Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱԴՐԲԵՋԱՆ

Ազատազրկված՝ հավատի համար

Ազատազրկված՝ հավատի համար

Ադրբեջանը շարունակում է պատժել Եհովայի վկաներին իրենց կրոնը դավանելու համար։ Դատարանները նրանց դատապարտում են միասին հավաքվելու, ուրիշների հետ համոզմունքների մասին խոսելու և համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Վկաները հաճախ դատապարտվում են ազատազրկման, և նրանց նկատմամբ խոշոր չափի տուգանքներ են սահմանվում։

Երկու կանանց բանտարկում են իրենց համոզմունքների մասին ուրիշներին պատմելու համար

2015 թ. դեկտեմբերի 17-ին Բաքվի Պիրալլահիի շրջանային դատարանում սկսվեց երկու Եհովայի վկայի՝ Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի գործով դատաքննությունը։ Տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան նախնական կալանքի տակ են գտնվում 2015 թ. փետրվարի 17-ից՝ առանց «համապատասխան թույլտվության» կրոնական գրականություն տարածելու համար։

Տասը ամիս տևած նախնական կալանքի հետևանքով երկու կանայք ֆիզիկական և էմոցիոնալ ծանր վիճակում են։ Սակայն նախնական դատական նիստի ժամանակ դատավորը մերժեց նրանց կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները և կալանքը տնային կալանքով փոխարինելու խնդրանքը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2016 թ. հունվարի 7-ին։

Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները

2011 թ. մայիսին Եվրախորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) զեկույցում բազմիցս կոչ էր արվում Ադրբեջանի կառավարությանը հավաստիանալ, որ «գործող օրենսդրությունը.... ճանաչում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կրոնի ազատության իրավունքը»։ 2012-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց «Կրոնական համոզմունքների ազատության մասին» Ադրբեջանի օրենքը փոփոխելու վերաբերյալ մանրամասն հանձնարարականներ։ Այնտեղ նշվում էր. «Օրենքը պարունակում է որոշ սահմանափակող դրույթներ, որոնք հակասում են միջազգային չափանիշներին.... Պետք է վերաձևակերպվեն այն դրույթները, որոնք կարգավորում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են օրենքի կիրառման ոլորտը, կրոնի և խղճի ազատության իրավունքից օգտվողների շրջանակը, կրոնական համայնքների գրանցումը, ինքնորոշումը և լուծարումը, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը, դավանափոխության հարցը և կրոնական նյութերի տպագրումն ու տարածումը»։

Բացի այդ, Ադրբեջանը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ 1996 թ.-ին Ադրբեջանը դիմել էր Եվրախորհրդի անդամ դառնալու համար, որով պարտավորվել էր (1) անդամակցության առաջին երկու տարիների ընթացքում ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք, (2) ներում շնորհել խղճի կալանավորներին, (3) հնարավորություն ընձեռել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց անցել է ավելի քան 13 տարի, սակայն Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները։

2011 թ. մայիսի այդ նույն զեկույցում նշվում է. «ՌԱԵՀ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ընդունել եվրոպական չափանիշների համապատասխան այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք... [ՌԱԵՀ-ը] իր խիստ հանձնարարականում կրկնում է, որ իշխանությունները չպետք է հետապնդեն և ազատազրկեն զինվորական ծառայությունից հրաժարվողներին, այլ պետք է հնարավորություն տան նրանց հասարակության առջև իրենց պարտքը կատարել այնպիսի հանգամանքներում, որոնք ներդաշնակ են իրենց խղճին։

Արդյոք Ադրբեջանը կգործի՞ կրոնական հանդուրժողականության վերաբերյալ իր հանձնառությանը ներդաշնակ

2015 թ. հունիսի 25-ին ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն իր մտահոգությունն արտահայտեց «Ադրբեջանում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես Եհովայի վկաների նկատմամբ գործադրվող ճնշման սրացման վերաբերյալ։ Կոմիտեի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը նշել է. «Կառավարությունը հաճախ պնդում է, թե պաշտպանում է կրոնի ազատությունը, սակայն ճշմարտությունն այն է, որ շատ մարդիկ ազատազրկվում են իրենց հավատը դավանելու համար։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անմիջապես ազատ արձակել տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային»։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները իրենց մտահոգությունն են հայտնում Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի վիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պաշտոնապես պահանջել է տիկին Զախարչենկոյի կալանքը փոխարինել տնային կալանքով, սակայն դատարանն անտեսել է այդ պահանջը։ Այս երկու կանայք դիմում են Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով անմիջապես ազատ արձակել և անմեղ ճանաչել իրենց։ Նույն խնդրանքով դիմում են նաև նրանց ընտանիքներն ու ընկերները։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 17, 2015

    Բաքվի Պիրալլահիի շրջանային դատարանը մերժում է տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային ազատ արձակելու մասին բոլոր միջնորդությունները։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2016 թ. հունվարի 7-ին։

  2. Սեպտեմբերի 4, 2015

    Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգում է Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի նախնական կալանքի ժամկետը մինչև 2015 թ. դեկտեմբերի 17-ը՝ տասը ամիս պահելով նրանց անազատության մեջ։

  3. Մայիսի 7, 2015 և հուլիսի 4, 2015

    Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգում է Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի նախնական կալանքի ժամկետը։

  4. Փետրվարի 17, 2015

    Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը սահմանում է, որ Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան անմիջապես վերցվեն նախնական կալանքի երեք ամիս ժամկետով կրոնական գրականություն «ապօրինաբար» տարածելու համար։

  5. Մարտի 12, 2013

    Եհովայի վկա Կամրան Միրզաևը դատապարտվում է 9 ամսվա ազատազրկման համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Ավելի ուշ, մինչ նա կրում էր իր պատիժը, ընդհանուր համաներման արդյունքում նրան վաղաժամ ազատ արձակեցին բանտից։

  6. Սեպտեմբերի 25, 2012

    Եհովայի վկա Ֆախրադին Միրզաևը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

  7. Սեպտեմբերի 8, 2010

    Եհովայի վկա Ֆարիդ Մամադովը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեց 9 ամսվա ազատազրկման։

  8. Օգոստոսի 19, 2009

    Մուշֆիգ Մամեդովը կրկին ձերբակալվեց խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, վերցվեց նախնական կալանքի և երկրորդ անգամ դատապարտվելու համար տուգանվեց։

  9. Մարտի 7, 2008

    Մուշֆիգ Մամեդովի և Սամիր Հուսեինովի փաստաբանները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելով խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին Ադրբեջանի կողմից քրեորեն հետապնդելը։

  10. Հոկտեմբերի 4, 2007

    Եհովայի վկա Սամիր Հուսեինովը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկվում է 10 ամսով։

  11. 2006

    Եհովայի վկա Մուշֆիգ Մամեդովը նախնական կալանքի տակ է, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատարանը որոշում է 6 ամսով պայմանականորեն ազատ արձակել նրան։