Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 9, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան կպաշտպանի՞ խղճի ազատության իրավունքը

Հարավային Կորեան կպաշտպանի՞ խղճի ազատության իրավունքը

Սոն-հյոկ Կիմը կանգնած է իր կյանքի ամենամեծ դժվարություններից մեկի առաջ։ Դեռ 2015 թ. սկզբին այս 28-ամյա տղամարդը, որը երկու երեխաների հայր է, խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով հայտնվեց դատարանում։ Ղեկավարվելով միջազգային չափանիշներով՝ Քվանգջու քաղաքի շրջանային դատարանը նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց։ Սա բացառիկ որոշում էր Հարավային Կորեայում, քանի որ տասնամյակներ շարունակ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող հազարավոր երիտասարդներ դատապարտվել են ազատազրկման։ Սակայն վերաքննիչ դատարանը բեկանեց պրն. Կիմի գործով դատավճիռը և դատապարտեց նրան 18 ամսվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվեց Հարավային Կորեայի Գերագույն դատարան։

Վերջին տարիներին Հարավային Կորեայում նկատվում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչելու վերաբերյալ տարակարծությունների աճ։ Միջազգային չափանիշները խիզախորեն կիրառած առաջին ատյանի դատավորների կայացրած որոշումները բեկանվեցին վերաքննիչ դատարաններում։

Առաջին ատյանի դատարանը պաշտպանում է խղճի ազատության իրավունքը

2015 թ. մայիսի 12-ին Քվանգջուի շրջանային դատավոր Չանգ-սոկ Չոյը անմեղ ճանաչեց պրն. Կիմին՝ պատճառաբանելով, որ նա չի անտեսել պետության հանդեպ իր պարտքը։ Փոխարենը՝ նա սահմանեց, որ պրն. Կիմը, լինելով Եհովայի վկա, ունի բարոյական և խոր կրոնական համոզմունքներ, որոնք թույլ չեն տալիս նրան զինծառայություն անցնել։ Դատարանը նշեց, որ պրն. Կիմը պատրաստ է կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, որը զինվորական մարմինների հսկողության տակ չէ։ *

Իր դատավճռում դատավոր Չոյը նշեց, որ պրն. Կիմը, հրաժարվելով զինծառայությունից, իրականացնում էր խղճի ազատության իր իրավունքը, և որ «խղճի ազատությունը պետք է պաշտպանվի ցանկացած պարագայում»։ Դատավորը համարձակ քայլ արեց՝ ճանաչելով Կիմի՝ զինծառայությունից հրաժարվելու բարոյական իրավունքը։ Դատարանի որոշումը հակասում էր այդ երկրում հաստատված նախադեպային իրավունքին, սակայն ներդաշնակ էր խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ միջազգային չափանիշներին։

«Խղճի ազատության իրավունքը պետք է պաշտպանվի ցանկացած պարագայում։ Դա հնարավոր է անել բավականին պարզ կերպով՝ չվտանգելով ազգային անվտանգությունը» (Քվանգջուի շրջանային դատարանի դատավոր Չանգ-սոկ Չոյ)։

Այս հարցի հետ կապված 500 բողոքների վերաբերյալ 5 առանձին որոշումներում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը (CCPR) դատապարտեց Կորեային խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելու համար։ Իր վերջին որոշման մեջ CCPR-ը սահմանեց, որ նրանց ազատազրկելը հավասարազոր է կամայական կալանքին՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 9-րդ հոդվածի։ * CCPR-ը և այլ միջազգային մարմիններ կոչ են արել Հարավային Կորեային ընդունելու օրենսդրություն, որը հնարավորություն կտա զինծառայությունից հրաժարվողներին անցնելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Թեև Հարավային Կորեան 1990 թ.-ին կամավոր միացավ ՔՔԻՄԴ-ին և ստորագրեց Դաշնագրի առաջին կամընտիր արձանագրությունը, սակայն հրաժարվում է այս որոշումները կիրառելու ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկելուց։

Մեղավո՞ր է, թե՞ անմեղ

Դատախազը պրն. Կիմի վերաբերյալ դատավճիռը բեկանելու պահանջով դիմեց վերաքննիչ դատարան՝ նշելով, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը սպառնալիք է ազգային անվտանգության համար։ * 2015 թ. նոյեմբերի 26-ին վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և պրն. Կիմին դատապարտեց 18 ամսվա ազատազրկման զինծառայությունից «խուսափելու» հիմքով։

