Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 11, 2014
ԹՈՒՐՔԻԱ

ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ Թուրքիայի քաղաքացի չորս խղճի կալանավորների

ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ Թուրքիայի քաղաքացի չորս խղճի կալանավորների

2014 թ. հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար 4 Եհովայի վկաներին դատապարտելով՝ Թուրքիան ոտնահարել է Եվրոպական կոնվենցիան։ * Չաղլար Բուլդուն, Բարիշ Գյորմեզը, Էրսին Օլգյուն և Նևզաթ Ումդուն հրաժարվել են ծառայել զինված ուժերում, քանի որ ունեն խորը կրոնական համոզմունքներ։ ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է. «Դիմումատուների դեմ կիրառված միջոցները.... հանդիսանում են միջամտություն, ինչը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով»։

2008-ի մարտի 17-ին 4 Վկաներ դիմում ներկայացրին ՄԻԵԴ («Բուլդուն և այլք ընդդեմ Թուրքիայի»)՝ նշելով, որ Թուրքիան չի հարգել իրենց կրոնի ազատությունը՝ զինծառայությունից հրաժարվելու համար նրանց շարունակաբար հետապնդելով և դատապարտելով։ Ընդհանուր հաշվով նրանց կանչել են ավելի քան 30 զորակոչի, և նրանք բանտում և զինվորական բանտախցերում անցկացրել են ավելի քան 6 տարի։

Չաղլար Բուլդու

ՄԻԵԴ-ի վճռում նշվում է. «Եհովայի վկա դիմումատուների՝ խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելը միանշանակ հանդիսանում է իրենց կրոնական համոզմունքների դրսևորում։ Դատարանը որևէ կասկած չունի, որ դիմումատուներին բազմաթիվ անգամներ դատապարտելը.... ինչպես նաև անընդհատ քրեական հետապնդման վտանգի տակ պահելը.... հավասարազոր է կրոնը արտահայտելու ազատության իրականացման իրավունքի միջամտությանը։ Այդ իրավունքը երաշխավորված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով»։

Սա խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ Թուրքիայի դեմ կայացված 3-րդ վճիռն է։ Այս որոշմանը նախորդել են 2012-ին Ֆետի Դեմիրտաշի օգտին և 2011-ին Յունուս Էրչեպի օգտին կայացված որոշումները։ Դրանից բացի, 2012-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կայացրեց որոշում Եհովայի վկա հանդիսացող Թուրքիայի քաղաքացիներ՝ Սենկ Ատասոյի և Արդա Սարկուտի օգտին, ովքեր նույնպես հրաժարվել էին զինծառայությունից խղճի նկատառումներով։

Եվրոպայում այս հարցի վերաբերյալ շրջադարձային եղավ 2011-ի հուլիսի 7-ը, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կայացրեց «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։ Առաջին անգամ ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը։ Այս որոշումը պարտադիր է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար։ Բայաթյանի վճիռը, Թուրքիայի դեմ կայացված ՄԻԵԴ-ի երեք վճիռները և նույն հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի այլ վճիռներ պարտավորեցնում են Թուրքիային և մյուս անդամ պետություններին վերանայել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ իրենց վերաբերմունքը և իրենց օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի երաշխիքներին։

Ջեյմս Անդրիկը, ով հանդիսանում է սույն գործով 4 դիմումատուներին ներկայացնող փաստաբաններից մեկը, ասում է. «Թեև ներկայումս Թուրքիայում ոչ ոք բանտում չէ որպես խղճի կալանավոր, կառավարությունը շարունակում է հետապնդել երիտասարդ Վկաներին, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։ Հուսով ենք, որ «Բուլդուն և այլք ընդդեմ Թուրքիայի» գործով վերջերս կայացված վճիռը կմղի Թուրքիայի կառավարությանը հարգել խղճի ազատության մարդու հիմնարար իրավունքը»։

^ պարբ. 2 Հոդված 3՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում։ Հոդված 6՝ արդար դատաքննության իրավունք։ Հոդված 9՝ մտքի, խղճի և կրոնի ազատություն։