Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Ռաշադ Նիֆթալիևին տուգանեցին և կալանավորեցին կրոնական հանդիպումներին մասնակցելու համար

Ռաշադ Նիֆթալիևին տուգանեցին և կալանավորեցին կրոնական հանդիպումներին մասնակցելու համար

Վերջին 14 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ է, որ Ռաշադ Նիֆթալիևը, որը Եհովայի վկաների կրոնական ծառայող է, կալանավորվում է կրոնական հանդիպումներին մասնակցելու համար սահմանված տուգանքները ամբողջությամբ չվճարելու պատճառով։ 2015 թ. նոյեմբերի 19-ին Ադրբեջանում Գյանջայի դատարանը պրն. Նիֆթալիևին դատապարտեց 25 օրվա կալանքի, քանի որ նա «կրոնական հանդիպումներ կազմակերպելու և անցկացնելու» համար սահմանված տուգանքների համար չնչին վճարումներ է կատարել։

Այժմ պրն. Նիֆթալիևի տուգանքը ընդհանուր առմամբ կազմում է 9 450 մանաթ (11 375 ԱՄՆ դոլար)։ Թեև նա կարծում է, որ իր վրա դրված տուգանքները անհիմն են, սակայն իր հնարավորությունների սահմաններում կատարել է փոքր չափի վճարումներ։

Պատիժ է կրում կրոնական հանդիպումներին հաճախելու համար

Ռաշադ Նիֆթալիևի հերթական կալանքի համար առիթ հանդիսացավ 2015 թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցածը, երբ ոստիկանությունը ընդհատեց Գյանջայում՝ Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաքում, անցկացվող կրոնական հանդիպումը։ Դադարեցնելով հանդիպումը՝ ոստիկանները 27 անհատների տարան Գյանջայի Կյապազ շրջանի ոստիկանություն։ Նրանցից 12-ին, այդ թվում Ռաշադ Նիֆթալիևին մեղադրանք առաջադրվեց կրոնական հանդիպումներին մասնակցելու վերաբերյալ օրենքները խախտելու համար։ * Նոյեմբերի 18–25-ը անցկացված դռնփակ դատական նիստում Գյանջայի Կյապազ շրջանային դատարանը տուգանեց 9 անձանց՝ յուրաքանչյուրին 2 000 մանաթի (1 911 ԱՄՆ դոլար) չափով՝ «առանց թույլտվության կրոնական հանդիպում անցկացնելու համար»։

Նոյեմբերի 19-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բերման ենթարկեց պրն. Նիֆթալիևին և հարցաքննեց այն մասին, թե ինչու է նա վերջին հինգ տարիների ընթացքում նույն մեղադրանքով իր նկատմամբ սահմանված հինգ տուգանքների համար չնչին վճարումներ կատարում։ Պրն. Նիֆթալիևը բացատրեց, որ հնարավորության սահմաններում վճարումներ կատարում է, սակայն իր միջոցները սահմանափակ են, քանի որ ունի քիչ եկամուտ և պետք է հոգ տանի իր հիվանդ մորը։ Չնայած այս ամենին՝ գործն ուղարկվեց դատարան։ Դատական նիստից հետո Գյանջայի Կյապազ շրջանային դատարանը անմիջապես կալանավորեց պրն. Նիֆթալիևին։ Դատարանը նաև տուգանեց նրան նոյեմբերի 14-ին կրոնական հանդիպման մասնակցելու համար։ Դրա պատճառով մեծացավ վերջինիս պարտքը, և Աստծուն հավատալու համար պատժի անարդարացի լինելը ավելի ընդգծվեց։

Միջամտում են կրոնական հանդիպումների իրականացմանը

2010 թ.-ից սկսած՝ նոյեմբերի 14-ի հանդիպման ընդհատումը ոստիկանության կողմից թվով ութերորդն է եղել Գյանջայում։ * Ոստիկանները միշտ գործում են նույն ձեռագրով. Վկաները փոքր խմբերով խաղաղ հանդիպումներ են անցկացնում մասնավոր տներում։ Ոստիկանները ներխուժում են այդ տները՝ առանց խուզարկման թույլտվության կամ դատարանի որոշման, և ինչպես հարկն է չեն ներկայանում, ոչ էլ նշում են ներխուժման պատճառը։ Նրանք ընդհատում են հանդիպումը, առգրավում են ներկաների Աստվածաշնչերը և կրոնական գրականությունը, տեսագրում են տեղի ունեցածը, վիրավորում ու սպառնում նրանց։

Այնուհետև ոստիկանները բոլոր ներկաներին, այդ թվում երեխաներին ու ծերերին տանում են բաժանմունք։ Նույն օրը՝ ավելի ուշ, դատական նիստ է անցկացվում՝ չնայած դատարանը կարող է այդ անհատներին հնարավորություն տալ, որ կապ հաստատեն իրենց փաստաբանների հետ և ժամանակ ունենան պատրաստվելու դատական նիստին։ Որոշ դեպքերում տեղի ԶԼՄ-ները հայտնում են կալանավորման դեպքերի մասին և նույնիսկ հեռուստատեսությամբ ցույց են տալիս ոստիկանության բաժանմունքում հավաքված Վկաներին։

Գրանցում պահանջում են, բայց միշտ մերժում

Քանի որ Գյանջայում Վկաները չեն կարողացել պետականորեն գրանցվել, իշխանությունները նրանց ասում են, որ իրենց կրոնական հանդիպումները անօրինական են։ Գյանջայի Կյապազ շրջանային դատարանը օգտագործեց այդ պատճառաբանությունը, երբ տուգանեց նոյեմբերի 14-ի հանդիպման մասնակիցներին՝ սահմանելով, որ «Եհովայի վկաների համայնքը համապատասխան իշխանություններից պաշտոնական թույլտվություն չունի Գյանջայում գործունեություն ծավալելու համար»։ *

Հակառակ այդ վճռին՝ Ադրբեջանում չկա որևէ օրենք, որով պահանջվում է նախապես իշխանություններից թույլտվություն ստանալ կրոնական հանդիպում անցկացնելու համար։ «Կրոնական համոզմունքների ազատության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է. «Կրոնական ժամերգություններ.... ծեսեր ու արարողություններ առանց խոչընդոտի իրականացվում են աղոթատներում.... քաղաքացիների տներում և բնակարաններում»։

Եհովայի վկաները մայրաքաղաք Բաքվում ունեն պետական գրանցում և 2010 թ.-ից ի վեր բազմիցս դիմել են Գյանջայում գրանցում ստանալու համար։ Սակայն Կրոնական միությունների հարցերով պետական կոմիտեն ամեն անգամ մերժել է նրանց դիմումը «տեխնիկական սխալների» պատճառով կամ ընդհանրապես չի պատասխանել դիմումներին։ Վերջին անգամ Վկաները դիմում են ներկայացրել 2015 թ. նոյեմբերի 10-ին, սակայն դրա վերաբերյալ որևէ պատասխան դեռևս չկա։

Կրոնական ազատության սահմանափակումները վերացնելու փորձեր

Պետական գրանցում ստանալու և իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով Եհովայի վկաները շարունակ փորձում են հանդիպել Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Սակայն շարունակվող անարդարության պատճառով Ադրբեջանի Վկաները 21 գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն դեպքերի վերաբերյալ, երբ իշխանությունները միջամտել են կրոնի ազատության իրավունքի և իրենց համոզմունքները արտահայտելու ազատության իրականացմանը։

Եհովայի վկաները դիմում են Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի վերջինս հնարավորություն տա իրենց օգտվելու բոլոր քաղաքացիներին ներպետական օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից, այդ թվում կրոնական ազատությունից և որպեսզի դադարեցնի անկեղծ հավատացյալներին հետապնդելը, որոնցից մեկը Ռաշադ Նիֆթալիևն է։

^ պարբ. 5 Նրանց մասնավորապես մեղադրում էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի Հոդված 299.0.2-ը խախտելու մեջ, որով արգելվում է «կազմակերպել և անցկացնել կրոնական հանդիպումներ, հրապարակային ծեսեր և այլ կրոնական արարողություններ»՝ առանց տեղի իշխանությունների թույլտվության։

^ պարբ. 8 Ներխուժման դեպքեր են եղել նաև Լենքորանում, Լոկբաթանում, Մինգեչաուրում, Շամքորում և Զաքաթալայում։

^ պարբ. 11 Պաշտոնյաները հղում են կատարում «Կրոնական համոզմունքների ազատության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, որում նշվում է. «Ցանկացած կրոնական միավորում կարող է գործել միայն համապատասխան գործադիր իշխանության կողմից կրոնական միավորումների պետական ռեգիստրում գրանցվելուց հետո»։ Սակայն այս հոդվածը վերաբերում է կրոնական այն միավորումներին, որոնք հանդիսանում են իրավաբանական անձ։ Դրանով չի արգելվում երկրպագության նպատակով մի խումբ մարդկանց հավաքվելը։ Տես նաև «Միավորվելու ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածը, որը կարգավորումների շարքում բացառում է «կրոնական արարողությունները»։