Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 6, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանը կասեցնում է Վկաների վարչական կենտրոնի գործունեությունը

2017 թ. հունիսի 29-ին Ալմաթիի (Ղազախստան) դատարաններից մեկը որոշում կայացրեց Եհովայի վկաների քրիստոնեական կենտրոնի (Կենտրոն) ողջ գործունեությունը երեք ամսով կասեցնելու և մասնաճյուղին տուգանելու մասին։ Դատարանի որոշումը հիմնված է ստուգումների վրա, համաձայն որոնց՝ Կենտրոնը արդեն տեղադրված 25 անվտանգության տեսախցիկներին պետք է ավելացնի ևս 3-ը, որպեսզի համապատասխանի հասարակական վայրերի մասին օրենսդրությանը։ Սակայն 2017 թ. փետրվարի 6-ին պետական պաշտոնյաները արդեն հավանություն էին տվել Կենտրոնի շինության պաշտոնական գծագրին, որտեղ երևում են տեղադրված բոլոր անվտանգության տեսախցիկների վայրերը։ Հավանություն տալով այդ գծագրին՝ պետական պաշտոնյաները հաստատել էին, որ Կենտրոնը լիովին համապատասխանում է տվյալ օրենսդրության նորմերին։

Կենտրոնի նախագահ Պոլատ Բեկժանը ասում է. «Կենտրոնի գործունեությունը ամբողջությամբ կասեցնելու մասին որոշումը միանգամայն անհամամասն պատիժ է նման «խախտման» համար։ Մենք բողոքարկում ենք այդ որոշումը, ինչը կարծում ենք՝ կրոնական անհանդուրժողականության արդյունք է»։

Պաշտոնապես խոչընդոտում են Կենտրոնի գործունեությանը

Ղազախստանում Եհովայի վկաները իրավապահ մարմինների կողմից ենթարկվում են ուժգնացող հալածանքի։ Նախքան հունիսի 29-ին Միջշրջանային մասնագիտացված վարչական դատարանի դատավոր Ն. Մ. Պակիրդինովը որոշում կկայացներ, իշխանությունները մայիսի 17-ին ներխուժեցին Կենտրոնի տարածք անվտանգության ստուգումներ անցկացնելու պատրվակով։ Ներխուժումն իրականացվեց օրը ցերեկով Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցների (նախկինում՝ ԿԳԲ) և ավելի քան 30 ոստիկանների, այդ թվում՝ դիմակավորված և ավտոմատներով զինված հատուկ նշանակության զորքերի (SWAT) կողմից։ Նրանք ասացին, որ իրականացնում են հասարակական վայրերում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ հրամանը, որպեսզի ապահովեն անվտանգությունը նախքան «Էքսպո-2017» ցուցահանդեսը, որը սկսեց անցկացվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2017 թ. հունիսին։

Ներխուժում են Կենտրոն (մայիսի 17, 2017 թ.)

2017 թ. հունիսի 23–25-ը Եհովայի վկաները անցկացրին եռօրյա հատուկ համաժողով, որին ներկա էին պատվիրակներ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրղզստանից և այլ երկրներից։ Սակայն նախքան համաժողովը իշխանությունների միջամտության հետևանքով չեղյալ էին համարվել համաժողովի համար շինությունների վարձակալության պայմանագրերը։ Արդյունքում՝ 1 500 պատվիրակներ տեղի Վկաների հետ հավաքվեցին Կենտրոնի տարածքում՝ այդ կրոնական միջոցառումը անցկացնելու համար։

Ոստիկանությունը խոչընդոտում է օտարերկրյա պատվիրակների այցելությունը համաժողով (հունիսի 23, 2017 թ.)

