Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2016
ԷՐԻԹՐԵԱ

Էրիթրեայում Եհովայի վկաների նկատմամբ հալածանքը ներկայացվել է միջազգային հանրությանը աննախադեպ մասշտաբով

Էրիթրեայում Եհովայի վկաների նկատմամբ հալածանքը ներկայացվել է միջազգային հանրությանը աննախադեպ մասշտաբով

Ուրիշ ոչ մի երկրում Եհովայի վկաները այնքան սաստիկ հալածանքի չեն ենթարկվում, որքան Էրիթրեայում։ Այն բանից հետո, երբ 1993 թ.-ին Էրիթրեան անկախություն ձեռք բերեց, իշխանությունները շարունակ բանտարկում են Վկաներին, խոշտանգումների ենթարկում և մեկուսացնում են հասարակությունից։ Վերջիններս հալածվում են այն պատճառով, որ քաղաքական հարցերում չեզոք են մնում և հրաժարվում են իրենց մերձավորի դեմ զենք բարձրացնելուց։

Ներկայումս Էրիթրեայում բանտարկված է հիսունչորս Եհովայի վկա։ Անցած 22 տարիների ընթացքում բոլոր Վկաներին, բացի մեկից, ազատազրկել են՝ առանց մեղադրանք առաջադրելու կամ դատաքննության։ 1994 թ.-ից երեք հոգի բանտում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

Միջազգային հանրության անհանգստությունն աճում է

Հալածանքը սկսվելուց ի վեր իրավապաշտպան կազմակերպություններն ու պետական կառույցները դատապարտել են Էրիթրեայում Եհովայի վկաների հանդեպ իրականացվող խոշտանգումները։ Սակայն վերջերս Էրիթրեայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի կողմից լիազորված մարմին է, Վկաների իրավիճակը միջազգային հանրությանն է ներկայացրել աննախադեպ մասշտաբով։ 2015 թ. հունիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (ՄԻԽ) ներկայացրած իր առաջին հաշվետվության մեջ Էրիթրեայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովը մի ամբողջ բաժին է նվիրել Եհովայի վկաների հանդեպ դրսևորվող խտրական և դաժան վերաբերմունքին։

2016 թ. հունիսի 21-ին Հանձնաժողովը Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրեց իր երկրորդ մանրամասն հաշվետվությունը։ Հանձնաժողովը Էրիթրեայի իշխանություններին հորդորեց «հարգել կրոնի կամ համոզմունքի ազատությունը» և «դադարել կրոնական համոզմունքների պատճառով մարդկանց կամայականորեն ձերբակալելուց և կալանքի տակ պահելուց, մասնավորապես կոնկրետ կրոնական խմբերի հետևորդներին, ինչպիսիք են, օրինակ, Եհովայի վկաները.... և անմիջապես ու առանց որևէ պայմանի ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար և կամայականորեն ազատազրկված են»։

Մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Էրիթրեայի կողմից իրականացվող «թե՛ կրոնական, թե՛ էթնիկական հիմքով հալածանքը» հակասում է միջազգային իրավունքի նորմերին և «մարդկության դեմ հանցանք» է։ Միջազգային հանրությունը այս հալածանքը համարում է մարդու իրավունքների խախտման ծանրագույն դրսևորումներից մեկը։ Հանձնաժողովը վերջին տվյալները բանավոր կներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2016 թ. հոկտեմբերի 27-ին։

Արդյոք Էրիթրեան կփոխի՞ Վկաների դեմ իր անարդար վերաբերմունքը

Եհովայի վկաների միջազգային հանրությունը խորապես անհանգստացած է Էրիթրեայում բնակվող հավատակիցների համար։ Նրանք Էրիթրեայի իշխանություններին կոչ են անում դադարել այդ անկեղծ քրիստոնյաներին հալածելուց և թույլ տալ նրանց օգտվել իրենց հիմնարար և անքակտելի իրավունքներից։