Անցնել բովանդակությանը

Խնդրագիրը ներկայացնող պատվիրակության, նրանց ընտանիքների և իրավաբանական թիմի որոշ անդամներ՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը հարգելու մասին խնդրագիրը ներկայացնելուց հետո

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2017
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայում հանրությունը պատրաստ է ճանաչելու խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Հարավային Կորեայում հանրությունը պատրաստ է ճանաչելու խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

2015 թ. հուլիսին Սահմանադրական դատարանում կայացած դռնբաց դատական նիստից հետո Հարավային Կորեայում հասարակությունը աստիճանաբար փոխում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցի հետ կապված իր վերաբերմունքը։ Նույնիսկ Դատարանի որոշման կամ նոր օրենսդրության բացակայության պայմաններում Հարավային Կորեան գնալով դրականորեն է տրամադրվում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցի նկատմամբ։ Ցածր ատյանի դատարանները, հանրությունը, իրավագետները և ներպետական ու միջազգային մարդու իրավունքների հարցերով զբաղվող հաստատությունները իրենց դիրքորոշումներով առաջարկում են այնպիսի լուծում, որով չի պատժվի խղճի ազատության իրավունքի իրականացումը։

Աննախադեպ փոփոխություն դատարանների դիրքորոշման մեջ

2017 թ. օգոստոսի 7-ով սկսվող շաբաթվա ընթացքում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող յոթ երիտասարդների գործով կայացվեցին արդարացման դատավճիռներ։ Նման զարգացումը աննախադեպ էր։ Կորեայի Հանրապետության արդարադատության պատմության ընթացքում դատարանները դատապարտել են ավելի քան 19 000 խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների, սակայն այս հարցի վերաբերյալ 42 արդարացման դատավճիռներից 38-ը կայացվել է 2015 թ. մայիսից սկսած, որից 25-ը՝ 2017 թ. ընթացքում։

Որոշ դատարաններ հետաձգել են գործերը՝ ակնկալելով, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ, ինչի հետևանքով դատական վարույթում գտնվող գործերի թիվը աճել է։ Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից բազմաթիվ հրաժարվողների փաստաբան պրն Դու-ջին Օհը ասում է, որ այժմ դատական վարույթում գտնվող գործերի թիվը հինգ անգամ գերազանցում է ընդամենը մի քանի տարի առաջ եղող գործերի թիվը։

Ցածր ատյանի դատարանների կողմից արդարացման դատավճիռների (6-ը՝ 2015 թ.-ին, 7-ը՝ 2016 թ.-ին, 25-ը՝ 2017 թ.-ին) և դատարանների վարույթում գտնվող գործերի թվի աճը (մոտ 100-ից աճել է՝ անցնելով 500-ը) ցույց է տալիս Հարավային Կորեայի արդարադատության համակարգի դիրքորոշման փոփոխությունը։

Բազմաթիվ դիտորդներ փոփոխություն են նկատում Հարավային Կորեայի դատական համակարգի մոտեցման մեջ։ Արդարացման դատավճիռներ հրապարակելով՝ շատ դատարաններ եկել են այն եզրահանգման, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքի բացակայության դեպքում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտելը խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված խղճի ազատության իրավունքը։ Իսկ այլ դատարաններ սահմանել են, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը «հիմնավոր պատճառ» է զինծառայության մասին օրենքով պահանջվող զորակոչին ներկայանալուց հրաժարվելու համար։

Հասարակության տեսակետը

Թեև հասարակության տեսակետը վճռորոշ դեր չի խաղում մարդու իրավունքները ճանաչելու և պաշտպանելու հարցում, պաշտպանության նախարարությունը հասարակության բացասական վերաբերմունքը օգտագործում էր արդարացնելու համար այդ հարցը լուծելու իր մերժումը։ Բայց հասարակության կարծիքը փոխվում է։ 2005 թ.-ին անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ միայն հարցվածների 10 տոկոսն է համաձայն, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվի։ Սակայն ըստ 2016 թ. մայիսին անցկացված հարցման՝ մասնակիցների 70 տոկոսը համաձայն էր այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծելուն։ 2016 թ. հուլիսին Սեուլի փաստաբանների միության անցկացրած հարցումը ցույց տվեց, որ նրա անդամների ավելի քան 80 տոկոսը համաձայն է այդ մտքին։

