Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 10, 2016
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Լեռնային Ղարաբաղը անարդարացիորեն ազատազրկում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողի

Լեռնային Ղարաբաղը անարդարացիորեն ազատազրկում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողի

22-ամյա Արտուր Ավանեսյանը պատիժ է կրում «Շուշի» քրեակատարողական հիմնարկում, չնայած որ ցանկանում է անցնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն։ Լեռնային Ղարաբաղի բոլոր դատական ատյանները չեն ցանկացել ճանաչել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու նրա հիմնարար իրավունքը՝ դատապարտելով նրան 30 ամսվա ազատազրկման։

Ա. Ավանեսյանը, որը Եհովայի վկա է, բացատրում է իր ամուր բարոյական համոզմունքները. «Իմ խիղճը թույլ չի տալիս ինձ զինվորական ծառայություն կատարել։ Ես սիրում եմ մարդկանց և չեմ ուզում զենք վերցնել կամ նույնիսկ սովորել, թե ինչպես վնասել ուրիշին»։ Նա ավելացնում է. «Ես չեմ փորձում խուսափել պետության հանդեպ իմ պարտքը կատարելուց։ Ես ամեն ինչ արել եմ, որ այլընտրանքային ծառայություն անցնեմ, բայց ինձ հնարավորություն չի տրվել»։

Այլընտրանքային ծառայություն անցնելու ջանքերը ձախողվում են

2014 թ. հունվարի 29-ին Ա. Ավանեսյանը ծանուցում ստացավ ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Ասկերանի զինկոմիսարիատ՝ զորակոչվելու համար։ Հաջորդ օրը նա դիմում ներկայացրեց զինկոմիսարիատ, որում բացատրում էր, որ համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից, և արտահայտում էր իր պատրաստակամությունը կատարելու այլընտրանքային աշխատանքային ծառայություն։ Նա նաև դիմեց փաստաբանի՝ գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղը այլընտրանքային ծառայության մասին օրենք չունի։

Քանի որ Ա. Ավանեսյանը ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրա փաստաբանը հանդիպեց պաշտոնյաների հետ Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, և թվում էր, թե նրան հնարավորություն էր տրվելու այլընտրանքային ծառայություն անցնելու Հայաստանում։ Այդ նպատակով Ա. Ավանեսյանը տեղափոխվեց Հայաստան։ 2014 թ. փետրվարի 13-ին նա պարտադիր զինվորական ծառայությունը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմում ներկայացրեց ՀՀ Մասիսի տարածքային զինկոմիսարիատ։

Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը ոչ մի անգամ չկանչեց Ա. Ավանեսյանին։ Փոխարենը՝ 2014 թ. հուլիսի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժնից նրան տեղեկացրին, որ պետք է ներկայանա ոստիկանություն։ Երբ նա ներկայացավ ոստիկանություն, որտեղ նրան սպասում էին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցները, նրան անմիջապես ձերբակալեցին և նրա կամքին հակառակ՝ տարան Ասկերան։ Նրան հանձնեցին Ղարաբաղի իշխանություններին՝ առանց դատաքննության, դատարանի որոշման և այլ ընթացակարգերի։

Կալանավորումը և դատաքննությունը

Արտուր Ավանեսյանը, որն այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, 2014 թ. հուլիսի 14-ին հայտնվեց կալանավայրում։ Հաջորդ օրը նա իմացավ, որ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ավելի վաղ իրեն ձերբակալելու և նախնական կալանքի տակ վերցնելու մասին որոշում էր կայացրել։ Դատարանը վերահաստատեց նախկինում իր կայացրած որոշումը, որի արդյունքում Ա. Ավանեսյանը հայտնվեց «Շուշի» քրեակատարողական հիմնարկում։ Նախնական կալանքի մասին որոշման դեմ բերված բոլոր բողոքները մերժվեցին։

2014 թ. սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Սպարտակ Գրիգորյանի նախագահությամբ Ա. Ավանեսյանին դատապարտեց 30 ամսվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով։ * Վերջինս բողոքարկեց դատավճիռը, սակայն և՛ Լեռնային Ղարաբաղի վերաքննիչ դատարանը, և՛ Գերագույն դատարանը անփոփոխ թողեցին այն։ Նրա ազատազրկման ժամկետն ավարտվում է 2017 թ. հունվարին։

Անկոտրում՝ չնայած անարդարությանը

Արտուր Ավանեսյանի փաստաբաններից Շեյն Բրեյդին նշում է. «Իմ պաշտպանյալը հետապնդվել, ձերբակալվել, կալանավորվել և ազատազրկվել է իր խոր կրոնական համոզմունքների պատճառով։ Թեև նա ազատազրկվել է անարդարացիորեն, սակայն վճռական է հետևել իր խղճի թելադրանքին»։ Պրն. Բրեյդին հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկը նրան թույլ է տալիս ունենալ Աստվածաշունչ և դրա վրա հիմնված գրականություն, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին թույլատրում է այցելել նրան։

Բոլոր ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները սպառելուց հետո Ա. Ավանեսյանը դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նա ակնկալում է, որ դրական որոշում կկայացվի (թեև հավանաբար այն կկայացվի իր՝ ազատ արձակվելուց ամիսներ անց), քանի որ ՄԻԵԴ-ը բազմիցս պաշտպանել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սահմանել է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը պաշտպանվում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքով։ ՄԻԵԴ-ի հետագա վճիռները արտահայտել են այս նույն դիրքորոշումը։ *

ՄԻԵԴ-ի վճիռների շնորհիվ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը պաշտպանվում է նույնիսկ պատերազմական և անկայուն իրավիճակներում։ Օրինակ՝ 2015 թ. հունիսին Ուկրաինայի Գերագույն դատարանը պաշտպանեց զորահավաքի պայմաններում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու և այլընտրանքային ծառայություն կատարելու իրավունքը։

Արդյոք կա՞ խնդրի լուծման հեռանկար

Լեռնային Ղարաբաղում և ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հույս ունեն, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը կճանաչվի որպես մարդու հիմնարար իրավունք Լեռնային Ղարաբաղում։ Արդյոք կառավարությունը զինծառայությունից հրաժարվող խաղաղասեր երիտասարդներին ազատազրկելու փոխարեն՝ նրանց հնարավորություն կտա՞ կատարելու քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։ Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը ճանաչելով՝ Լեռնային Ղարաբաղը կվարվի ընդունված եվրոպական չափանիշների համաձայն և հարգանք կդրսևորի Արտուրի նման անկեղծ համոզմունքներ ունեցող երիտասարդների նկատմամբ։

^ պարբ. 10 30 ամսվա ազատազրկման պատժի ժամկետը սկսվեց 2014 թ. հուլիսի 14-ի կալանքից։

^ պարբ. 13 Տես «Էրչեպն ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը, No. 43965/04, նոյեմբերի 22, 2011; «Ֆետի Դեմիրտաշն ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը, No. 5260/07, հունվարի 17, 2012; «Բուլդուն և այլք ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը No. 14017/08, հունվարի 3, 2014։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները բանակ չեն գնում։ Իմացիր, թե որն է մեր դիրքորոշման հիմքը։