Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը դատապարտում և ազատ է արձակում Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային

Ադրբեջանը դատապարտում և ազատ է արձակում Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային

Ուժասպառ ու տկար վիճակում, սակայն չհանձնվելու վճռականությամբ լի՝ Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան 2016 թ. հունվարի 28-ին կանգնեցին Բաքվի՝ Պիրալլահիի մարզային դատարանի առաջ։ Ճաղավանդակում փակված, ինչպես անուղղելի հանցագործներ, նրանք լսում էին, թե ինչպես է դատավոր Ակրամ Գահրամանովը հրապարակում իրենց վերաբերյալ դատավճիռը։ Նա նրանց մեղավոր ճանաչեց առանց պետության թույլտվության կրոնական գրականություն տարածելու մեջ և յուրաքանչյուրին տուգանեց 7 000 մանաթով (4 361 ամերիկյան դոլար)։ Քանի որ այդ կանայք բանտում արդեն անցկացրել էին 11 ամիս, դատավորը չեղյալ համարեց տուգանքը և ազատ արձակեց նրանց։

Անհիմն կալանավորում

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) հաստատեց, որ երկու Եհովայի վկա՝ տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան, հանցագործություն են կատարել՝ Բաքվում Աստվածաշնչի վրա հիմնված գրքույկ են առաջարկել մի մարդու։ Տասը շաբաթ շարունակ ԱԱՆ-ն ուսումնասիրում էր այդ «հանցագործությունը» և այդ կանանց ենթարկում բազմաթիվ ագրեսիվ հարցաքննությունների։ 2015 թ. փետրվարի 17-ին այդ կանայք հերթական անգամ արձագանքեցին ԱԱՆ-ի կանչին և ապշեցին, երբ իմացան, որ, իրականում, իրենց հրավիրել են դատական նիստի, * և որ որոշում է կայացվել իրենց նախնական կալանքի վերցնել։

Հենց սկզբից իշխանությունները այդ կանանց վերաբերվում էին որպես հանցագործների, որոնք «վտանգ են ներկայացնում հասարակության համար»։ Պաշտպանական կողմի ներկայացուցիչներից մեկը նշեց. «Ես զարմացել էի, երբ լսեցի, թե ինչպես է քննիչը այդ երկու կանանց գործողությունները ներկայացնում չափազանցված արտահայտություններով։ Նա պնդում էր, որ նրանք նախապես ծրագրել էին հանցագործությունը և դիտավորյալ խախտել օրենքը։ Իրականում, Վալիդան վերադարձել էր, որ խոսի այն կնոջ հետ, որը նախկինում հաճույքով զրուցել էր աստվածաշնչյան թեմաներով և կրոնական գրականություն էր խնդրել։ Այդ կինը Վալիդային և Իրինային հրավիրել էր իր տուն՝ թեյելու, և կրոնական գրքույկ էր վերցրել»։

Կոպիտ վերաբերմունք, որը նաև այլ նպատակ էր հետապնդում

Ճաղավանդակ՝ դատարանում

ԱԱՆ-ն տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային նրանց 11-ամսյա կալանքի ընթացքում մեկուսացած վիճակում է պահել՝ թույլ չտալով, որ նրանց այցելեն, որ նրանք հեռախոսազանգեր կատարեն, նամակ գրեն կամ ստանան և Աստվածաշունչ ունենան։ ԱԱՆ-ի աշխատակիցները անընդհատ նրանց հոգեբանական ճնշումների են ենթարկել։ Այդ կանայք հյուծվել են, անքնությամբ են տառապել և ֆիզիկապես թույլ են եղել։ Դատարանը մերժել է բոլոր բողոքներն ու նրանց կալանավորումը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունները։

ԱԱՆ-ն ավելի ծանրացրեց նրանց վիճակը՝ 2015 թ. մայիս, հունիս ու սեպտեմբեր ամիսներին դատարանից պահանջելով երկարացնել նրանց կալանավորման ժամկետը։ Երբ, ի վերջո, դեկտեմբերին նշանակվեց դատաքննություն, դատավոր Գահրամանովը երեք անգամ հետաձգեց դատական նիստերը։ Ընդհանուր առմամբ՝ Իրինան ու Վալիդան բանտում անցկացրին գրեթե մեկ տարի, նախքան դատարանը 2016 թ. հունվարի 28-ին կկայացներ վերջնական դատական ակտը։

Դատական նիստերը ցույց էին տվեցին, որ ԱԱՆ-ն ավելի լայն միջոցառումներ է ձեռնարկել Եհովայի վկաների դեմ։ ԱԱՆ-ն դիմել էր դատարան այդ կանանց ձերբակալելու պահանջով, որպեսզի կարողանար հայտնաբերել այլ Վկաների, ովքեր մասնակցել էին այդ «հանցագործությանը»։ Մինչ տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան բանտում էին, իշխանությունները ճնշումների էին ենթարկում Բաքվի Եհովայի վկաներին՝ բազմիցս հարցաքննելով նրանց, ներխուժելով տասնյակ տներ, ինչպես նաև մի տուն, որտեղ նրանք հանդիպումներ էին անցկացնում։

