Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների դատվածությունը ծանրացնում է իրավիճակը

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների դատվածությունը ծանրացնում է իրավիճակը

2016 թ. հունվարին Հյուն-ջուն Գվոնը և Գվանգ-թաեկ Օհը Հարավային Կորեայում ինքնաթիռ նստեցին՝ լի արձակուրդը Ճապոնիայում վայելելու սպասումներով։ Երբ նրանք անցնում էին Ճապոնիայի Նագոյա օդանավակայանի սահմանային հսկողության անցակետով, ակնկալում էին, որ առանց որևէ խոչընդոտի՝ մուտքի թույլտվություն կստանան։ Սակայն միգրացիոն ծառայության աշխատակիցները հարցաքննեցին նրանց, քանի որ փաստաթղթերից երևում էր, որ նրանք դատվածություն ունեն։

Երկու երիտասարդները բացատրեցին, որ իրենք դատվել են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, և որ դա միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Սակայն աշխատակիցները չտվեցին նրանց Ճապոնիա մուտքի թույլտվություն։ Ապարդյուն էր նաև Հարավային Կորեայում Ճապոնիայի հյուպատոսություն դիմելը։ Այդ երիտասարդները հասկացան մի դառը ճշմարտություն. նրանք դեռ երկար կկրեն իրենց կրոնական համոզմունքները պաշտպանելու հետևանքները, և դրանք շատ անսպասելի կերպերով կազդեն իրենց կյանքի վրա։

Անարդարացի վերաբերմունք

Հարավային Կորեայում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները ունեն երկու տարբերակ՝ զիջումների գնալ և անցնել զինծառայություն կամ բանտ նստել։ Միանգամայն խախտելով մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը՝ այդ պետությունը ոչ մի այլընտրանք չի առաջարկում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ * Այս անարդարությունը ավելի է խորանում այն պատճառով, որ կառավարությունը հրաժարվում է նրանց համարել դատվածություն չունեցող։ Իրավիճակը ծանրացնում է նաև այն, որ այդ եղբայրները բանտից ազատվելուց հետո դեռ երկար ժամանակ անարդարացի վերաբերմունքի են ենթարկվում։ Դատվածություն ունենալը խիստ սահմանափակում է աշխատանք գտնելու հնարավորությունները և խոչընդոտում Ճապոնիայի նման երկրներ այցելելը, ուր Հարավային Կորեայի բնակիչները հաճախ են մեկնում։

Հարավային Կորեայում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտված այլ երիտասարդներ նույնպես բախվում են անարդարության։ Օրինակ՝ 2011 թ. դեկտեմբերին պրն. Ջին-մո Կանգը կնոջ՝ Կոտոմիի հետ, որը ճապոնուհի է, մեկնեցին Ճապոնիա՝ նրա ընտանիքի անդամներին այցելելու։ Պրն. Կանգին մերժեցին Ճապոնիա մուտքի թույլտվություն տալ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատվածություն ունենալու պատճառով։ Նա ստիպված կնոջը թողեց Ճապոնիայում, իսկ ինքը վերադարձավ Հարավային Կորեա։ Թեև պրն. Կանգը կրկին փորձեց թույլտվություն ստանալ, սակայն միգրացիոն ծառայության աշխատակիցները թույլ չտվեցին նրան մտնել Ճապոնիա։

Բացառություն, ոչ թե կանոն

Ոչ մի երկիր խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, չի համարում՝ բացառությամբ Ճապոնիայի։ Սակայն Հարավային Կորեայում այդ երկրի հյուպատոսությունն ի վերջո պրն. Օհին մուտքի արտոնագիր տվեց։ Նա հյուպատոսության աշխատակիցներին ներկայացրեց Ճապոնիայում բնակվող իր ընկերների ուղարկած հրավերն ու երաշխիքները։ Պրն. Օհը մուտք գործեց Ճապոնիա 2016 թ. հուլիսի սկզբին։

