Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 2014
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում ազատազրկված մայրը դուրս է գալիս բանտից

Թուրքմենստանում ազատազրկված մայրը դուրս է գալիս բանտից

Բիբի Ռահմանովան և իր ընտանիքը

2014 թ. սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Բիբի Ռահմանովան դուրս եկավ բանտից։ Նա ազատ էր, բայց ոչ իր դեմ ներկայացված մեղադրանքներից։ Այդ օրը Դաշոգուզի մարզային դատարանը քննել էր նրա բողոքը։ Թեև նրանք Բիբիին չէին արդարացրել կեղծ մեղադրանքներից, սակայն չորս տարվա ազատազրկումը փոխարինել էին պատժի պայմանական կիրառմամբ * ու կարգադրել էին անմիջապես նրան բանտից ազատ արձակել։ Որոշման մեջ նշվում էր, որ դատարանը հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները. այն, որ նա կին է, չորս տարեկան երեխայի մայր և մինչ այդ դատվածություն չի ունեցել։

Օգոստոսի 18-ի որոշումը, որը կայացվեց «ոստիկանի վրա հարձակվելու» և «խուլիգանության» կեղծ մեղադրանքի հիման վրա, Բիբին բողոքարկել էր վճռաբեկ դատարան։ Հուլիսի 5-ին Դաշոգուզի երկաթուղային կայարանում ոստիկանությունը բռնություն էր կիրառել Բիբիի և նրա ամուսնու՝ Վեպայի նկատմամբ, երբ նրանք ստացել էին իրենց ուղեբեռը, որի մեջ կար նաև կրոնական գրականություն։ Վեպայի դեմ մեղադրանքները հետագայում հանվել էին։ Սակայն օգոստոսի 8-ին Բիբիին ազատազրկել էին։ Կալանավայրում նա ենթարկվել էր դաժան ծեծի։

Թուրքմենստանում գործադրվող անարդարությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Բիբիի օտարերկրյա փաստաբանը նրա անսպասելի ազատ արձակումը մասամբ վերագրում է նրա անարդարացի ազատազրկման նկատմամբ միջազգային հանրության արձագանքին։

Թուրքմենստանում Բիբիի գործը եզակի չէ։ Այնտեղ շարունակ խախտում են Եհովայի վկաների հիմնարար իրավունքները։ Ութ Վկաներ այժմ գտնվում են բանտում իրենց հավատը պահելու համար. վեցը՝ որպես խղճի կալանավորներ, երկուսը՝ կեղծ մեղադրանքով։ Նրանք պահվում են դաժան պայմաններում և ենթարկվում են տարբեր տեսակի բռնության։

Ողջունելի է, որ Դաշոգուզի մարզային դատարանը բարելավեց Բիբիի իրավիճակը, սակայն, ցավոք, չվերացրեց անարդարությունը։ Նրանք, ովքեր կարևորում են մարդկային արժանապատվությունը, հույս ունեն, որ Թուրքմենստանի իշխանությունները կվերանայեն իրենց մոտեցումը և կկիրառեն մարդու իրավունքների միջազգային նորմերը՝ թույլ տալով, որ իրենց երկրում կրոնական ազատություն լինի։

^ պարբ. 2 Մարզային դատարանը, կասեցնելով չորս տարվա ազատազրկման պատիժը, սահմանել է չորս տարվա պայմանական պատժի կիրառում, որոնցից երեք տարին նշանակել է փորձաշրջան։ Այդ ընթացքում նա պետք է լավ վարքագիծ դրևսորի և առանց իշխանության թույլտվության չհեռանա իր բնակության վայրից և չփոխի այն։