Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆԻՍԻ 11, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Եհովայի վկաները կոչ են անում վերջ դնել անօրինական կալանքին Ադրբեջանում

Եհովայի վկաները կոչ են անում վերջ դնել անօրինական կալանքին Ադրբեջանում

Եհովայի վկաները դիմել են միջազգային իշխանություններին իրենց անունից հանդես գալու Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի անօրինական կալանքի դեմ։ Այդ կանայք կալանավորվել են 2015 թ. փետրվարի 17-ին, երբ Սաբաիլի շրջանային դատարանը որոշում կայացրեց նրանց նախնական կալանքի վերցնել երեք ամիս ժամկետով առանց թույլտվության կրոնական գրականություն տարածելու համար։ Վերջերս դատարանը նրանց կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։

Իրինա Զախարչենկո և Վալիդա Ջաբրայիլովա

Այդ օրինապահ կանանց վերաբերվում են որպես վտանգավոր հանցագործների

2014 թ. դեկտեմբերի 5-ին տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան Բաքվում բնակարանային համալիրի բնակիչներից մեկի հետ իրենց կրոնական համոզմունքների մասին խոսելիս ոստիկանությունը կանգնեցրել է նրանց։ Մի քանի ժամից ոստիկանությունը ազատ է արձակել նրանց, սակայն քննիչները բազմիցս կանչում էին հարցաքննության։ 2015 թ. փետրվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները անսպասելիորեն այդ կանանց բերման են ենթարկել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործով փակ դատական նիստի համար։ Դատարանը նախնական կալանքի որոշումը արդարացնելու համար սահմանեց, որ այդ կանայք «սպառնալիք են հասարակության համար»։ Դատական նիստից անմիջապես հետո ԱԱԾ-ն կալանավորեց նրանց (տես նկարը)։

Դրանից հետո ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկեցին նրանց տները՝ առգրավելով կրոնական գրականություն, անձնական նոթատետրեր, համակարգիչ և բջջային հեռախոս։ Դատարանը մերժել է այդ կանանց անունից ներկայացված ցանկացած բողոք և հրաժարվել է նախնական կալանքը փոխարինել տնային կալանքով։

Լուրջ անհանգստություն առողջության և բարօրության մասին

Փաստաբանները, ընտանիքը և ընկերները մտահոգված են այս երկու կանանց բարօրությամբ և առողջությամբ, ինչը վատթարանում է։ Տիկին Զախարչենկոն 55 տարեկան է։ Ըստ բժիշկների՝ նա հաշմանդամ է (80 տոկոս), քանի որ տառապում է սուր հոդաբորբից և նախկինում աջ ոտքին հասցված վնասվածքից։

Հատկապես մտահոգիչ է այս կանանց էմոցիոնալ առողջական վիճակը։ ԱԱԾ-ն թույլ է տալիս, որ միայն փաստաբանները այցելեն նրանց։ Հարազատները կարողանում են անհրաժեշտ պարագաներ, օրինակ՝ հագուստ, դեղորայք և օճառ փոխանցել միայն ամիսը մեկ անգամ։ Ընտանիքի անդամները նրանց մխիթարելու համար փորձել են Աստվածաշունչ տալ, սակայն ԱԱԾ-ն չի թույլատրել։

Արդյոք Ադրբեջանը կցուցաբերի՞ կրոնական հանդուրժողականություն

Որպես տիկին Զախարչենկոյի և տիկին Ջաբրայիլովայի գործի քննության մի մաս՝ ԱԱԾ-ն հարցաքննել է առնվազն 20 վկաների և խուզարկել տասը տուն։ Բացի այդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Կրոնական միությունների հարցերով պետական կոմիտեի աշխատակիցները խուզարկել են Թագավորության սրահը, որտեղ այդ կանայք հաճախել են։

Քանի որ Ադրբեջանի իշխանությունները այլընտրանք չեն թողել, Եհովայի վկաները դիմել են Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և մի շարք միջազգային կազմակերպությունների՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով տիկին Զախարչենկոյի և տիկին Ջաբրայիլովայի նկատմամբ Ադրբեջանի անարդար վերաբերմունքի և կալանքի վրա։ Ադրբեջանը միջազգային պարտավորություն է ստանձնել ճանաչելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և հպարտությամբ հայտարարում է, որ իր երկիրը դասվում է կրոնական հանդուրժողականություն դրսևորող երկրների շարքում։

Եհովայի վկաները ամենայն հարգանքով պահանջում են Ադրբեջանից, որպեսզի կատարի մարդու իրավունքների առնչությամբ ստանձնած իր պարտավորությունները և թույլ տա, որ Վկաները խաղաղ պայմաններում դավանեն իրենց հավատը։ Նրանք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել այդ անմեղ կանանց։