Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2015
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարյուրավոր կորեացի Վկաներ դիմել են ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին

Հարյուրավոր կորեացի Վկաներ դիմել են ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին

2015 թ. հուլիսին և օգոստոսին Հարավային Կորեայում կալանավորված ավելի քան 600 երիտասարդներ գանգատներ ներկայացրին ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին (Աշխատանքային խումբ)։ Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանց մեղավոր են ճանաչել և դատապարտել 18 ամսվա ազատազրկման։

Բողոքարկման հիմքը

2014 թ. հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն որոշում կայացրեց, համաձայն որի՝ Հարավային Կորեան մեղավոր է ճանաչել զինծառայությունից հրաժարվողներին կամայական կալանքի տակ առնելու համար։ Այդ որոշումը հիմք հանդիսացավ, որ բանտարկյալները դիմեն Աշխատանքային խմբին։

Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի նպատակն է «քննել անձին ազատությունից զրկելու վերաբերյալ այն գործերը, որոնք կամայական են կամ անհամատեղելի են.... տվյալ պետության կողմից ընդունված միջազգային իրավական փաստաթղթերի հետ»։

Փաստաբան Դու-ջին Օհը, որը ներկայացրեց այդ գանգատները, բացատրում է, թե ինչու է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների կալանավորումը կամայական։

Միջազգային չափանիշների համաձայն՝ կառավարությունը իր այն քաղաքացիների համար, ովքեր խղճի նկատառումներով հրաժարվում են զինծառայությունից, պետք է ապահովի ընդունելի այլընտրանք։ Պատճառն այն է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը սերտորեն կապված է խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ։ Սակայն Հարավային Կորեայի կառավարությունը շարունակում է անտեսել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն տրամադրելու միջազգային հանրության կոչերը։

Անկախ դիտորդը սխալ չի լինի, եթե «կամայական» որակավորի Հարավային Կորեայի համառ մերժումը՝ լուծել 60 տարի տևող խնդիրը, որը անդրադարձել է ավելի քան 18 000 երիտասարդների կյանքերի և նրանց ընտանիքների վրա։ Կառավարությունը այդ անձանց չի տրամադրել «իրավական պաշտպանության արդյունավետ միջոց», որ համապատասխանի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից հինգ առանձին գործերով կայացված որոշումների պահանջներին։ Անշուշտ, անարդար ու անհամատեղելի է որպես հանցագործ բանտարկել այն անձանց, ովքեր կտրականապես հրաժարվում են որևէ մեկին վնաս հասցնելուց։

Աշխատանքային խմբին ներկայացված պահանջը

Հարավային Կորեայի խղճի կալանավորները, ովքեր գանգատներ են ներկայացրել Աշխատանքային խմբին, խնդրում են, որ վերջինս

  • «սահմանի, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելը հանդիսանում է կամայական կալանք»

  • «պարտավորեցնի Կորեայի Հանրապետությանը անմիջապես ազատ արձակել խղճի կալանավորներին և նրանց համարել դատվածություն չունեցող»

Ազատազրկված՝ հավատի համար

Գանգատ ներկայացրած ազատազրկվածներից մեկը Ջուն-հայոկ Անն է։ Այլոց պես՝ նա իրեն հանցագործ չի համարում։ Մանկությունից Ջուն-հայոկ Անի մայրը կրթել է նրան աստվածաշնչյան սկզբունքներով և օգնել, որ կիրառի դրանք։ Դեռ երիտասարդ տարիքում նա հասկացել էր, որ զինծառայությունը դեմ է իր կրոնական համոզմունքներին և խղճին։ * Իմանալով Հարավային Կորեայում տիրող ներկայիս իրավիճակի մասին, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ զինծառայությունից հրաժարվելը՝ նա մտածված որոշում կայացրեց։

Ջուն-հայոկ Անն ասում է. «Կարծում եմ, որ ինձ չպետք է ազատազրկեին իմ կրոնական համոզմունքների համար։ Եթե կառավարությունը այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն ստեղծեր, ես կընդունեի այն։ Իմ անկեղծ համոզմունքն է՝ ոչ ոքի վնաս չպատճառել։ Ինչ խոսք, ինձ հանցագործ համարելը և իմ հանդեպ պատիժ սահմանելը անարդարացի է»։

Ինչպե՞ս Հարավային Կորեան կարձագանքի ճնշմանը

Աշխատանքային խումբը ընդհանուր առմամբ 631 գանգատների վերաբերյալ կծանուցի Հարավային Կորեայի կառավարությանը, որպեսզի վերջինս ներկայացնի իր դիտարկումներն ու մեկնաբանությունները։ Երբ կառավարությունը ներկայացնի իր պատասխանը, Աշխատանքային խումբը որոշում կկայացնի և իր առաջարկները կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եթե խորհուրդը համաձայնի, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների ազատազրկումը կամայական է, Հարավային Կորեան, որպես միջազգային հանրության անդամ, խիստ քննադատության կարժանանա մարդու իրավունքների առնչությամբ իր պարտավորությունները անտեսելու համար։

Պրն. Օհը նշում է. «Մինչև հիմա Հարավային Կորեան չի արձագանքել միջազգային հանրության ճնշմանը՝ ընդունել այնպիսի օրենսդրություն, որը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին հնարավորություն կտա կատարելու ընդունելի այլընտրանքային ծառայություն։ Միևնույն ժամանակ մեծանում է ճնշումը ազգային դատարանների կողմից։ Վերջին ամիսներին երկու շրջանային դատարաններ արդարացման դատավճիռ են կայացրել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող վեց անձանց նկատմամբ։ 2012 թ.-ից ի վեր դատարանները յոթ գործ են ուղարկել Սահմանադրական դատարան, որը այդ հարցի հետ կապված փաստարկները քննեց 2015 թ. հուլիսին»։

Ներկայումս Հարավային Կորեայի կառավարությունը ամեն ամիս դատապարտում և կալանավորում է 40–50 Վկաների, ինչը ոտնահարում է միջազգային իրավունքը։ Պրն. Անը և Հարավային Կորեայի բոլոր խղճի կալանավորները անհամբերությամբ սպասում են Սահմանադրական դատարանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կայացրած որոշումներին։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները բանակ չեն գնում։ Իմացիր, թե որն է մեր դիրքորոշման հիմքը։