Համաժողովի առաջին օրը ոստիկանները ավտոբուսի վարորդների փաստաթղթերը ստուգելու պատրվակով 11 ավտոբուս, որով պետք է երթևեկեին 500 օտարերկրյա պատվիրակներ, երկու ժամ պահեցին հյուրանոցների տարածքում։ Երկրորդ օրը կրկին վարորդների փաստաթղթերը ստուգելու պատրվակով ոստիկանները 20 ավտոբուս 900 պատվիրակներով երեք ժամ պահեցին հյուրանոցների տարածքում։

Կենտրոնը բողոք ներկայացրեց Ալմաթիի դատախազություն։ Թեև դատախազությունը չարձագանքեց բողոքին, սակայն ոստիկանությունը համաժողովի երրորդ օրը այլևս խնդիրներ չստեղծեց Վկաների համար։ Այդուհանդերձ, համաժողովի ավարտից ընդամենը չորս օր հետո Ալմաթիի վարչական դատարանը Կենտրոնի գործունեությունը կասեցնելու մասին որոշում կայացրեց։

Խնդիրներ են ստեղծում օրենքի միջոցով

2012 թ. դեկտեմբերից սկսած՝ Ղազախստանի կառավարությունը ավելի ու ավելի է սահմանափակում Եհովայի վկաների կրոնի ազատությունը ողջ երկրում։ Կառավարությունը խոշոր տուգանքներ է սահմանել ավելի քան 60 Եհովայի վկաների նկատմամբ չգրանցված «միսիոներական գործունեության» համար։

2017 թ. հունվարին Ղազախստանի իշխանությունները երկու քրեական գործ հարուցեցին Եհովայի վկաների նկատմամբ իրենց կրոնական համոզմունքները հրապարակավ արտահայտելու համար։ Մայիսին Թեյմուր Ահմեդովը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման կրոնական գործունեություն ծավալելու համար և այժմ պատիժը կրում է կալանավայրում։ Մյուս դեպքում ոստիկանությունը քննում է մի Վկայի գործ կրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով՝ պատճառաբանելով, որ վերջինս մի կրոնական հրատարակություն է առաջարկել, որը Ռուսաստանի իշխանությունները արգելել են՝ որպես «ծայրահեղական» գրականություն։

Արդյո՞ք Ղազախստանը կընդօրինակի Եհովայի վկաների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը

Վկաները տարբեր առիթներով հանդիպել են Կրոնի հարցերով հանձնաժողովի հետ՝ քննարկելու անարգել դավանելու իրավունքի հարցը, սակայն շոշափելի արդյունքներ չեն եղել։ Այնուհանդերձ, գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Ղազախստանի Գերագույն դատարանը ընդունեց Անդրեյ Կորոլյովի գործը, որը Եհովայի վկա է, և որը դատապարտվել էր իր կրոնական համոզմունքների մասին ուրիշների հետ խոսելու համար։ 2017 թ. հունիսի 1-ին դատարանը անմեղ ճանաչեց պրն Կորոլյովին՝ սահմանելով, որ կրոնի ազատության իրավունքը պաշտպանում է համոզմունքի հրապարակավ արտահայտումը։ Թեև գլխավոր դատախազությունը հավաստիացրել է, որ կտարածի այդ դրական որոշումը, սակայն մինչ այժմ ստորին ատյանի դատարանները հրաժարվում են կիրառել այդ որոշումը և Եհովայի վկաներին կրկին դատապարտում են այսպես կոչված «չգրանցված միսիոներական գործունեության համար»։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Գրեգորի Ալենը ասում է. «Ցավալի է տեսնել, որ Ղազախստանը ընդօրինակում է Ռուսաստանին՝ անհիմն մեղադրանքների միջոցով միջամտելով միջազգայնորեն ճանաչված կրոնի ազատության իրավունքի իրականացմանը։ Մտավախություն ունենք, որ Կենտրոնի գործունեությունը կասեցնելու մասին հունիսի 29-ի որոշումը շատ ավելին է նշանակում, քան կարծում ենք։ Հուսով ենք, որ այս միջամտության դեմ ներկայացված մեր բողոքի քննությամբ արդարությունը կվերականգնվի»։

Ողջ աշխարհի Եհովայի վկաները մտահոգված են դեպքերի նման զարգացումներով, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի նման՝ իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ արգելելու իրենց հավատակիցների գործունեությունը Ղազախստանում։