Անցնել բովանդակությանը

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան Բաքվում

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2017
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանում դատարանը պարտավորեցնում է փոխհատուցում վճարել Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային

2017թ. օգոստոսի 4-ին Բաքվի մարզային դատարաններից մեկը փոխհատուցում սահմանեց երկու Եհովայի վկայի՝ Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի 11 ամիս անհիմն ազատազրկմամբ պատճառված վնասի դիմաց։ Թեև նյութական փոխհատուցումը չնչին գումար է կազմում՝ համեմատած նրանց հասցված վատ վերաբերմունքի հետ, սակայն վճռով ճանաչվում է այն հանգամանքը, որ պետական իշխանությունները նրանց դատապարտել են առանց դրա համար հիմքեր ունենալու, նրանց պատճառել են զգացական և ֆիզիկական ցավ և արատավորել են նրանց բարի համբավը։

Գերագույն դատարանի կողմից արդարացման որոշումը հիմք է հանդիսանում փոխհատուցման պահանջով դիմելու

2017թ. փետրվարի 8-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը արդարացրեց տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային, որոնց մեղադրանք էր առաջադրվել առանց պետության թույլտվության կրոնական գրականություն տարածելու համար։ Դատարանը սահմանեց, որ խնդրո առարկա գրքույկը՝ «Սովորեցրեք ձեր երեխաներին», հավանություն է ստացել ներմուծման համար և վտանգավոր չէ հասարակության համար։ Բացի այդ, դատարանը սահմանեց, որ այդ կանայք այլոց հետ իրենց հավատալիքների մասին խոսելու հիմնարար իրավունք ունեին։ Գերագույն դատարանը իր որոշումը հիմնեց այն իրավունքների վրա, որոնք երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ և Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային դաշնագրերով։

Գերագույն դատարանը փոխհատուցման հարցը թողեց քաղաքացիական գործերով դատարանի քննությանը։ Դրանից հետո տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան բողոք ներկայացրին Բաքու քաղաքի Նասիմի մարզային դատարան ընդդեմ ֆինանսների նախարարության՝ Պետական անվտանգության ծառայության (և իր իրավանախորդ ազգային անվտանգության նախարարության) կողմից իրենց նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի պատճառած վնասները փոխհատուցելու պահանջով։ Երկու կանայք էլ ներկա էին դատական նիստին, թեև տիկին Զախարչենկոն վատառողջ էր։ Դատավոր Շահին Աբդուլաևը թույլ տվեց նրանց հակիրճ պատմել իրենց այդքան շատ տառապանք պատճառած դեպքերը։

Մարզային դատարանը ընդունում է, որ վատ վերաբերմունք է դրսևորվել

Մարզային դատարանի վճռով ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ադրբեջանը պարտավորվել է հարգել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները, և մասամբ բավարարեց Վկաների պահանջները։ Տիկին Զախարչենկոյին, ում առողջական վիճակը վատթարացավ այդ դեպքերի պատճառով, շնորհվեց 9744 մանաթ (5737 ԱՄՆ դոլար), իսկ տիկին Ջաբրայիլովային, ով ավելի երիտասարդ է՝ 8200 մանաթ (4828 ԱՄՆ դոլար)։ Վճռում նշվում էր. «Դատարանը ընդունում է, որ հայցվորների ապօրինի կալանավորումը և անհիմն քրեական հետապնդումը պատճառել է բարոյական վնասներ»։

Ֆինանսների նախարարությունը բողոքարկեց այս երկու Վկա կանանց պատճառած վնասների հատուցման մասին վճիռը։ 2017թ. նոյեմբերի 20-ին Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց նախարարության բողոքը և մարզային դատարանի վճիռը թողեց անփոփոխ։

Դատական որոշումները դրական ազդեցություն կունենա՞ն

Ադրբեջանում Եհովայի վկաները շարունակում են դավանել իրենց կրոնը՝ չնայած կրոնի ազատության իրենց հիմնարար իրավունքի լուրջ ոտնահարմանը և անձնական անվտանգության սպառնալիքին։ Նրանք դեռ ենթարկվում են հալածանքի, տուգանքի և վատ վերաբերմունքի, երբ հավաքվում են Աստծուն պաշտելու և երբ խաղաղ կրոնական գործունեությամբ են զբաղվում։ Կառավարությունը դեռ չի ստեղծել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն նրանց համար, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։ Իշխանությունները մերժում են Բաքվից դուրս պետական գրանցում տրամադրել Վկաներին։ Ներկայումս կառավարության կողմից Ադրբեջանում Եհովայի վկաների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ 18 գանգատ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և 11 գանգատ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում։

Ողջ աշխարհում Եհովայի վկաները հույս ունեն, որ վերջերս կայացված դատական որոշումները կմղեն պաշտոնյաներին հարգելու Ադրբեջանում իրենց հավատակիցների իրավունքները։