Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 14, 2016
ԲՈՒԼՂԱՐԻԱ

Բուլղարիայում Հանձնաժողովի որոշմամբ տուգանք է սահմանվել կրոնական խտրականության համար

Բուլղարիայում Հանձնաժողովի որոշմամբ տուգանք է սահմանվել կրոնական խտրականության համար

Բուլղարիայում Եհովայի վկաները կարևոր հաղթանակ են տարել, որով պաշտպանվում է ինչպես խոսքի ազատությունը, այնպես էլ առանձին անհատների ու կազմակերպությունների՝ կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը։ Բուլղարիայում Խտրականությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանության հարցերով հանձնաժողովը սահմանել է, որ այդ երկրի SKAT TV կաբելային հեռուստաալիքը և դրա երկու լրագրողներ դիտավորյալ կեղծ տեղեկություն են տարածել Եհովայի վկաների մասին և բռնություն հրահրել նրանց դեմ։ Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ SKAT TV-ի վարվելակերպը «չի կարող արդարացվել»։

Հեռարձակումները սերմանում են կրոնական ատելություն և բռնություն

Բուլղարիայի հեռուստակայանները ժամանակ առ ժամանակ հեռարձակում են այնպիսի հաղորդումներ, որոնք պարունակում են զրպարտչական տեղեկություններ Եհովայի վկաների մասին։ Մասնավորապես SKAT TV-ի լրագրողները պարբերաբար զրպարտել են Վկաներին և ապակողմնորոշել հեռուստադիտողներին՝ ստեղծելով այնպիսի կարծիք, թե Վկաները մեղավոր են սարսափելի հանցանքներ կատարելու մեջ։ Այդպիսի ծրագրեր հեռարձակվել են ողջ երկրում և տեղադրվել ինտերնետում։

Այդ հաղորդումները նաև սերմանել են բռնություն և ատելություն Վկաների հանդեպ։ 2011 թ. մայիսի հեռարձակումներից մեկի ժամանակ SKAT TV-ն արդարացի համարեց Բուրգաս քաղաքում Եհովայի վկաների և նրանց Թագավորության սրահի վրա (երկրպագության վայր) կատարված դաժան հարձակումը։ Վկաները հավաքվել էին նշելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոն, երբ մի կատաղի ամբոխ ներխուժեց սրահ և դաժան ծեծի ենթարկեց ներկաներին։ Հինգ Վկա ստացված վնասվածքների պատճառով հոսպիտալացվեց։ SKAT TV-ն խրախուսեց նման հարձակումները և հետագա հեռարձակումների ժամանակ անգամ հայտարարեց, որ Վկաները արժանի են այդպիսի վերաբերմունքի։

Այդպիսի հեռարձակումներին հաջորդեցին Վկաների նկատմամբ բազմաթիվ բռնարարքներ, նաև շատ Թագավորության սրահների նկատմամբ գրանցվեցին վանդալիզմի դրսևորումներ։ Անգամ որոշ շրջաններում տեղի իշխանությունները ակտեր ընդունեցին, որոնցով սահմանափակվում էր Վկաների գործունեությունը։

Բուրգասում Վկաները՝ Թագավորության սրահում ժողովի հանդիպման ժամանակ

Հանձնաժողովը տուգանք է սահմանում օրենքը և էթիկայի կանոնները ոտնահարելու համար

2012 թ. փետրվարին Եհովայի վկաները բողոք ներկայացրին Հանձնաժողովին SKAT TV-ի վեց հեռուստահաղորդումների վերաբերյալ, որոնք հեռարձակվել էին 2010 և 2011 թթ.-ին։ Վկաներն իրենց բողոքում նշեցին, որ SKAT TV-ն խտրականություն արտահայտող լեզու է օգտագործել, և որ այդ հաղորդումները հեռարձակելը հավասարազոր էր ոտնձգություն կատարելուն ու թշնամանք դրսևորելուն։ Նրանք նաև նշեցին, որ այդ հաղորդումների պատճառով խտրականության զոհ են դարձել։

2016 թ. հունվարի 25-ին Հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց հօգուտ Վկաների՝ սահմանելով, որ SKAT TV-ն և դրա երկու լրագրողները կեղծ և անհիմն տեղեկություն են տարածել նրանց մասին։ Հանձնաժողովը ընդունեց, որ այդ վեց հաղորդումները Եհովայի վկաների նկատմամբ կրոնական խտրականության դրսևորում են եղել և լրջորեն խախտել են պրոֆեսիոնալ լրագրության չափանիշները։

Տուգանքներ սահմանելիս Հանձնաժողովը նշեց, որ «այս կրոնական ուղղության բոլոր անդամների հանդեպ անցանկալի և անարդար վերաբերմունք է դրսևորվել, ինչը լիովին համապատասխան է «ոտնձգություն» տերմինին»։ Այն բանից հետո, երբ Հանձնաժողովը բացատրեց, որ արտահայտվելու ազատության իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանափակումների այն դեպքում, երբ դրանք կանխում են թշնամանքը, նշեց, որ «մեղադրյալների վարքը այս պարագայում չի կարող արդարացվել»։

Հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ Եհովայի վկաների վերաբերյալ կեղծ հայտարարությունները բավականին լուրջ էին։ Այն նաև իր դժգոհությունը արտահայտեց նրա համար, որ SKAT TV-ն և վերջինիս լրագրողները հրաժարվել են իրենց գործողությունների համար պատասխանատվություն վերցնելուց և իրենց սխալն ընդունելուց։ Խախտման լրջությունն ընդգծելու համար Հանձնաժողովը սովորականից ավելի մեծ տուգանք սահմանեց։

Համապատասխան արձագանքը շտկում է սխալը

Վկաները ուրախ են, որ Հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնել զրպարտչական և կողմնակալ լրագրության մասին։ Ավելին, քանի որ Եհովայի վկաների հանդեպ նմանատիպ վերաբերմունք են դրսևորում նաև Բուլղարիայի այլ լրատվամիջոցներ, այս որոշումը նաև նրանց համար է նախազգուշացում, որպեսզի չկրկնեն կեղծ մեղադրանքներն ու թշնամանք չդրսևորեն։

«Ոչ ոք չի ցանկանում, որ իր մասին սուտ տեղեկություններ հեռարձակվեն, և մենք էլ բացառություն չենք,— նշում է Բուլղարիայում Եհովայի վկաների խոսնակ Կրասիմիր Վելևը։— Քանի որ Բուլղարիայում հասարակությունը բացասական տեղեկություններ է լսել Եհովայի վկաների մասին, կարևոր է, որ նրանք իմանան ճշմարտությունը, և մենք ուրախ ենք, որ Հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել խնդիրը շտկելու համար»։

2015-ի հուլիսի 8-ին SKAT TV-ն կրկին հեռարձակեց 2011թ. ապրիլի 17-ին Վկաների վրա կատաղի հարձակման մասին տեսանյութը՝ շարունակելով Վկաների մասին կարծրատիպեր ստեղծել և ատելություն սերմանել նրանց նկատմամբ։

 

Իմացիր ավելին

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Հակիրճ ծանոթացեք մեր հիմնական հավատալիքներից 15-ին։