Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 23, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանում թափ է առնում կրոնական անհանդուրժողականությունը

Ադրբեջանում թափ է առնում կրոնական անհանդուրժողականությունը

Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունը ավելի է բորբոքվում, քանի որ իրավապահ մարմինները մեծ տուգանքներ են սահմանում Եհովայի վկաների նկատմամբ և ազատազրկում են նրանց։ Նրանք քրեորեն հետապնդում են Վկաներին երկրպագության համար հավաքվելու և իրենց համոզմունքների մասին ուրիշների հետ խոսելու համար։

Կրոնական գործունեության քրեականացումը

2014 թ. դեկտեմբերի 5-ին երկու Եհովայի վկաներ՝ 55-ամյա Իրինա Զախարչենկոն, ով այրի է և հաշմանդամություն ունի, և 38-ամյա Վալիդա Ջաբրայիլովան, ով իր մոր հիմնական խնամակալն է, իրենց հավատի մասին պատմում էին Բաքվի բնակարանային շենքերից մեկի բնակիչներին։ Այդ երկու կանայք անվճար առաջարկում էին «Սովորեցրեք ձեր երեխաներին» գրքույկը, որի նպատակն է օգնել ծնողներին, որ երեխաներին սովորեցնեն աստվածաշնչյան պատմությունները։ *

Քննիչը քրեական գործով մեղադրանք առաջադրեց նրանց նկատմամբ առանց «համապատասխան թույլտվության» աստվածաշնչյան գրականություն տարածելու համար։ Մասնավորապես կանանց դեմ առաջադրված մեղադրանքը որպես կազմակերպված խումբ կատարած հանցագործության համար էր, որի դեպքում խոշոր չափի տուգանք է սահմանվում՝ 7–9 հազար մանաթ (6 690–8 600 ԱՄՆ դոլար), * կամ պատժվում է 2–5 տարվա ազատազրկման։

Գործի քննության ընթացքում քննիչը և Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) բազմիցս հարցաքննության կանչեցին այդ կանանց։ 2015 թ. փետրվարի 17-ին, երբ հերթական անգամ այդ երկու կանայք արձագանքեցին ԱԱՆ-ի կանչին, պարզվեց, որ նրանք եկել են իրենց գործով դռնփակ դատական նիստին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանում։

Մեղադրանքը ներկայացնելուց հետո ԱԱՆ–ի քննիչը միջնորդեց նախնական կալանքի վերցնել կանանց, քանի որ կարծում էր, որ նրանք կարող են կրկին կատարել այդ գործողությունը և «խուսափել կամ թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմնից»։ Նրանց փաստաբանը առարկեց միջնորդությանը՝ պնդելով, որ կալանքը անհիմն է՝ հաշվի առնելով հանգամանքները և իշխանությունների հետ այդ կանանց համագործակցությունը։ Թեև դատարանը նշեց, որ կանայք նախկինում դատված չեն եղել, սակայն նրանց գործունեությունը բնութագրեց որպես «հանրության համար սպառնալիք» և բավարարեց քննիչի՝ երեք ամիս ժամկետով ոստիկանության գաղտնի ծառայությունների կողմից վերահսկվող բանտում կալանավորելու մասին միջնորդությունը։

Գործով փաստաբանը բողոքարկեց այդ որոշումը և 2015 թ. փետրվարի 26-ին ոստիկանությունը մգեցված ապակիներով մեքենայով այդ կանանց ձեռնաշղթաներով բանտից տեղափոխեց Բաքվի վերաքննիչ դատարան։ Դռնփակ նիստում ո՛չ դատախազը, ո՛չ էլ ԱԱՆ-ի քննիչը նախնական կալանքը հիմնավորող որևէ ապացույց չներկայացրին։ Այնուամենայնիվ դատարանը մերժեց բողոքները և տիկին Զախարչենկոյին ու Ջաբրայիլովային կրկին տեղափոխեցին բանտ։

