2018 թ. հունիսից օգոստոս ամիսներին Թուրքմենստանի իշխանությունները ազատազրկել են ութ Եհովայի վկաների համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Իշլոբեկ Ռոզմետովը, Վենիամին Գենջիևը, Մակսատ Ջումադուրդիևը, Իսա Սայաևը, Ռուսլան Արտիկմուրադովը, Սոխբետ Ագամուրադովը և Սերդար Ատաևը դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման, իսկ Մեկան Անաևը՝ երկու տարվա ազատազրկման։

Այս ութ երիտասարդները վերջինն են, որ Թուրքմենստանում ազատազրկվել են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ 2018 թ. հունվարին իշխանությունները մեկ տարվա ազատազրկման դատապարտեցին երկու Եհովայի վկայի՝ Արսլան Բեգենջովին և Կերվեն Կակաբաևին, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ * Սկսած 2015 թ. փետրվարից՝ նրանք առաջինն էին, որ ազատազրկվեցին այս մեղադրանքով։ Այս երկու տղամարդիկ և վերջերս դատապարտված ութ անհատներից չորսը գտնվում են Սեյդի ուղղիչ-աշխատանքային հիմնարկում (LBK-12)։ Ավելի քան երեք տարի այնտեղ է գտնվում նաև Բահրամ Հեմդեմովը։

Բահրամ Հեմդեմովը ձերբակալված է կեղծ մեղադրանքով

2015 թ. մարտի 14-ին Թուրքմենաբադի ոստիկանությունը ներխուժեց Բահրամ Հեմդեմովի տուն, որտեղ խաղաղ մթնոլորտում կրոնական հանդիպում էր անցկացվում։ Երեսունութ Վկա ձերբակալվեց ապօրինի կրոնական գործողություն ծավալելու մեղադրանքով։ Ոստիկանները բոլորի նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսևորեցին, 30 Վկայի տուգանեցին և 8 հոգու դատապարտեցին 15 օրվա կալանավորման։ Ավելի ուշ Լեբաբի մարզային դատարանը պրն Հեմդեմովին դատապարտեց 4 տարվա ազատազրկման, որտեղ նրա առողջական վիճակը վատթարացավ Սեյդի ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ծանր պայմանների հետևանքով։ Մինչ այժմ համաներումները, որոնք նախագահի հրամանով իրականացվում են տարին մի քանի անգամ, նրա նկատմամբ չեն կիրառվել։

Խղճի, կրոնի և համոզմունքի ազատության նկատմամբ հարգանքը մնում է խնդրո առարկա

2015 և 2016 թթ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը (CCPR) ինը որոշում կայացրեց հօգուտ դաժան պայմաններում ազատազրկված Վկա խղճի կալանավորների։ Ներկայումս Վկաների կողմից ընդդեմ Թուրքմենստանի ներկայացված յոթ գանգատ գտնվում է CCPR-ի վարույթում։

CCPR-ը 2012 թ.ապրիլի իր զեկույցում կոչ է արել Թուրքմենստանի կառավարությանը «հավաստիանալ, որ կրոնական կազմակերպությունների գրանցման մասին իր օրենսդրությունը և պրակտիկան ճանաչում են մարդու կրոնական համոզմունքները անարգել դավանելու և արտահայտելու իրավունքները, ինչպես սահմանված է [Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով]»։ 2008 թ.-ին Վկաները դիմել էին գրանցման համար, սակայն կառավարությունը մերժել էր դիմումը։

Բարելավման հեռանկար կա՞

Եհովայի վկաները ուրախ են, որ Թուրքմենստանի կառավարությունը նախկինում ազատ է արձակել իրենց հավատակիցներին՝ անարդարությունը շտկելու համար։ * Սակայն վերջերս Թուրքմենստանը կրկին անտեսում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները հարգելու վերաբերյալ միջազգային կոչերը՝ դատապարտելով վերջիններիս։ Վկաները ակնկալում են, որ կառավարությունը դրականորեն կարձագանքի CCPR-ի կայացրած որոշումներին՝ ավելի մեծ հարգանք ցուցաբերելով մարդու իրավունքների, հատկապես խղճի, կրոնի, համոզմունքի ազատության նկատմամբ։

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 11, 2018

    Ընդհանուր հաշվով 11 Վկաներ են ազատազրկված։

  2. Սեպտեմբերի 2018

    Սեպտեմբերի 24-ին հայտարարվելիք նախագահի համաներման առնչությամբ կալանավայրի վարչության աշխատակիցները Կերվեն Կակաբաևին, Մեկան Անաևին և Վենիամին Գենջիևին ասել էին, որ համաներում կստանան և ազատ կարձակվեն։ Թեև նրանց անունները հրապարակված էին համաներում ստացող կալանավորների ցուցակում, սակայն նրանք սեպտեմբերի 25-ին ազատ արձակված 1722 անձաց թվում չէին։

  3. Օգոստոսի 28, 2018

    Սերդար Ատաևը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  4. Օգոստոսի 27, 2018

    Սոխբետ Ագամուրադովը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  5. Օգոստոսի 13, 2018

    Ռուսլան Արտիկմուրադովը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  6. Օգոստոսի 9, 2018