Միջազգային հանրության կողմից արված կոչեր

Եհովայի վկաները դիմեցին մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների՝ օգնելու համար տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային։ Նրանք դիմումներ ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի որոշ մարմիններ։ Ողջ աշխարհում բնակվող Վկաները հազարավոր նամակներ ուղարկեցին Ադրբեջանի իշխանություններին։ Եհովայի վկաների ներկայացուցիչները իրենց երկրում այցելեցին պաշտոնյաների և նամակներ ուղարկեցին Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով մարդասիրական միջամտություն։

2015 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այդ կանանց հանդեպ իր վերաբերմունքով խախտել է նրանց իրավունքները և կրոնական խտրականություն է դրսևորել։ Այն կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային, ինչպես նաև փոխհատուցում տալ նրանց կամայական կալանավորման համար։ Հաջորդ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը դիմեց կառավարությանը, որպեսզի վերջինս տիկին Զախարչենկոյի կալանքը փոխարինի տնային կալանքով նրա վատթարացող առողջության պատճառով։

Անհիմն դատավճիռ

Դատաքննության ժամանակ դատավոր Գահրամանովը առաջին անգամ «տուժողից» լսեց, որ տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան նրան մի գրքույկ են տվել։ Սակայն դատական նիստի ընթացքում «տուժողը» շփոթեցնող և հակասական ցուցմունք էր տալիս, ինչը հակասում էր նախկինում տված իր բացատրությանը։ Նա չէր կարողանում բացատրել, թե ինչ վնաս է կրել որպես «տուժող»։ Այնուհետև դատավորը տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային հնարավորություն տվեց հարցեր ուղղելու նրան։ Հարցերի միջոցով նրանք նրբանկատորեն ցույց տվեցին, որ այդ կնոջ ցուցմունքը հակասական է, իսկ տված բացատրությունը՝ ոչ ճշգրիտ։ Այդ երկու կանայք ասացին «տուժողին», որ ներել են նրան։

Դատավորը լսեց նաև երկու «վկաների», որոնք ականատես էին եղել առանց պետության թույլտվության կրոնական գրականություն տարածելու «հանցագործությանը»։ Այս վկաները ստորագրել էին բացատրություններ, որոնցով տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան մեղադրվում էին հանցագործության մեջ, սակայն նրանք ընդունեցին, որ նույնիսկ չէին կարդացել այդ բացատրությունները։ Հարցաքննության ժամանակ նրանք ընդունեցին նաև, որ չէին ճանաչում Իրինային ու Վալիդային, և որ այդ կանայք իրենց որևէ կրոնական գրականություն չեն առաջարկել։ Երրորդ վկայի տված բացատրությունը, որը ընթերցվեց դատական նիստի ժամանակ, նույնպես հակասական էր և ոչ ճշգրիտ։

Չնայած տիկին Զախարչենկոյի և տիկին Ջաբրայիլովայի օգտին ներկայացված ապացույցներին՝ դատավոր Գահրամանովը մեղավոր ճանաչեց նրանց։ Դատաքննությունից հետո պաշտպանական կողմի փաստաբանը նշեց. «Իմ կարծիքով՝ անհեթեթ դատավճիռ կայացվեց։ Կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը ընդունել էր, որ այդ կանանց նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսևորվել, և կոչ էր արել ազատ արձակել նրանց ու փոխհատուցում տրամադրել։ Իսկ այժմ՝ ընդամենը մի քանի շաբաթ անց, դատավորը նրանց մեղավոր է ճանաչում»։ Այդ երկու կանայք մտածում են անարդար դատավճիռը բողոքարկելու իրենց իրավունքից օգտվելու մասին։

Ադրբեջանում Վկաների նկատմամբ հետապնդումը վերջ կգտնի՞

Եհովայի վկաների միջազգային համայնքը ուրախ է, որ Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան ազատության մեջ են։ Նրանց մասին հոգ են տանում ընտանիքի անդամները, և նրանք անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում։ Վկաները ցնցված են, որ Ադրբեջանը թույլ է տալիս, որ այդ օրինապահ և անմեղ կանանց նկատմամբ նման անարդարացի ու վիրավորական վերաբերմունք դրսևորվի և այդ ամենն արդարացվի մեղադրական դատավճռով։

Շատերն են կիսում Վկաների մտահոգությունն այն մասին, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է կրոնական ազատության իրավունքը։ Միջազգային հանրությունը ակնդետ հետևում է, որ կառավարությունը փոխի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքը։ Եհովայի վկաները շարունակում են հնարավորություններ փնտրել՝ քննարկելու Ադրբեջանում երկրպագության ազատությանն առնչվող հարցերը և հասնելու փոխըմբռնման։

^ պարբ. 4 2015 թ. նոյեմբերի 15-ի մեղադրական եզրակացության մեջ ԱԱՆ-ի քննիչը մեղադրում էր այդ կանանց Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 167-2.2.1 հոդվածը խախտելու մեջ, որով արգելվում է խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության կրոնական գրականության տարածումը։