Մարդու իրավունքների հարցերով հաստատության կարծիքներն ու որոշումները

Կորեայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը նկատեց, որ Հարավային Կորեայում կարծիքների փոփոխությունը մղել է օրենսդիրներին 2017 թ. հունիսին ազգային ժողովի նստաշրջանում քննարկելու այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երեք տարբեր օրինագծեր։ Հանձնաժողովը հաշվի առավ նաև միջազգային հանրության այն կարծիքներն ու որոշումները, որոնք կոչ էին անում այդ քայլը ձեռնարկել, հետո ուսումնասիրեց, թե ինչպես կարող է այդ փոփոխությունները համապատասխանեցնել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության վերաբերյալ միջազգային չափանիշներին։ Հանձնաժողովը Հարավային Կորեայի կառավարությանը տրամադրեց քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության վերաբերյալ իր եզրակացությունները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և ընդունելի են Եհովայի վկաների և այլոց համար։

Խոստում և խնդրագիր

Երբ 2017 թ. մայիսի 10-ին Մուն Ջեինը ընտրվեց նախագահ, կիրառելով մարդու իրավունքների հարցերով փաստաբանի իր փորձը՝ տվեց հետևյալ խոստումը. «Խղճի ազատությունը հիմնարար իրավունք է, որը Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր հիմնարար իրավունքների շարքում բարձրագույն տեղ զբաղեցնող իրավունքներից է։ Հետևաբար ես խոստանում եմ ստեղծել այլընտրանքային ծառայության հնարավորություն և վերացնել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու ներկայիս պրակտիկան»։

Փաստաբանը հանձնում է խնդրագիրը պաշտոնյային

2017 թ. օգոստոսի 11-ին մի պատվիրակություն, որը ներկայացնում էր 904 խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների, խնդրագիր ներկայացրեց նորընտիր նախագահին՝ խնդրելով կառավարությանը ճանաչել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը՝ ազատ արձակելով խղճի կալանավորներին և ստեղծելով քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն։ Խնդրագիր ներկայացնողները 360 խղճի կալանավորներն էին և այն 544 անհատները, որոնց գործերը գտնվում են տարբեր դատական ատյանների վարույթում։

Մարդու իրավունքների պատմության մեջ մնայուն հետք թողնելու հնարավորություն

Հյուն-սու Կիմը

Հյուն-սու Կիմը՝ խնդրագիր ներկայացնողներից մեկը, նշեց, թե ինչ նշանակություն ունի իր համար խնդրագիրը. «Ես անհամբեր սպասում եմ այլընտրանքային ծառայության մասին այնպիսի օրենք ընդունելուն, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կլինի բացառապես քաղաքացիական բնույթի, որը ոչ մի առնչություն չի ունենա զինվորական մարմինների հետ և չի վերահսկվի նրանց կողմից։ Ես պատրաստ եմ անելու հանրօգուտ աշխատանք կամ փրկարար ծառայություն կամ էլ ցանկացած այլ աշխատանք, որը ինձ կհանձնարարեն։ Հաճելի կլինի անել այնպիսի աշխատանք, որը կնպաստի հանրության բարօրությանը»։

Եհովայի վկաները և ուրիշներ ուրախ են ականատես լինելու կարծիքների նման փոփոխությանը, ինչը կօգնի փոխելու այն քաղաքականությունը, որի պատճառով հազարավոր մարդիկ յոթ տասնամյակ շարունակ պատժի են ենթարկվում։ Վկաները գնահատում են այն, որ նախագահ Մունը, ազգային ժողովի անդամները և Հարավային Կորեայի դատական համակարգը անկեղծորեն հետաքրքրված են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները հարգելու և նրանց աջակցելու հարցով։