Անցնել բովանդակությանը

Հաբթեմիքայել Տեսֆամարիամը իր կնոջ՝ Լեթեբիրհան Բեզաբհի հետ նախքան ազատազրկվելը

ԱՊՐԻԼԻ 25, 2018
ԷՐԻԹՐԵԱ

Էրիթրեայում երկու տարեց Վկա է մահացել կալանավայրում

2018 թ. սկզբին Ասմարայի մոտ գտնվող Մայ Սրվա կալանավայրում մահացել է երկու Եհովայի վկա՝ Հաբթեմիքայել Տեսֆամարիամը և Հաբթեմիքայել Մեքոնենը։ Երկուսն էլ ձերբակալվել և ազատազրկվել էին 2008 թ. ամռանը իրենց կրոնական համոզմունքների պատճառով և գրեթե մեկ տասնամյակ անցկացրել կալանավայրի դաժան պայմաններում։

Պրն Տեսֆամարիամը հանկարծամահ եղավ 2018 թ. հունվարի 3-ին Մայ Սրվա կալանավայրում 76 տարեկան հասակում։ Նրա հետ դատապարտվածների կարծիքով՝ նա կաթված էր ստացել։ Պրն Տեսֆամարիամը ծնվել էր 1942 թ.-ին Ադի Յակուլուում (Մենդեֆերա, Էրիթրեա)։ Նա Եհովայի վկա էր դարձել 1970 թ.-ին և հրաժարվել էր իր հավատի հարցում փոխզիջման գնալ՝ չնայած անարդար ազատազրկմանը և դաժան վերաբերմունքին։ Նրա մահը սգում են նրա կինը՝ Լեթեբիրհան Բեզաբհը, չորս որդիներն ու երեք դուստրերը։

Պրն Մեքոնենը մահացավ 2018 թ. մարտի 6-ին Մայ Սրվա կալանավայրում 77 տարեկան հասակում։ Նրա հետ դատապարտվածների կարծիքով՝ նա մահացել է երիկամների անբավարարությունից։ Պրն Մեքոնենը ծնվել էր 1940 թ.-ին Էրիթրեայի հարավում գտնվող Կուդո Ֆելասի գյուղում։ Նա Վկա էր դարձել ավելի քան 55 տարի առաջ և պրն Տեսֆամարիամի նման հրաժարվել էր փոխզիջումների գնալ իր հավատի հարցում՝ չնայած անհիմն ազատազրկմանն ու դաժան վերաբերմունքին։ Նրա մահը սգում են նրա կինը՝ Մհրեթ Ալյասին, որդին և դուստրը։

Անարդար ձերբակալում և դաժան վերաբերմունք

Պրն Մեքոնենը տանն էր, երբ 2008 թ. հուլիսին իշխանությունները, առանց մեղադրանք ներկայացնելու, նրան ձերբակալեցին։ Պրն Տեսֆամարիամը նույնպես տանն էր, երբ 2008 թ. օգոստոսին նրան ձերբակալեցին։ Շուտով նրանց տեղափոխեցին տխրահռչակ Մայտեր կալանավայր, որը Ասմարայի հյուսիսում գտնվող անապատում է։ Այնտեղ նրանք գտնվում էին դաժան և անմարդկային պայմաններում։ 2011 թ. հոկտեմբերից մինչև 2012 թ. օգոստոսը իշխանությունները Վկա կալանավորներին հատուկ պատժի ենթարկելու նպատակով փակել էին այնպիսի շինություններում, որոնք կիսով չափ թաղված էին հողում։ Ամառվա ծայրաստիճան շոգին կալանավորները բավարար սնունդ և ջուր չունեին, ինչի հետևանքով նրանցից մի քանիսը առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերեցին։

2017 թ.-ին իշխանությունները Վկա կալանավորներին Մայտեր կալանավայրից տեղափոխեցին Մայ Սրվա կալանավայր, որտեղ նրանց հնարավորություն տրվեց հարազատներից ստանալ ուտելիքի կապոցներ, իսկ ծայրահեղ առողջական խնդիրներ ունեցողներին՝ բուժօգնություն։ Կալանավորների համար դրական փոփոխություն էր ավելի պակաս դաժան պայմաններում գտնվելը, սակայն պրն Տեսֆամարիամի և պրն Մեքոնենի առողջությունը, որը վատթարացել էր նախորդ կալանավայրում պատճառված դաժան վերաբերմունքից, այդպես էլ չվերականգնվեց։

Հաբթեմիքայել Մեքոնենը իր կնոջ՝ Մհրեթ Ալյասի հետ նախքան ազատազրկվելը

Պրն Տեսֆամարիամը և պրն Մեքոնենը առաջին Վկաները չեն, որ մահացել են Էրիթրեայի կալանավայրերում կամ ազատ արձակվելուց կարճ ժամանակ հետո։ Կալանավայրում անմարդկային պայմանների և դաժան վերաբերմունքի պատճառով ևս երկու Վկաներ են մահացել այնտեղ, իսկ երեքը՝ ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց։ Առնվազն յոթ Վկաներ, ովքեր կալանավայրից ազատ են արձակվել մի քանի տարի առաջ, դեռ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք կալանավայրում անցկացրած տարիների հետևանքն են։ Էրիթրեայում հիսուներեք Վկաներ դեռ գտնվում են ազատազրկման մեջ իրենց հավատը դավանելու համար, որոնց թվում է պրն Տեսֆամարիամի եղբայրը՝ Տարեկեն։

Հալածանքը «հանցագործություն է ընդդեմ մարդկության»

2016 թ. հունիսի 8-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հրապարակեց մի զեկույց՝ հիմնված Էրիթրեայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացությունների վրա, որը խորհուրդը հիմնել է Էրիթրեայում մարդու իրավունքների խախտումները քննելու համար։ Հանձնաժողովը կոչ արեց Էրիթրեային «հարգել կրոնի ու համոզմունքի ազատությունը» և «դադարեցնել կրոնական համոզմունքներ ունեցող անձանց կամայական ձերբակալություններն ու կալանավորումները՝ մասնավորապես որոշ կրոնական խմբերի հետևորդների, ինչպիսիք Եհովայի վկաներն են... և անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կամայականորեն և ապօրինաբար ձերբակալվել են»։ Հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ Էրիթրեայի կողմից կրոնական համոզմունքներ ունեցող անհատների նկատմամբ դրսևորվող հալածանքը «հանցագործություն է ընդդեմ մարդկության»։

Եհովայի վկաները հույս ունեն, որ պրն Տեսֆամարիամի և պրն Մեքոնենի մահը աննկատ չի մնա միջազգային հանրության աչքից, և որ այս ողբերգությունները կմղեն Էրիթրեայի անկողմնակալ պաշտոնյաներին քայլեր ձեռնարկելու հօգուտ հավատի համար ապօրինաբար ազատազրկված անձանց։