Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2017
ԷՐԻԹՐԵԱ

Կալանավայրից ազատ արձակվելուց հետո ևս մեկ էրիթրեացի Վկա է մահանում

Կալանավայրից ազատ արձակվելուց հետո ևս մեկ էրիթրեացի Վկա է մահանում

2016 թ. նոյեմբերի 30-ին Ասմարայում մահացավ Տսեհայե Տեսֆամարիամը։ 2015 թ. սեպտեմբերի 10-ին նա ծանր հիվանդության և ազատազրկման ընթացքում պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով կալանավայրից ազատ էր արձակվել։ Պրն Տեսֆամարիամը ծնվել էր 1941 թ.-ին Նեֆասիթում (Էրիթրեա)։ Նրա մահը սգում են նրա կինը՝ Հագոսա Քեբրեաբը, որի հետ նա ամուսնացել էր 1973 թ.-ին, և նրանց չորս դուստրերն ու երեք որդիները։ Նա մկրտվել և դարձել էր Եհովայի վկա 1958 թ.-ին։

Պրն Տեսֆամարիամը 2009 թ. հունվարին անհայտ պատճառով ձերբակալվել էր և այդ ժամանակվանից կալանք էր կրել Մայտեր կալանավայրում։ 2011 թ. հոկտեմբերի 5-ին նրան և Մայտեր կալանավայրում ազատազրկված 24 այլ Վկա կալանավորների հատուկ պատժի ենթարկելու նպատակով փակել էին մետաղյա շինություններում, որոնք կիսով չափ թաղված էին հողում։ Նրանք այնտեղ մնացին մինչև 2012 թ. օգոստոսը։ Ամառվա ծայրաստիճան շոգին բավարար սնունդ և ջուր չունենալու պատճառով նրանցից մի քանիսի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացավ։

Այդպիսի դաժան պայմաններում լինելու հետևանքով Միսգինա Գեբրեթինսաեն և Յոհաննես Հայլին մահացան Մայտեր կալանավայրում, իսկ Քահսեյ Մեքոնենը և Գոիթոմ Գեբրեքրիստոսը մահացան ազատ արձակվելուց հետո։ Այդ դաժան պայմանների զոհը դարձավ նաև պրն Տեսֆամարիամը։