովին։