Անցնել բովանդակությանը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ազատազրկված՝ հավատի համար (Հարավային Կորեա)

Ազատազրկված՝ հավատի համար (Հարավային Կորեա)

Շուրջ յոթ տասնամյակ տևած պայքարից հետո Հարավային Կորեայի Եհովայի վկաներին անչափ ուրախացրին 2019 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած իրադարձությունները։ Այդ օրը զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով բանտարկված վերջին հավատակիցներն ազատ արձակվեցին։ Եհովայի վկաները երախտապարտ են, որ Հարավային Կորեայի դատական համակարգն այժմ ճանաչում է անհատի՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն (այսուհետ՝ ԱՔԾ) կատարելու հնարավորություն է ընձեռում։

Մոտ մեկ տարի անց Գերագույն դատարանը վերսկսեց հետաձգված գործերի քննությունը, որոնք վերաբերում էին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելուն։ 2020 թ. փետրվարի 13-ին դատարանը արդարացրեց 108 Վկաների, իսկ փետրվարի 27-ին՝ ևս 210 հոգու։

Այլընտրանքային քաղաքացիական ծառայության իրականացում

Ինչ վերաբերում է ապագայում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, ապա օրենսդիրը 2019 թ. դեկտեմբերին ընդունեց ԱՔԾ-ի մասին նոր օրենք, ըստ որի՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող քրիստոնյա երիտասարդներին պետք է հնարավորություն տալ կատարելու այնպիսի ծառայություն, որը կնպաստի կորեական հասարակության բարօրությանը: Միջազգային չափանիշների համաձայն՝ ԱՔԾ-ն պետք է կրի «քաղաքացիական բնույթ» և չլինի զինվորական վերահսկողության ներքո: Ավելին, ԱՔԾ-ն չպետք է պատժիչ բնույթ ունենա: Սա ընդգծվում էր Սահմանադրական դատարանի 2018 թ. հունիսին ընդունած որոշման մեջ, որտեղ ասվում էր. «Եթե այլընտրանքային ծառայության տևողությունը կամ խստությունը չափազանցված է այնքան, որ նույնիսկ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները դժվարանում են այն կատարել, ապա դա հակասում է այլընտրանքային ծառայության նպատակին կամ այն դարձնում է ընդամենը պատժի մի ձև»։

2020 թ. հոկտեմբերի 26-ին 63 Եհովայի վկաներ սկսեցին ծառայության այս ձևն անել։ Նրանք երեք տարով աշխատանքային նշանակում ստացան ուղղիչ հաստատություններից մեկում։ Այնուամենայնիվ, օրենքում անորոշ են այն պայմանները, որոնցում պետք է իրականացվի ԱՔԾ-ն: Իշխանությունները դեռևս որոշում են, թե որքանով երիտասարդներին կթույլատրվի լքել բանտը՝ կրոնի ազատության իրենց իրավունքից օգտվելու և այլ գործունեության մասնակցելու համար։

Այս պահին նաև անորոշ է, թե արդյոք ներկայիս ԱՔԾ ծրագիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Եթե օրենքը թույլ է տալիս, որ այն գտնվի զինվորական վերահսկողության ներքո, կամ եթե օրենքը պատժիչ բնույթ է կրում, ապա համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Վկաները հավանաբար ստիպված կլինեն հրաժարվել այս տեսակի ԱՔԾ-ից: Մյուս կողմից, եթե ԱՔԾ-ն զինվորական հսկողության տակ չէ և պատժիչ բնույթ չունի, ապա համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող յուրաքանչյուր Եհովայի վկա ինքը կորոշի՝ ընդունել այդ ծառայությունը, թե ոչ։

Ժամանակագրություն

  1. Մարտի 31, 2021

    Ջին-սոնգ Բենգը վաղաժամկետ ազատ արձակվեց։

  2. Մարտի 10, 2020

    Ջին-սոնգ Բենգը 18 ամսով ազատազրկվեց։

  3. Փետրվարի 13 և 27, 2020

    Գերագույն դատարանը ազատ արձակեց ավելի քան 300 Վկաների. նրանցից մեկը մեղավոր ճանաչվեց։

  4. Դեկտեմբեր 2019

    Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը ԱՔԾ-ի մասին օրենք ընդունեց:

  5. Փետրվար 28, 2019

    Ազատ արձակվեց ազատազրկման մեջ եղող միակ Եհովային վկան։

  6. Նոյեմբեր 1, 2018

    Գերագույն դատարանը վճռեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանցանք չէ։

  7. Հունիսի 28, 2018

    Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը ԱՔԾ-ի բացակայությունը հակասահմանադրական հայտարարեց։