Ի տարբերություն Ճապոնիայի՝ ժողովրդավարական այլ երկրներից շատերը ընդունում են, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները հանցագործներ չեն, և թույլ են տալիս նրանց մուտք գործել իրենց երկիր՝ չնայած նրանց դատվածությանը։ Որոշ երկրներ անգամ կացարան են տրամադրում նրանց։ Ավստրալիան, Կանադան ու Ֆրանսիան ապաստան են տևել Հարավային Կորեայից եկած խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Դա համապատասխանում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից այդ հարցի վերաբերյալ վերջերս հրապարակված բանաձևին, որով անդամ-երկրներին կոչ էր արվում «քննել ապաստան տրամադրելու հարցը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող այն անձանց, ովքեր հիմնավոր մտավախություն ունեն, որ զինծառայությանը փոխարինող այլընտրանքի կամ համապատասխան այլընտրանքի բացակայության պայմաններում զինծառայությունից հրաժարվելու պատճառով իրենց երկրում կհետապնդվեն»։ *

Եհովայի վկա իրավաբանները համագործակցում են ճապոնացի պաշտոնյաների հետ խնդրի հանգուցալուծման համար։ Մարդու իրավունքների գծով միջազգային փաստաբան Անդրե Կարբոնոն ասում է. «Այն, որ պրն. Օհը կարողացավ մուտք գործել Ճապոնիա, ցույց է տալիս, որ այդ անհատներին երկիր ընդունելը այդքան էլ դժվար չէ։ Պարզապես Ճապոնիայի իշխանությունները պետք է կիրառեն այն ընդունված մոտեցումը, համաձայն որի՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները ճանաչված են որպես խաղաղասեր անձնավորություններ, որոնք «հանցագործ» չեն, և որոնց հարկավոր է թույլ տալ մտնել իրենց երկիր, չնայած որ դատվածություն ունեն»։

Արդյոք Հարավային Կորեան կշտկի՞ անարդարությունը

Միջազգային հանրությունը ճանաչում է, որ խղճի կալանավորները հանցագործներ չեն։ Սկսած 2006 թ.-ից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը (CCPR) ընդդեմ Հարավային Կորեայի բազմաթիվ որոշումներ է կայացրել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու համար։ CCPR-ը Հարավային Կորեայում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելը բնորոշել է որպես «կամայական կալանավորում»։ Այն կոչ է արել կառավարությանը ընդունել մի օրենսդրություն, որով կպաշտպանվի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Իր որոշումներում CCPR-ը Հարավային Կորեային կոչ է արել նաև խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվածներին համարել դատվածություն չունեցող։ *

Հարավային Կորեան շարունակում է անտեսել CCPR-ի որոշումները։ Սակայն վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և կամընտիր արձանագրությունները՝ Հարավային Կորեան պարտավորվել է կիրառել CCPR-ի որոշումները, նույնիսկ եթե դրանք հակասեն ներպետական օրենսդրությանը։

Քանի դեռ Հարավային Կորեան չի կիրառել միջազգային չափանիշները և չի ճանաչել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը որպես մարդու հիմնարար իրավունք, հարյուրավոր քաղաքացիներ կշարունակեն ազատազրկվել և կրել «հանցագործի» պիտակը։ * Եհովայի վկաները սպասում են այն օրվան, երբ Հարավային Կորեան կճանաչի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և կդադարի խղճի հիմնավորմամբ պայմանավորված գործողությունները քրեականացնել։ Միևնույն ժամանակ հարավային կորեացիները, ինչպիսիք են պրն. Գվոնը և պրն. Օհը, հույս ունեն, որ Ճապոնիայի իշխանությունները կընդունեն միօրինակ մոտեցում, համաձայն որի՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին թույլ կտան մուտք գործել Ճապոնիա։

^ պարբ. 5 Ներկայումս Հարավային Կորեան այն չորս երկրներից մեկն է, որտեղ Եհովայի վկաներին ազատազրկում են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Շատ երկրներ, որտեղ գործում է պարտադիր զինծառայություն, հարգում են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ հնարավորություն տալով կատարել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն, որը չի գտնվում զինվորական հսկողության կամ վերահսկողության տակ, կամ ինչ-որ կերպ ազատելով այդ ծառայությունից։

^ պարբ. 9 Տես 2013 թ. հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված «Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարում» 24/17 բանաձևը։

^ պարբ. 12 Տես Կոմունիկացիաներ No. 1642-1741/2007, «Ջոնգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», 2011 թ. մարտի 24-ին Կոմիտեի կողմից ընդունված Կարծիքներ

^ պարբ. 14 Վերջին հինգ տարում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Հարավային Կորեան ազատազրկել է 2 701 երիտասարդ Վկաների։