    Իսա Սայաևը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  7. Հուլիսի 17, 2018

    Վենիամին Գենջիևը և Մակսատ Ջումադուրդիևը մեղավոր ճանաչվեցին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեցին մեկ տարվա ազատազրկման։

  8. Հուլիսի 11, 2018

    Իշլոբեկ Ռոզմետովը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  9. Հունիսի 26, 2018

    Մեկան Անաևը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

  10. Հունվարի 29, 2018

    Կերվեն Կակաբաևը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  11. Հունվարի 17, 2018

    Արսլան Բեգենջովը մեղավոր ճանաչվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

  12. Մայիսի 12, 2017

    Թուրքմենստանի իշխանությունները ազատ արձակեցին Մանսուր Մաշարիպովին, որը կալանավորված էր իր ձերբակալման օրվանից՝ 2016 թ. հունիսի 30-ից։

  13. Օգոստոսի 18, 2016

    Մանսուր Մաշարիպովը կեղծ մեղադրանքով դատապարտվեց մեկ տարված ազատազրկման։

  14. Հուլիս, 2016

    CCPR-ը հինգ որոշում կայացրեց հօգուտ Վկա խղճի կալանավորների։

  15. Դեկտեմբերի 14, 2015

    CCPR-ը որոշումներ կայացրեց հօգուտ երեք Վկա խղճի կալանավորների։ Մեկ ուրիշ որոշում կայացվել էր 2015 թ. մայիսի 19-ին։

  16. Մայիսի 19, 2015

    Բահրամ Հեմդեմովը մեղադրվեց կրոնական գործունեություն ծավալելու մեջ և դատապարտվեց չորս տարվա ազատազրկման։ Դրանից երկու ամիս առաջ նրան ձերբակալել ու նախնական կալանքի մեջ էին պահել։

  17. Փետրվար/Մարտ, 2015

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար բանտարկված երկու Վկաներ ազատ են արձակվել։

  18. Նոյեմբերի 18, 2014

    Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար բանտարկվել են 2 Վկաներ։

  19. Հոկտեմբերի 22, 2014

    Թուրքմենստանի նախագահը համաներում է շնորհել ազատազրկված 8 Եհովայի վկաների և ազատ է արձակել նրանց։

  20. Սեպտեմբերի 30, 2014

    9 Վկաներ ազատազրկված են, որոնցից 7-ը՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, իսկ 2-ը՝ կեղծ մեղադրանքներով՝ որպես իրենց կրոնական գործունեության համար պատիժ։

  21. Սեպտեմբերի 2, 2014

    Թուրքմենստանի իշխանությունները ազատ են արձակում Բիբի Ռահմանովային և 4 տարվա ազատազրկումը փոխում տնային կալանքով։

  22. Օգոստոսի 18, 2014

    Բիբի Ռահմանովան կեղծ մեղադրանքների հիմքով դատապարտվում է 4 տարվա ազատազրկման։

  23. Հուլիսի 25, 2014

    7 Վկաներ ազատազրկված են, որոնցից 5-ը՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, իսկ 2-ը՝ կեղծ մեղադրանքներով՝ որպես իրենց կրոնական գործունեության համար պատիժ։

  24. Ապրիլի 6, 2014

    26 Վկաներ կալանավորված են, որոնցից 13-ը ձերբակալվել են առանց հանցագործություն կատարելու որևէ ապացույցի։ Մյուս 13-ի նկատմամբ նշանակվել է տուգանք։

  25. Նոյեմբեր, 2013

    9 Եհովայի վկաները դեռ բանտում են, որոնցից 8-ը՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, իսկ 1-ը՝ կեղծ մեղադրանքներով՝ որպես իրենց կրոնական գործունեության համար պատիժ։

  26. Օգոստոսի 29, 2013

    3 Վկաներ բողոք են ուղարկում CCPR ընդդեմ Թուրքմենստանի վերջինիս կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելու համար։

  27. Մայիսի 1, 2013

    2 Վկաներ բողոք են ուղարկում CCPR ընդդեմ Թուրքմենստանի վերջինիս կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելու համար։

  28. Հունվարի 24, 2013

    30 ոստիկաններ խուզարկում են Նավրուզ Նասիրլաևի տունը CCPR-ի կողմից Թուրքմենստանի կառավարությանը բողոքների վերաբերյալ ծանուցելուց 3 շաբաթ անց։ Ոստիկանությունը բազմիցս ծեծի է ենթարկել այդ ընտանիքին և այդ ժամանակ նրանց տանը եղող հյուրերին։

  29. Սեպտեմբերի 7, 2012

    10 Վկաներ բողոք են ուղարկում CCPR ընդդեմ Թուրքմենստանի վերջինիս կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելու համար։ Նավրուզ Նասիրլաևը հանդիսանում է հիմնական դիմումատուն։

  30. Օգոստոսի 21, 2008

    Եհովայի վկաները դիմում են Թուրքմենստանի կառավարությանը պետական գրանցում ստանալու համար։

^ պարբ. 3 Եհովայի վկաները, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, մեղավոր են ճանաչվում քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով. «Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելը այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում պատժվում է ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։