Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 28, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանում դատարանը անփոփոխ է թողել Թեյմուր Ահմեդովի դեմ կայացրած անհիմն դատավճիռը

2017 թ. հունիսի 20-ին Աստանայի քաղաքային դատարանը մերժեց Թեյմուր Ահմեդովի բողոքը և ուժի մեջ թողեց մեղադրական դատավճիռը, համաձայն որի՝ վերջինս դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և երեք տարով զրկվել է կրոնական գործունեության մասնակցելու իրավունքից։ Մարդու իրավունքների հարցերով միջազգային մի փաստաբան, որը ներկա էր հունիսի 20-ի դատական նիստին, ասում է. «Սա արդարադատության ծաղրանմանություն է, քանի որ պրն Ահմեդովի անմեղությունը փաստող ապացույցները գերակշռում էին»։ Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել որոշումը։

2017 թ. հունվարին Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և կալանավորել էին պրն Ահմեդովին «ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու» համար։ Նա նախնական կալանքի տակ մնաց մինչև 2017 թ. մայիսի 2-ը, երբ Սարյարկինսկի շրջանային դատարանը նրան անարդարացիորեն մեղավոր ճանաչեց Ղազախստանի քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, որով պատիժ է սահմանվում կրոնական թշնամանք հարուցելու համար։ Պրն Ահմեդովը ամբողջությամբ առարկեց իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքին՝ նշելով, որ ինքը պարզապես արտահայտել է իր կրոնական համոզմունքները և սեր դրսևորել մարդկանց նկատմամբ։ Կրոնական համոզմունքներ արտահայտելը հիմնարար իրավունք է՝ երաշխավորված Ղազախստանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով, որոնք վավերացնելով՝ Ղազախստանը պարտավորվել է հետևել դրանց։