Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2014
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում չորսամյա երեխայի մայրը անարդարացիորեն դատապարտվում է ազատազրկման

Թուրքմենստանում չորսամյա երեխայի մայրը անարդարացիորեն դատապարտվում է ազատազրկման

Թուրքմենստանի Դաշոգուզ քաղաքում ժամանակավոր դատական նիստերի դահլիճում դատավոր Գագիսիզ Օրազմուրադովը կեղծ մեղադրանքով 33-ամյա Բիբի Ռահմանովային անարդարացիորեն դատապարտեց ազատազրկման։ Օգոստոսի 18-ին չորս տարեկան երեխայի մայրը՝ Բիբին, մեղավոր ճանաչվեց «ոստիկանի վրա հարձակվելու» և «խուլիգանության» համար։ * Դատավորը խիստ պատիժ սահմանեց՝ չորս տարի ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում, որը նախատեսված է հանցագործների համար։

Ձերբակալվում են երկաթուղային կայարանում

Ամեն ինչ սկսվեց 2014 թ. հուլիսի 5-ին՝ երեկոյան, երբ Բիբին և նրա ամուսինը՝ Վեպա Տուվակովը, իրենց որդու հետ գնացին Դաշոգուզի երկաթուղային կայարան՝ վերցնելու կրոնական գրականությունը և անձնական իրերը, որ իրենց ընկերը ուղարկել էր Աշխաբադից։ Այն պահին, երբ նրանք վերցրին իրենց ուղեբեռը, քաղաքացիական հագուստով վեց ոստիկաններ բռնեցին նրանց ու պահանջեցին ցույց տալ պայուսակների պարունակությունը։ Տեսնելով Եհովայի վկաների գրականությունը և նոութբուք՝ ոստիկանները սկսեցին հայհոյել և սպառնալ, որ նրանց որդին շուտով որբ կմնա։

Բիբին սկսեց իր հեռախոսով ձայնագրել հարձակումը, և երբ ոստիկանները փորձեցին խլել այն, նա իր բլուզի տակ թաքցրեց։ Ոստիկանները քաշեցին նրա մազերից, բռունցքներով ու ոտքերով հարվածեցին և ձեռքերը ոլորեցին։ Մինչ ոստիկաններից մեկը բռնել էր նրա ձեռքերը, մյուսը բարձրացրեց նրա բլուզը և, անպատշաճ կերպով հպվելով նրան, վերցրեց հեռախոսը։ Բիբին փորձում էր պաշտպանվել, սակայն նա չընդդիմացավ, երբ իրենց ձերբակալեցին, և չհարվածեց ոստիկաններին։

Բիբին և Վեպան իրենց որդու հետ

Ոստիկանները նրանց տարան բաժին։ Վեպայից պահանջեցին ստորագրել գրավոր պատրաստված մի ցուցմունք, սակայն նա հրաժարվեց։ Ոստիկանները նրան անընդհատ ծեծում էին, մինչ Բիբին և նրանց որդին գտնվում էին կողքի սենյակում։ Վեպան շարունակում էր հրաժարվել փաստաթուղթը ստորագրել։ Բիբին նույնպես հրաժարվեց ստորագրել պատրաստված ցուցմունքը, ինչի համար ինքն էլ ծեծի ենթարկվեց։ Ամբողջ գիշեր Բիբիին ու որդուն պահեցին ոստիկանությունում և ազատ արձակեցին միայն հաջորդ օրը։ * Երբ Բիբին բողոք ուղարկեց թուրքմեն պաշտոնյաներին, մի քանի օր հետո՝ հուլիսի 11-ին, ազատ արձակեցին Վեպային։ Չցանկանալով հանձնվել՝ Դաշոգուզի քաղաքային ոստիկանությունը, շատ չանցած, քրեական հետապնդում սկսեց Բիբիի և նրա ամուսնու դեմ։

Ձերբակալություն, կալանք և դատավարություն

Բիբիի դեմ մեղադրանք ներկայացրեցին օգոստոսի 6-ին, կալանքի վերցրին օգոստոսի 8-ին, իսկ դատավարությունը կայացավ օգոստոսի 18-ին։ Դատավարության ժամանակ ակնհայտ դրսևորվեց դատավոր Օրազմուրադովի կանխատրամադրվածությունը։ Նա անընդհատ ընդհատում էր Բիբիի փաստաբանին, երբ վերջինս փորձում էր պաշտպանել նրան։ Իսկ երբ ոստիկանության աշխատակիցները հակասական ցուցմունքներ տվեցին, դատավորը թույլ չտվեց Բիբիի փաստաբանին հարցաքննել նրանց։ Դատավորը ընդհատեց Վեպային, երբ նա ցուցմունք էր տալիս ոստիկանության կողմից Բիբիի նկատմամբ դրսևորված նվաստացուցիչ և բռնի վերաբերմունքի մասին, և հրաժարվեց քննել միջադեպի ձայնագրությունը։ Դատավորը մեղադրական վճիռ կայացրեց և Բիբիին դատապարտեց չորս տարի ազատազրկման։

Բիբին պետք է բողոք ներկայացնի մինչև օգոստոսի 28-ը, իսկ մինչ այդ նա կմնա «DZD-7» կալանավայրում։ Եթե նրա բողոքը մերժվի, նրան կտեղափոխեն հավանաբար Սեյդի անապատում գտնվող ընդհանուր ռեժիմի գաղութ։ Նա զրկված կլինի ոչ միայն իր ազատությունից, այլև իր որդուն մեծացնելու հնարավորությունից։

Թեպետ Վեպայի դեմ պաշտոնապես գործ չի հարուցվել, սակայն հավանականությունը մեծ է, որ նրա դեմ կեղծ մեղադրանքներ կներկայացվեն, և նրան անարդարացիորեն կդատապարտեն ազատազրկման։ Արդյունքում՝ նրանց որդին կզրկվի ոչ միայն մորից, այլև հորից։ Եվ այս անարդարությունը առանց որևէ հիմքի։

Արդարադատության ակնկալիք

Առաջին անգամը չէ, որ Թուրքմենստանը անարդարացի է վերաբերվում Եհովայի վկաների հանդեպ և մերժում է նրանց հիմնարար իրավունքները։ Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները և այլ անձինք, ովքեր հարգում են մարդու արժանապատվությունը և առանց արգելքի երկրպագելու իրավունքը, հույս ունեն, որ Թուրքմենստանի կառավարությունը արդարադատություն կգործադրի։

^ պարբ. 2 Խուլիգանությունը՝ կապված օրինապահ մարմնի աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հետ, պատժվում է մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

^ պարբ. 6 Նրանց որդուն ազատ արձակեցին հուլիսի 6-ի առավոտյան և հանձնեցին ազգականներից մեկին, իսկ Բիբին ազատ արձակվեց նույն օրը, բայց ավելի ուշ։