Թեև վերաքննիչ դատարանը տեղյակ էր CCPR-ի որոշումներին, սակայն որոշեց սույն գործով նախընտրությունը տալ Հարավային Կորեայի դատարանների կայացրած որոշումներին և ոչ թե միջազգային իրավունքի նորմերին։ Պրն. Կիմը անմիջապես բողոքարկեց որոշումը Գերագույն դատարան և հրատապ բողոք ներկայացրեց ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին (ԿԿԱԽ)։ * Նա սպասում է այս երկու բողոքների վերաբերյալ որոշումներին։

Գերագույն և Սահմանադրական դատարանները բազմիցս հրաժարվել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչելուց։ 2004 թ.-ին և ապա 2011 թ.-ին Սահմանադրական դատարանը «Զինծառայության մասին» օրենքը ճանաչել է սահմանադրական։ Այժմ Դատարանը երրորդ անգամ է քննում «Զինծառայության մասին» օրենքի սահմանադրականության հարցը, և ակնկալվում է, որ այն շուտով որոշում կկայացնի։

Սկսած 1953 թ.-ից՝ Հարավային Կորեայում դատարանները ավելի քան 18 000 Եհովայի վկաների գործով ազատազրկման դատավճիռ են կայացրել զինված ուժերում ծառայելուց հրաժարվելու համար։

Հարավային Կորեան ի վերջո կճանաչի՞ միջազգային չափանիշները

Եթե Գերագույն դատարանը մերժի պրն. Կիմի բողոքը, նրան անմիջապես կազատազրկեն։ Պրն. Կիմը մտահոգված է՝ իմանալով, որ 18 ամսվա ազատազրկումը էմոցիոնալ և ֆինանսական վնաս կհասցնի իր ընտանիքին։ Նրա կինը ստիպված կլինի մենակ հոգ տանել իրենց երկու երեխաներին։ Բանտից դուրս գալուց հետո դատվածություն ունենալու պատճառով նրա համար շատ դժվար կլինի աշխատանք գտնել։

Եհովայի վկաները ուրախ են, որ տարբեր երկրների կառավարություններ ընդունել են միջազգային չափանիշները՝ ճանաչելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Սոն-հյոկ Կիմը, ինչպես նաև Հարավային Կորեայում մյուս Եհովայի վկաները սպասում են դատարանների կողմից այս հարցի լուծմանը։ Արդյոք Գերագույն և Սահմանադրական դատարանները կհետևե՞ն միջազգային չափանիշներին, որոնք կիրառելու վերաբերյալ Կորեան կամավոր ստանձնել է պարտավորություն։ Արդյոք Հարավային Կորեան կճանաչի՞ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ որպես իր քաղաքացիների հիմնարար իրավունք։

^ պարբ. 5 2015 թ.-ին Քվանգջուի շրջանային դատարանը արդարացման դատավճիռներ կայացրեց երեք Վկաների գործերով։ Նմանապես Սուվոնի շրջանային դատարանը անմեղ ճանաչեց երկու Եհովայի վկաների, ովքեր մեղադրվում էին զինծառայությունից խուսափելու մեջ։

^ պարբ. 7 Մարդու իրավունքների հանձնաժողով, Կարծիք, «Յանգ–կվան Կիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 2179/2012, U.N.Doc. CCPR/C/112/D/2179/2012 (հոկտեմբեր 15, 2014)։

^ պարբ. 9 Դատախազը պնդում էր, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը բացասաբար կազդի ազգային անվտանգության վրա։ Սակայն իրավական համակարգի մասնագետները տարակարծիք են։ Օրինակ՝ Չանյոնի և Մասանի շրջանային դատարանի դատավոր Գվան-գու Կիմը նշել է. «Գոյություն չունի ծանրակշիռ և կոնկրետ ապացույց կամ տեղեկություն այն բանի վերաբերյալ, որ այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունելը կվտանգի ազգային անվտանգությունը»։

^ պարբ. 10 ԿԿԱԽ-ն հնարավորություն է տալիս բողոքարկելու ձերբակալությունն ու կալանավորումը այն դեպքում, երբ դրա պատճառը միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրականացնելն է։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները բանակ չեն գնում։ Իմացիր, թե որն է մեր դիրքորոշման հիմքը։