Անցնել բովանդակությանը

Գյեոնգ-չան Պարկը այն 140 տղամարդկանցից մեկն է, որոնց զինկոմիսարիատը պիտակել է որպես զինծառայությունից խուսափողներ

ՀՈՒՆԻՍԻ 9, 2017
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Մարդու իրավունքները Հարավային Կորեայում. դատարանը օրինական է համարում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների մտահոգությունները

2017թ. մայիսի 1-ին Սեուլի վարչական դատարանը սահմանեց, որ զինվորական կոմիսարիատի (զինկոմիսարիատ) կողմից խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին «զինծառայությունից խուսափողներ» պիտակելը կարող է անդառնալի վնասներ բերել նրանց։ Դատարանը սահմանեց, որ զինկոմիսարիատը պետք է կասեցնի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների անձնական տվյալների հրապարակումը իր կայքում մինչև զինկոմիսարիատի գործողության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Զինկոմիսարիատը կատարել է կասեցման վերաբերյալ դատարանի որոշումը։

Զինծառայությունից խուսափողներ չեն

2015թ. սկզբին զինկոմիսարիատի աշխատակիցները տեղեկացրին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, որ հրապարակելու են նրանց՝ որպես զինծառայությունից խուսափողների անձնական տվյալները։ Զինկոմիսարիատը նրանց մասին տեղեկություն ուներ, քանի որ նրանք զորակոչի նախօրեին գրավոր տեղեկացրել էին զինկոմիսարիատին, որ իրենց խղճի թելադրանքով որոշել են հրաժարվել զինծառայությունից, սակայն պատրաստ են կատարել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։ Այնուամենայնիվ, 2016թ. դեկտեմբերի 20-ին զինկոմիսարիատը իր կայքում հրապարակեց այդ տղամարդկանց անունները, տարիքը, հասցեն և այլ տեղեկություններ՝ ներկայացնելով նրանց որպես զինծառայությունից խուսափողների։

Գյեոնգ-չան Պարկը, որը Եհովայի վկա է և խղճի հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից, ցնցվեց, երբ կայքում հրապարակված զինծառայությունից խուսափող 237 անձանց ցուցակում տեսավ իր անունը։ Նա ասում է. «Ես զինծառայությունից հրաժարվելու որոշում եմ կայացրել իմ խղճի թելադրանքով և ակնկալում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն իմ դիրքորոշումը։ Չնայած դրան՝ ինձ մտահոգեց այն հանգամանքը, որ կառավարությունը ինձ համարում է «զինծառայությունից խուսափող»։ Զինկոմիսարիատը լավ է ճանաչում Վկաներին և գիտի նրանց դրդապատճառները, ուստի պետք է ընդունի, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից նրանց հրաժարումը նույնը չէ, ինչ եսասիրաբար քաղաքացիական պարտքը կատարելուց հրաժարվելը»։ Նա ավելացնում է. «Պետք է նշեմ, որ երբ տեսա իմ անունն ու հասցեն հրապարակված ցուցակում, անհանգստացա, քանի որ ինչ-որ մեկը, օգտագործելով այդ տեղեկությունը, կարող է գալ իմ տուն և ինձ անհանգստություն պատճառել»։

Տեղեկության հրապարակումը կասեցնելու մասին իրենց հայցադիմումի մեջ 140 Վկաներ, ում անունները հրապարակված են կայքում, նշել են, որ զինապարտության մասին օրենքի համաձայն՝ զինծառայությունից խուսափող է համարվում այն անձը, ով չի ներկայանում զորակոչին՝ «առանց օրինական հիմքերի»։ Նրանք նաև նշել են, որ իրենք չեն խուսափում զինծառայությունից, ոչ էլ իրենց հրաժարումը «առանց օրինական հիմքերի» է, քանի որ Հարավային Կորեայի օրենսդրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով պահանջվում է ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Հարավային Կորեայում այս իրավունքի ճանաչման մասին հարցը գտնվում է Սահմանադրական դատարանի վարույթում։

Հայեցողական լիազորության չարաշահման արդյունքում կիրառվում է պատժի մեկ այլ տեսակ

Հայցադիմումի մեջ այդ Վկա տղամարդիկ նշել են նաև այն հանգամանքը, որ հասարակության կողմից քննադատությունը, թեև սթրեսների պատճառ է և պատիվ չի բերում իրենց, ի զորու չէ փոխելու խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ Եհովայի վկաների համոզմունքը։ Հարավային Կորեայում ավելի քան 19000 Եհովայի վկաներ դիմադրել են այդ ճնշմանը և անցած 60 տարիների ընթացքում ազատազրկման մեջ անցկացրել են ընդհանուր հաշվով 36000-ից ավելի տարիներ։ Այդ տղամարդիկ, ում տվյալները հանրամատչելի են դարձել, դիտում են դա որպես պատժի մի տեսակ, ինչը իրենց համար նույնքան անբարենպաստ պայմաններ է ստեղծում, որքան դատվածություն ունենալը։ Նրանք դատվածություն ունեն, քանի որ Հարավային Կորեայի կառավարությունը նրանց դատապարտում է ազատազրկման խղճի համաձայն վարվելու համար։

Անհամբեր սպասում են դատական նիստին

Հարավային Կորեայում Եհովայի վկաները ուրախ են, որ դատարանն իր որոշմամբ պատշաճ գնահատական է տվել մարդու իրավունքների ոտնահարման հարցին, և հույս ունեն, որ այդ որոշումը դրական ազդեցություն կունենա վարչական գործի վրա, որը շուտով պետք է քննվի դատարանի կողմից։ Նրանք նաև պատրաստում են մի խնդրագիր՝ ուղղված Հարավային Կորեայում Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովին, որպեսզի վերջինս այդ հարցի վերաբերյալ պաշտոնական կարծիք ներկայացնի դատարան։ Դատական նիստը տեղի կունենա 2017թ. հունիսի 28-ին։