2015 թ. մարտի 6-ին, ձեռք բերելով դատարանի կարգադրություն, ԱԱՆ-ի աշխատակիցների երկու խումբ խուզարկեցին Զախարչենկոյի ու Ջաբրայիլովայի տները և առգրավեցին կրոնական գրականություն, անձնական գրառումներ, համակարգիչ և բջջային հեռախոս։ Մարտի 10-ին ԱԱՆ-ն, կրոնական միավորումների հարցերով պետական կոմիտեն և ոստիկանությունը ստացան դատարանի թույլտվությունը՝ խուզարկելու Թագավորության սրահը (երկրպագության վայր) և ժողովի երեցներից մեկի տունը։ Նաև ԱԱՆ-ն Բաքու է կանչել մի քանի Վկաների այդ գործով հարցաքննություն անցկացնելու համար։

Արձագանքելով տիկին Զախարչենկոյի ու Ջաբրայիլովայի կալանավորմանը՝ Եհովայի վկաները պատրաստել են մի նամակ, որում խնդրում են կրոնի և համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի և կամայական կալանքի աշխատանքային խմբի միջամտությունը։ Տեղի փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան նախնական կալանքը տնային կալանքով փոխարինելու պահանջով։

Խոշոր չափի տուգանքներ և բանտարկություն կրոնական ծառայության մասնակցելու համար

Գյանջա քաղաքում իշխանությունները խոշոր չափի տուգանքներ են սահմանել նրանց վրա, ովքեր հաճախում են Եհովայի վկաների կրոնական հանդիպումներին, ոմանց էլ բանտարկել են։ Տուգանքի չափը սահմանված է 1 500–2 000 մանաթ (1 433–1 911 ԱՄՆ դոլար)։

2014-ի հոկտեմբերին Գյանջայի դատարանները սահմանված տուգանքը չվճարելու պատճառով բանտարկեցին երեք Վկաների և նրանց կրոնական ծառայություններին մասնակցող մի տղամարդու։ Ու չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակի վճարել էին, իշխանությունները 3–20 օրով բանտարկեցին նրանց։

Վկաների հանդիպումներին մասնակցող տղամարդն ասում է. «Ինձ համար 1500 մանաթը մեծ գումար է.... Ես չէի ուզում վճարել տուգանքը, քանի որ ոչ մի հանցանք չեմ գործել»։ Երկու Վկա տղամարդիկ նույնպես այն կարծիքին են, որ իրենց պատիժը անարդարացի է, և նշեցին, որ իշխանությունները իրենց հետ հանցագործների պես են վարվում։

Իսկ բանտարկված Վկա կինը ասում է. «Ոչ ոք հաշվի չառավ, որ իմ ընտանիքը խիստ ծանր ֆինանսական վիճակում է, որ ես խնամում եմ իմ հաշմանդամ մորը, ով ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել, և որ ես սկսել էի վճարել տուգանքը»։

Չորսն էլ արդեն դուրս են եկել բանտից, սակայն դատարանը դեռևս պահանջում է ամբողջությամբ վճարել իրենց տուգանքը։ Եթե նրանք ժամանակին չկատարեն դատարանի պահանջը, դատարանը կարող է կրկին ազատազրկել նրանց։

Արդյո՞ք Ադրբեջանը արդարություն կհաստատի

Ադրբեջանի պաշտոնյաները տարբեր մեթոդներ են օգտագործել արգելելու Եհովայի վկաների կրոնական գործունեությունը։ Ներկայումս Եհովայի վկաները 19 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ իրենց նկատմամբ ցուցաբերված անհանդուրժողականության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Վկաները հույս ունեն, որ Ադրբեջանի բարձր իշխանությունները կշտկեն տիկին Զախարչենկոյի ու Ջաբրայիլովայի նախնական կալանքի գործով անարդարությունը։ Լուծելով կրոնական անհանդուրժողականության հողի վրա այս և այլ խնդիրներ՝ Ադրբեջանը հարգանք կդրսևորի իր քաղաքացիների ու երկրի Սահմանադրության հանդեպ և ցույց կտա իր աջակցությունը մարդու հիմնարար իրավունքների իրականացմանը։

^ պարբ. 4 Ադրբեջանի Հանրապետությունում կրոնական միավորումների հարցերով պետական կոմիտեն 2014 թ. օգոստոսի 11-ին թույլ է տվել ներմուծել Եհովայի վկաների հրատարակած այս գրքույկը։

^ պարբ. 5 2014 թ. օգոստոսի տվյալներով Ադրբեջանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 440 մանաթ (420 ԱՄՆ դոլար)։