Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2013
ՈՂՋ ԱՇԽԱՐՀ

Հիշենք նրանց, ովքեր դեռ բանտում են

Հիշենք նրանց, ովքեր դեռ բանտում են

«Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը» մարդու հիմնարար իրավունքներից է, ասվում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածում։ * Որոշ երկրներում Եհովայի վկաները բանտարկվել և դաժան վերաբերմունքի են արժանացել այդ իրավունքից օգտվելու համար։ Բանտարկվածների մեծ մասը երիտասարդ տղաներ են, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվել են զինվորական ծառայությունից։ Ոմանք էլ բանտարկվել են պարզապես իրենց հավատը դավանելու համար։Այդ վերաբերմունքը չկոտրեց Եհովայի վկաների վճռականությունը՝ առանց փոխզիջումների դավանել իրենց հավատը։ Դրանք իրականում բիծ բերեցին իշխանությունների հեղինակությանը, որոնք ազատազրկման դատապարտելով Վկաներին՝ ցույց տվեցին, որ չեն հարգում մարդու իրավունքները։ Ստորև նշված են այդ վայրերը և այնտեղ ազատազրկման մեջ լինող Եհովայի վկաների թիվը։

ՎԱՅՐԸ

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

 Էրիթրեա

52

 Հարավային Կորեա

599

 Լեռնային Ղարաբաղ

1

 Սինգապուր

18

 Թուրքմենստան

9

Ընդհանուր՝

679

Ազատազրկվածների թիվը՝ ըստ 2013 թ. նոյեմբերի 12-ի տվյալների։

ԷՐԻԹՐԵԱ

 Վերջին տեղեկությունների համաձայն՝ 52 Եհովայի վկա՝ տղամարդ թե կին, ազատազրկված են դաժան պայմաններում։ Թեև նրանցից ոչ ոքի դեմ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել կամ ոչ ոքի գործով պաշտոնական դատավարություն չի եղել, բայց ոմանք ազատազրկվել են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, ոմանք կրոնական գործունեության, ոմանք էլ պարզապես անհայտ պատճառներով։ Նրանցից երեքը՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը բանտարկվել են զինծառայությունից հրաժարվելու համար և արդեն մոտ 20 տարի է ազատազրկման մեջ են՝ սկսած 1994-ի սեպտեմբերի 24-ից։ Միսգինա Գեբրեթինսաեն և Յոհանես Հայլին, ովքեր վաթսունն անց Եհովայի վկաներ էին, մահացան բանտում։ 1993-ից ի վեր, երբ Էրիթրեան անկախացավ, իշխանությունները շարունակ բանտարկում, խոշտանգումների են ենթարկում և սպառնում են Եհովայի վկաներին։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

 Ներկայումս 599 երիտասարդ Վկաներ 18 ամսով ազատազրկված են խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Կորեական պատերազմից ի վեր Հարավային Կորեան անդադար հետապնդել է երիտասարդ Վկաներին, բայց այլընտրանքային ոչ մի տարբերակ չի առաջարկել նրանց որպես խնդրի լուծում։ Այս ամբողջ ընթացքում Հարավային Կորեան բանտարկել է 17 549 Վկաների, որոնց ազատազրկման տարիների ընդհանուր թիվը կազմում է 34 100 տարի։ Հարավային Կորեան չի վարվել միջազգային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների համաձայն և ոտնահարել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հիմնարար իրավունքները։ Մանրամասն տեղեկությունների համար տես «Միջազգային հանրության դժգոհությունը Հարավային Կորեայի հանդեպ» հոդվածը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

 20-ամյա երիտասարդ Վկան բանտարկվել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն չեն տրամադրել։ 2011 թ. դեկտեմբերի 30-ին նա դատապարտվեց 30 ամիս ազատազրկման։ Իսկ 2013 թ. հունվարի 29-ին մերժվեց նրա՝ վաղաժամկետ ազատման դիմումը։ Խորացող առողջական խնդիրների պատճառով երիտասարդը դիմեց բանտի տնօրինությանը, որ ազատ արձակեն իրեն, սակայն նրան կրկին մերժեցին։

ՍԻՆԳԱՊՈՒՐ

 Սինգապուրում, որտեղ զինվորական ծառայությունը նույնպես պարտադիր է, իշխանությունները չեն ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները։ 18 երիտասարդներ, ովքեր Եհովայի վկաների հետ երկրպագում են Աստծուն և վճռել են դեմ չգնալ Աստվածաշնչով մարզված իրենց խղճին, արդեն 39 ամիս է գտնվում են զինված ուժերի պատժախցերում։ 2013-ի օգոստոսին մեկ տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել մի Վկա, ով հրաժարվել էր կատարել պահեստազորային զինվորական ծառայություն։

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

 Ներկայումս ինը Վկաներ գտնվում են Թուրքմենստանի բանտերում. ութը՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, իսկ մեկը՝ կեղծ մեղադրանքով։ Նրանք ազատազրկվել են 12–24 ամսով և հաճախ դաժան ծեծի են ենթարկվում բանտապահների և ոստիկանների կողմից։ Ազատ արձակվելուց հետո նրանց կրկին հետապնդում են և ավելի խիստ ռեժիմի բանտերում ազատազրկում՝ որպես «ռեցիդիվիստ» (կրկնահանցագործ)։

^ պարբ. 2 Տես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը։