Անցնել բովանդակությանը

North Rhine-Westphalia State Chancellery

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2017
ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիան Եհովայի վկաներին բարձրագույն իրավական կարգավիճակ է շնորհում

Ավելի քան 26 տարվա իրավական պայքարից հետո Գերմանիայում Եհովայի վկաները ձեռք բերեցին այնպիսի իրավական կարգավիճակ, որը տրվել էր երկրի խոշոր կրոնական համայնքներին։ 2017 թ. հունվարի 27-ին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիան Գերմանիայի 16 երկրամասերից վերջինն էր, որը Եհովայի վկաներին շնորհեց հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։ Վկաների համար այս որոշումը մեծ կարևորություն ունի, քանի որ թեև ավելի քան 100 տարի է, ինչ նրանք գործում են Գերմանիայում, սակայն նրանց վարչական կենտրոնն ու հազարավոր ժողովները համարվում էին առանձին կրոնական միավորումներ։ Այժմ, երբ Գերմանիայի բոլոր երկրամասերում Վկաները ունեն հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, նրանց դիտում են որպես մեկ կրոնական միավորում, և նրանք օգտվում են այն բոլոր արտոնություններից, որ տրվում է նման կարգավիճակ ունեցողներին։

Հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու երկարատև պայքար

1921 թ.-ին Եհովայի վկաները առաջին անգամ գրանցվեցին Գերմանիայում որպես մասնավոր իրավունքի իրավաբանական անձ։ 1990 թ.-ին Գերմանիայի վերամիավորումից հետո Վկաները դիմեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար, քանի որ այդ կարգավիճակն ունեցող կրոնական կազմակերպությունները օգտվում են որոշակի արտոնություններից։

Որպեսզի կրոնական միավորումը գրանցվի երկրում որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, օրենքը պահանջում է նախ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերել Գերմանիայի այն երկրամասում, որտեղ միավորումը գտնվում է։ Միայն դրանից հետո այն կարող է Գերմանիայի 15 այլ երկրամասերում դիմել այդ կարգավիճակը ստանալու համար։ 1990 թ.-ին «Եհովաս Ցոյգեն ին Դոյչլանդ» (Եհովայի վկաները Գերմանիայում) կրոնական միավորումը առաջին անգամ դիմեց Բեռլինի երկրամասում այդ կարգավիճակը ստանալու համար, որտեղ գտնվում է վերջինիս իրավաբանական հասցեն։ Թեև շատ կրոնական կազմակերպություններ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ստանում են կարճ ժամանակահատվածում, գուցե մեկ կամ երկու տարում, Բեռլինի իշխանությունները տարիներ շարունակ մերժում էին Եհովայի վկաներին տալ այդ կարգավիճակը։ Մերժման պատճառներից մեկը, ըստ իշխանությունների, համընդհանուր ընտրություններին մասնակցելուց հրաժարվելն էր։ Սակայն դա հիմնավոր պատճառ չէր, քանի որ օրենքը չի պահանջում Գերմանիայի քաղաքացիներից քվեարկել. քվեարկությանը մասնակցելը միանգամայն կամավոր է։

Հարցի լուծման համար, ի վերջո, բողոք ներկայացվեց դատարան։ 2005 թ. մարտի 24-ին Բեռլինի վարչական վերաքննիչ դատարանը սահմանեց, որ Գերմանիայում Եհովայի վկաները պետք է ճանաչվեն որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերություն»։ Ավելի քան մեկ տարի անց Բեռլինի երկրամասի իշխանությունների վերաբերմունքը փոխվեց, և նրանք Եհովայի վկաներին շնորհեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։ Այսպիսով վերջ դրվեց Բեռլինի իշխանությունների հետ 16-ամյա իրավական պայքարին։

Այնուհետև Վկաները Գերմանիայի մնացած 15 երկրամասերում դիմեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար։ 2009 թ.-ին 11 երկրամասերում Վկաներին շնորհեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ հաջորդ տարի այդ կարգավիճակը շնորհեցին ևս 3 երկրամասերում։ Վերջին երկրամասը՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիան, Եհովայի վկաներին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տվեց 2017 թ. հունվարի 27-ին։ 26 տարվա իրավական պայքարից հետո Եհովայի վկաների վճռական ջանքերը՝ ուղղված Գերմանիայում խոշոր կրոնական համայնքներին շնորհվող հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ձեռքբերելուն, ի վերջո արդյունք տվեցին։

Հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ունենալու առավելությունները

Գերմանիայում Եհովայի վկաների վարչական կենտրոնն ու ավելի քան 2 000 ժողովները այժմ գործում են մեկ կառույցի ներքո։ Քանի որ նախկինում յուրաքանչյուր միավորում, որը ներկայացնում էր առնվազն մեկ ժողով, դիտվում էր որպես անկախ կրոնական միավորում, ղեկավարվում էր պետական օրենքներով, որոնք պահանջում էին ներկայացնել եկամտային հարկի մասին հաշվետվություն, ինչպես նաև այլ տարեկան հաշվետվություններ։ Նոր երեց նշանակելու, գույքի ձեռքբերման, ժողովի անվանափոխության կամ ժողովները միավորելու արդյունքում միավորման կառուցվածքային փոփոխությունների մասին հարկավոր էր հաշվետվություն ներկայացնել իշխանություններին։ Նախկինում նման հաշվետվություններ ներկայացնելու համար ժողովի երեցներից շատ ջանքեր ու ժամանակ էր պահանջվում, սակայն այժմ նրանք կարող են լիովին կենտրոնանալ ժողովի անդամներին հովվելու գործի վրա։ Հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու պատճառով այդ հաշվետվությունները ներկայացնելու համար հարկավոր էր նաև վճարումներ կատարել։ Ժողովներից մեկում երկար տարիներ ծառայող մի երեց ասում է. «Այժմ մենք ավելի շատ ազատություն ունենք նվիրաբերված միջոցները օգտագործել ի նպաստ ժողովի անդամների կողմից կատարվող ծառայությանը»։

Հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակի բացակայության պատճառով Եհովայի վկաներին չէին դիտում որպես խոշոր կրոնական համայնք, թեև Գերմանիայում մոտ 274 000 Վկաներ և նրանց կրոնին հարող անհատներ հաճախում են նրանց հանդիպումներին։ Գերմանիայում Եհովայի վկաների վարչական կենտրոնի փաստաբան Արմին Փիկլը նշում է. «Հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու համար ավելի քան 26 տարի մղված իրավաբանական պայքարի ընթացքում երբեմն գրեթե ամեն շաբաթ լրատվական միջոցները հրապարակել են մեր կրոնի մասին հարյուրավոր կեղծ և զրպարտչական տեղեկություններ։ Այժմ կեղծ և զրպարտչական տեղեկությունների հեղեղը նվազել է»։ Վերներ Ռուդկեն, որը երկար տարիների Եհովայի վկա է, ասում է. «Քանի որ կրոնական միավորումը, որը ցանկանում է ձեռք բերել հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, պետք է ամեն առումով օրինապահ լինի, Վկաների մասին շատ կեղծ տեղեկություններ թերևս հերքվեն»։ Մեկ այլ Վկա, որի անունը Պետրա է, պատմում է, թե նախկինում ինչ դժվարությունների էին հանդիպում դպրոցականները։ Նա ասում է. «Նման կարգավիճակը շատ կարևոր է դպրոցում երեխաների համար։ Մինչև այժմ ուսուցիչները հակված էին խտրական վերաբերմունք դրսևորել Վկա աշակերտների հանդեպ՝ ելնելով այն սխալ պատկերացումից, թե նրանք պատկանում են ինչ-որ «աղանդի» և ոչ թե կրոնի»։

Գերմանիայում Եհովայի վկաները գնահատում են այն, որ իրենց կրոնական գործունեությունը իշխանությունների կողմից արժանացել է հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակի։ Նրանք հույս ունեն, որ նման ճանաչումը կնվազեցնի այն խոչընդոտները, որոնց նրանք բախվում էին նախկինում, և օգտակար կլինի նրանց համար թե՛ որպես անհատների, թե՛ որպես կրոնական համայնքի։